Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդված շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո՝ եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վկային, փորձագետին, թարգմանչին եւ այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին:
2. Վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին օրենքով սահմանված կարգով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչեւ վարչական ակտն ընդունելու միջեւ ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:
3. Վարչական վարույթի ընթացքում ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:
4. Ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում են վարույթի մասնակիցներին՝ վերջիններիս կողմից վարչական վարույթի ընթացքում հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով:
5. Ծանուցումներն ուղարկվում են պատվիրված նամակով, եթե վարչական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարումը կամ որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան ծանուցումն ստանալու փաստով:
6. Ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են վարչական վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին:
7. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ծանուցումներն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել: Իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կողմին ծանուցումներն ուղարկվում են էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է վարչական վարույթի մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով ծանուցումներն ուղարկելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:
9. Ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում վարչական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում՝ նաեւ հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:
10. Ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում վարչական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:
11. Ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելու դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում են ծանուցումը ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկելու դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում են ծանուցումն ուղարկելու (հաղորդելու) փաստը հաստատող ապացույցները (արձանագրություն, հեռախոսագիր, ձայնագրություն եւ այլն):
12. Ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:
13. Վարչական վարույթի մասնակիցները պարտավոր են վարչական մարմնին անհապաղ հայտնել վարչական վարույթի ընթացքում իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան ծանուցումն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է ծանուցումը, եւ հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:
14. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է կամ պատվիրված նամակով ուղարկելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա փոստային առաքանին ուղարկվում է վարչական վարույթում առկա այլ հասցեներով:
15. Սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված)»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ վիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վարչական վարույթները հարուցվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով, որի արդյունքում վարչական մարմնի կողմից հետապնդվող նպատակը վարչական ակտի ընդունումն է: Վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ վարչական մարմինները պարտավոր են օրենքով սահմանված կարգով ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին, որպիսի պահպանվեն նրանց՝ օրենքով սահմանված իրավունքները եւ ազատությունները, մասնավորապես՝ լսված լինելու իրավունքը, ապացույց ներկայացնելու իրավունքը եւ այլն:
Սակայն, վարչական վարույթի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են վարչական վարույթի մասնակցի բացակայությունը եւ վերջինիս պատշաճ ծանուցման անհնարինությունը:
Ծանուցումները փոստային ծառայության կողմից վերադարձվում են մի շարք պատճառներով, մասնավորապես՝ «Չպահանջված» նշագրումով, որի դեպքում պարզ է, որ վարույթի մասնակիցը ծանուցագիրը կարող է չստանալ նաեւ միտումնավոր՝ խուսափելով ծանուցագրի ստացման հետեւանքներից:
Ուստի, վարչական վարույթի մասնակցի պատշաճ չծանուցվելու հետեւանքով՝ վերջինիս բացակայության հիմքով, վարչական վարույթը կասեցվում է:
Այդ հիմքերով կասեցված վարչական վարույթը վերսկսվում է կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ավելի քան 60 օր լրանալը: Կասեցման ընթացքում վարչական մարմինն օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, չի կարողանում 60-օրյա ժամկետում հայտնաբերել վարչական վարույթի հասցեատիրոջը, սակայն հետեւելով օրենքի պահանջին՝ վերսկսում է վարչական վարույթը եւ իրականացնում օրենքով նախատեսված բոլոր անհրաժեշտ գործողությունները: Հասցեատիրոջը չհայտնաբերելու պայմաններում, նշված գործողությունների ընթացքում վարչական մարմինը չի կարողանում հասնել օրենքով հետապնդվող նպատակին՝ վարչական ակտի ընդունմանը, եւ եւս մեկ անգամ կասեցնում է վարչական վարույթը, որի արդյունքում վարչական մարմնի կողմից կատարվում են լրացուցիչ ծախսեր: Բացի այդ, ավելանում են չկատարած պարտավորությունների համար օրենքով հաշվարկվող տույժերը, որը չի բխում նույնիսկ վարչական վարույթի մասնակցի շահերից:
Գործնականում խոչընդոտներ են առաջանում նաեւ հայտնաբերված խախտումների կապակցությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում, երբ գործի քննությունն իրականացնող իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով կրում է պարտականություն՝ գործի քննությունն իրականացնել միայն իրավախախտում կատարած անձանց՝ գործի քննության տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցումն ապահոված լինելու պայմաններում:
Վարչական մարմինները, որպես վարչական պատասխանատվության միջոցներ կիրառող մարմիններ, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում հաճախ հնարավորություն չեն ունենում ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորված անձանց պատշաճ վարչարարության իրավունքի իրացումը: Նման պայմաններում, վարչական ակտերի ընդունմամբ եզրափակվող վարչական վարույթները կարող են ընթանալ օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ:
Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման, հետեւյալ հանգամանքների առկայության դեպքում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին նույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված սահմանված ժամկետները խախտելը:
Գործնականում բազմաթիվ են դատական ակտերը, որոնցով անվավեր են ճանաչվել վարչական մարմինների կողմից ընդունած վարչական ակտերն այն հիմքով, որ վարչական մարմինները խախտել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված ժամկետները:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է, որ այն դեպքերում, երբ հնարավոր չէ վարչական վարույթի մասնակցին ծանուցել առձեռն, կամ պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ, ի վերջո ծանուցումը հնարավորություն լինի տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
2. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կարգավորվում է վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը, մասնավորապես՝ սահմանվում է դրույթ, համաձայն որի՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որտեղ ծանուցումը տեղադրելու օրվան հաջորդող օրացույցային հինգերորդ օրն՝ անձն այլեւս կհամարվի պատշաճ ծանուցված:
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի նվազեցում է նախատեսվում՝ այդ թվում ծանուցումների եւ օգտագործվող գրասենյակային պիտույքների համար նախատեսվող գումարը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Մեծարգո՛ պարոն Սիմոնյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝
ա) օրենքի նախագիծը,
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները:
Օրենքի նախագծի հիմնական զեկուցող՝ Գեւորգ Պապոյան:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ |
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ (021) |
ՄԻՔԱՅԵԼ ԹՈՒՄԱՍՅԱՆ(006) |