Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.
«Հոդված 29.1. Վարչական վարույթում ծանուցելը
1. Դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո՝ եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վկային, փորձագետին, թարգմանչին եւ այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին:
2. Վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին օրենքով սահմանված կարգով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչեւ վարչական ակտն ընդունելու միջեւ ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:
3. Վարչական վարույթի ընթացքում ծանուցումներն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն, իսկ սույն հոդվածով նախատեսված դեպքերում ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեով կամ հաղորդակցության այլ միջոցներով:
4. Ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվում են վարույթի մասնակիցներին՝ նրանց կողմից վարչական վարույթի ընթացքում հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գրանցման կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեով:
5. Ծանուցումներն ուղարկվում են պատվիրված նամակով, եթե վարչական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարումը կամ որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան ծանուցումն ստանալու փաստով:
6. Ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում դրանք հանձնվում են վարչական վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին:
7. Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ծանուցումներն ուղարկվում են նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, եթե նրանք այլ էլեկտրոնային փոստի հասցե չեն տրամադրել: Իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող կողմին ծանուցումներն ուղարկվում են էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով, եթե այդ մասին միջնորդել է վարչական վարույթի մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում էլեկտրոնային փոստով կամ հաղորդակցության այլ միջոցներով ծանուցումներն ուղարկվելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:
9. Ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկվելու դեպքում վարչական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկվելու մասին ապացույցը, իսկ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում՝ նաեւ հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը:
10. Ծանուցումներն առձեռն հանձնելու դեպքում վարչական վարույթին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ:
11. Ծանուցումները պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում է ծանուցումն ստանալու մասին էլեկտրոնային հավաստումը, իսկ հաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ ուղարկվելու դեպքում վարչական վարույթի նյութերին կցվում են ծանուցումն ուղարկվելու (հաղորդվելու) փաստը հաստատող ապացույցները (արձանագրությունը, հեռախոսագիրը, ձայնագրությունը եւ այլն):
12. Ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում հասցեատերն ստանում է ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:
13. Վարչական վարույթի մասնակիցները պարտավոր են վարչական մարմնին անհապաղ հայտնել վարչական վարույթի ընթացքում իրենց հասցեի, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեի կամ հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում համապատասխան ծանուցումն ուղարկվում է այն հասցեով կամ հաղորդակցության միջոցով, որով կատարվել է ծանուցումը, եւ հասցեատիրոջ վերջին հայտնի հասցեով ուղարկվելու ուժով համարվում է պատշաճ հանձնված:
14. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է, կամ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում ուղարկվելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վարչական մարմինը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ վարչական վարույթի մասնակցի հասցեն անհայտ է, ապա ծանուցումն ուղարկվում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում՝ աշխատանքի վայրի հասցեով (վարչական վարույթի նյութերում դրա առկայության դեպքում) եւ անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին (բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական վարույթը հարուցվել է համայնքի կողմից), իսկ վարչական վարույթում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ վարչական վարույթում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ այլ տվյալների առկայության դեպքում՝ այդ հասցեներով:
15. Սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումները համարվում են հանձնված (ստացված):»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: