Հոդված 1 . «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի /4 հունիսի 2002թ, ՀՕ-334, այսուհետ՝ Օրենք/ 22 հոդվածում`
ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ի» կետով.
«ի) ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, սույն օրենքով սահմանված կարգով ապահովում է շենքի փակ բնակարաններ լիազորված անձանց մուտքը եւ այդ բնակարաններում առկա գույքի պահպանությունը»,
բ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«4. Տեղական ինքնակառավարման մարմինը, որպես շենքի կառավարման մարմին, իրավունք ունի իրականացնել միայն սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«է», «ժա»-«ժէ» եւ «ի» ենթակետերով նախատեսված լիազորությունները»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 221 հոդվածով.
«Հոդված 221 . Բազմաբնակարան շենքի փակ բնակարաններ մուտք գործելը
1. Ծայրահեղ անհրաժեշտության՝ ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, գազամատակարարման, շենքի ընդհանուր այլ ցանցերի վթարների եւ օրենքով սահմանված այլ դեպքերում լիազորված անձինք կարող են մուտք գործել բազմաբնակարան շենքի ժամանակավորապես կամ անորոշ ժամկետով փակ բնակարաններ, եթե վթարների անհապաղ չվերացումը կարող է վնաս պատճառել այլ անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շենքի ընդհանուր բաժնային սեփականությանը, իսկ վթարների կանխումը, վերացումը եւ /կամ/ օրենքով չարգելված այլ գործողությունների կատարումն անհնար է իրականացնել առանց փակ բնակարանը մուտք գործելու:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում շենքի փակ բնակարաններ մուտք գործելու իրավունք ունեն /լիազորված անձինք են/ ոստիկանության աշխատակիցը /աշխատակիցները/, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի, համապատասխան համայնքի ղեկավարի, վթարները վերացնող եւ շենքի ընդհանուր ցանցերը սպասարկող /այդ ցանցերով ծառայություններ մատուցող/ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ ֆիզիկական անձինք:
Սույն մասում նշված անձինք փակ բնակարան կարող են մուտք գործել միայն ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ:
Փակ բնակարաններ մուտք գործելու եւ համապատասխան աշխատանքներ /գործողություններ/ իրականացնելու ընթացքում կարող են ներկա գտնվել նաեւ փակ բնակարանի սեփականատիրոջ /վարձակալի/ երկու հարեւաններ կամ այլ ընթերականեր, որոնց ներկա գտնվելու անհրաժեշտությունը որոշում է (են) ոստիկանության աշխատակիցը (աշխատակիցները):
Փակ բնակարան մուտք գործելուց հետո բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի եւ /կամ/ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի պահանջով կարող է կատարվել փակ բնակարանի այն հատվածի գույքի լրիվ կամ մասնակի գույքագրում, որը կապված է վթարի վերացման հետ: ույքագրման արդյունքում կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրում են փակ բնակարանը մուտք գործած բոլոր անձինք:
Արգելվում է մուտք գործել բնակարանի այլ հատվածներ, օգտվել բնակարանում գտնվող գույքից, կապի միջոցներից եւ էլեկտրաէներգիայի սնուցման կետերից, եթե դա պայմանավորված չէ վթարի վերացման անհրաժեշտությամբ:
3. Վթարների վերացումից եւ /կամ/ անհրաժեշտ գործողությունների իրականացումից հետո բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի ներկայացուցիչն ապահովում է փակ բնակարանի մուտքի դռան, վթարների վերացման եւ փակ բնակարանը մուտք գործելու նպատակով բնակարանի վնասված մասերի վերանորոգումը՝ կատարված ծախսերը բնակարանի սեփականատիրոջ /վարձակալի/ կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցելու պայմանով: Վերանորոգումից հետո բնակարանի բանալիներն ի պահ են տրվում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին՝ ոստիկանության եւ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կնիքներով կնքված փակ ծրարով, որն առաջին իսկ հնարավորության դեպքում հանձնվում է փակ բնակարանի սեփականատիրոջը /վարձակալին/:
Փակ բնակարանի մուտքի դռան, վթարների վերացման եւ փակ բնակարան մուտք գործելու նպատակով բնակարանի վնասված մասերի վերանորոգման հետ կապված ծախսերը այդ բնակարանի սեփականատիրոջ /վարձակալի/ կողմից փոխհատուցվում են լիազորված անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված համապատասխան արձանագրությամբ նախատեսված չափերով: Փոխհատուցման չափը կարող է բողոքարկվել դատական կարգով:
4. Բազմաբնակարան շենքի փակ բնակարաններում վթարների կանխարգելման կամ վերացման, ինչպես նաեւ փակ բնակարան մուտք գործելու հետեւանքով երրորդ անձանց պատճառված վնասները ենթակա են փոխհատուցման օրենքով սահմանված կարգով:
5. Փակ բնակարաններ մուտք գործող անձինք բնակարան մուտք գործելիս եւ համապատասխան աշխատանքներ /գործողություններ/ կատարելիս պարտավոր են պաշտպանել փակ բնակարանի սեփականատիրոջ /վարձակալի/ օրինաչափ շահերը եւ բնակարանում գտնվող գույքի հետ վարվել անհրաժեշտ հոգատարությամբ ու շրջահայացությամբ:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: