Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-204-21.03.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27- րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքի ավագանու կողմից ընդունված համայնքի զարգացման հնգամյա ծրագրի, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորումը.:»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1-րդ հոդվածով՝

«Հոդված 27.1 Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը եւ բովանդակությունը.

1. Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝

1.1 համայնքի եկամուտների քաղաքականությունը շարադրող մաս.

1.2 համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:

2. Եկամուտների քաղաքականությունը շարադրող մասը պետք է պարունակի տեղեկություններ՝

2.1 առաջիկա երեք տարիների համար համայնքի եկամուտների մասին բովանդակային եւ հաշվարկային հիմնավորումներ.

2.2 եկամուտների ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի եւ նախորդ տարվա համայնքի բյուջեով եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ՝ նախորդ երեք տարվա համայնքային բյուջեով եկամուտների քաղաքականության նպատակների եւ/կամ ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրություն.

2.3 համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա եւ դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով բոլոր տեսակի եկամուտների ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ.

2.4 համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, սոցիալ-տնտեսական եւ այլ ենթադրությունների վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները, դրանց կարեւորության հիմնավորմամբ, հիմնական ռիսկերի վերաբերյալ:

3. Ծախսային քաղաքականությունը պարունակում է հետեւյալ տեղեկությունները՝

3.1 այն արդյունքները որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով.

3.2 ծախսային գործոնները, այդ թվում՝ ակնկալվող տնտեսական եւ սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն տվյալ համայնքում իրականացվելիք ծախսերի վրա.

3.3 համայնքի գերակայությունները կանխատեսվող ժամանակաշրջանում՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա կտրվածքով ծախսերի ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ.

3.4 տվյալ համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը եւ աղբյուրները:»:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է հիմքում դնելով համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:»:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1- 1.6-րդ մասեր՝

«1.1 Համայնքի բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից՝

ա. առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում.

բ. առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակում:

1.2 Առաջիկա երեք տարվա՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ծառայում է հիմք՝ համայնքի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:

1.3 Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով, մեթոդական ցուցումներով եւ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետներում:

1.4 Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները:

1.5 Համայնքային կազմակերպությունները կազմում եւ համայնքի ղեկավարին են ներկայացնում իրենց միջնաժամկետ ծախսերի ծրագրերը՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետում:

1.6 Համայնքի ղեկավարն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը ամփոփում, կազմում եւ մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Հաստատումից հետո եռօրյա ժամկետում այն հրապարակվում է համայնքի պաշտոնական համացանցային կայքէջում եւ ներկայացվում է համապատասխան մարզպետին:

3) հոդվածի 7-րդ մասի բ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«համայնքի ղեկավարի զեկույցը բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղությունների ինչպես նաեւ համայնքի բյուջեի հիմքում դրված համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի տեղեկատվության մասին,»:

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածում ավելացնել նոր 7-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«7. Պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող 2023-2025թթ. համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները մինչեւ օգոստոսի 10-ը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: