Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) համայնքի ղեկավարի ներկայացմամբ համայնքի ավագանու ընդունած՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագրի, համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա համայնքային նշանակության հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորումը.»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով.
«Հոդված 27.1. Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրի կառուցվածքը եւ բովանդակությունը
1. Համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բաղկացած է երկու մասից՝
1) համայնքի եկամուտները շարադրող մաս.
2) համայնքի ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:
2. Եկամուտները շարադրող մասը պարունակում է տեղեկություններ՝
1) համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի երեք տարվա (առաջիկա բյուջետային տարվա եւ դրան հաջորդող երկու տարիների) կտրվածքով եկամուտների կանխատեսումների եւ դրանց ռիսկերի վերաբերյալ.
2) եկամուտների ստացման (հավաքման) ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի եւ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրով համայնքների եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ՝ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրում տեղ գտած եկամուտների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրությամբ.
3) համայնքի հնգամյա զարգացման ծրագրի եւ այլ տնտեսական ծրագրերի վերաբերյալ, որոնց հիման վրա պատրաստվել են կանխատեսումները՝ դրանց կարեւորության հիմնավորմամբ:
3. Ծախսային քաղաքականությունը պարունակում է հետեւյալ տեղեկությունները.
1) այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով.
2) ծախսային գործոնները, այդ թվում՝ ակնկալվող տնտեսական եւ սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն տվյալ համայնքում իրականացվելիք ծախսերի վրա.
3) համայնքի գերակայություններն ու առաջնահերթությունները կանխատեսվող ժամանակահատվածում, այդ թվում՝ առաջիկա տարվա համայնքների բյուջեների նախագծով նախատեսված.
4) տվյալ համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը եւ աղբյուրները:»:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Համայնքի բյուջեի նախագիծը կազմվում է՝ հիմք ընդունելով համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.8-րդ մասերով.
«1.1. Համայնքի բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից՝
1) առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում.
2) առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակում:
1.2. Առաջիկա երեք տարվա՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք է ծառայում համայնքի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:
1.3. Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով, մեթոդական ցուցումներով եւ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետներում:
1.4. Առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են համայնքների կողմից մշակվող միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները եւ այդ նախագծերը ներկայացնելու կարգը:
1.5. Բյուջետային հիմնարկները կազմում եւ համայնքի ղեկավարին են ներկայացնում իրենց միջնաժամկետ ծախսերի ծրագրերը՝ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ժամկետում:
1.6. Բյուջետային հիմնարկի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ստորագրում է բյուջետային հիմնարկի ղեկավարը:
1.7. Իր պարտականությունները կատարելու համար համայնքի ղեկավարը իրավասու է բյուջետային հիմնարկներից պահանջելու եւ ստանալու անհրաժեշտ տեղեկություններ:
1.8. Համայնքի ղեկավարը համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը ամփոփում, կազմում եւ կառավարության հաստատած պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակումից հետո՝ մեկամսյա ժամկետում, ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը: Հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում, այն հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքէջում եւ ներկայացվում է համապատասխան մարզպետին:».
3) 7-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) համայնքի ղեկավարի զեկույցը բյուջետային տարվա համայնքի զարգացման հիմնական ուղղությունների, ինչպես նաեւ համայնքի բյուջեի հիմքում դրված՝ համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին.»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.4-րդ եւ 1.8-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.4-րդ մասի դրույթների վերաբերյալ պետական լիազորված մարմինը իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին 2023-2025 թվականների համար ներկայացվող միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները կտրամադրի մինչեւ 2022 թվականի օգոստոսի 10-ը:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 1.8-րդ մասի դրույթների վերաբերյալ համայնքի ղեկավարը 2023-2025 թվականների համար համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը ամփոփում, կազմում եւ ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 10-ը: Հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում, այն հրապարակվում է համայնքի պաշտոնական կայքէջում եւ ներկայացվում է համապատասխան մարզպետին:
4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: