Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-216-25.03.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.7-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերության «տասնապատիկից» բառը փոխարինել «երեսնապատիկից» բառով, «հիսնապատիկի» բառը փոխարինել «յոթանասունապատիկի» բառով.

2) երկրորդ պարբերության «հիսնապատիկից» բառը փոխարինել «հարյուրապատիկից» բառով, «հարյուրապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

Տեղեկություն ստանալու իրավունքը հանդիսանում է Սահմանադրությամբ ամրագրված՝ անձի հիմնարար իրավունքներից մեկը: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ լրագրողները (լրատվամիջոցները), ինչպես նաեւ անհատները նշված իրավունքն իրացնում են հանրային շահի կամ անհատի իրավունքների պաշտպանության տեսանկյունից արժեքավոր տեղեկություններ ստանալու համար:

Միաժամանակ, պաշտոնատար անձանց կողմից օրենքով նախատեսված տեղեկությունը չտրամադրելու, մասամբ տրամադրելու կամ անհիմն մերժելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող աղբյուր հանդիսացող՝ «Givemeinfo.am» կայքում (գործում է 2011 թվականից, իրականացվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից` «Տեղեկատվության ազատության օրենսդրության կիրառումը Հայաստանում» ծրագրի շրջանակում, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի եւ ԱՄՆՄԶԳ համաֆինանսավորմամբ, նպատակն է հանրային վերահսկողություն իրականացնել ՀՀ կառավարման համակարգի նկատմամբ եւ մշտական մոնիտորինգի միջոցով ներկայացնել կառավարման համակարգի վիճակագրական պատկերը տեղեկատվության ազատության ոլորտում) տեղադրված հարցումների եւ դրանց պատասխանների վիճակագրության համաձայն՝ 2019 թվականից առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 18%-ի դեպքում տեղեկություն տնօրինողները օրենքի խախտմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն տրամադրում իրենցից պահանջված տեղեկությունները: Այսպես, նշված ժամանակահատվածում հարցումների 3%-ին առհասարակ որեւէ պատասխան չի ներկայացվել, 9%-ի դեպքում պատասխանները թերի են եղել՝ այսինքն հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3%-ի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել՝ անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի, եւ եւս 3%-ի դեպքում ստացվել է անհիմն պատասխան, երբ ակնկալվող տեղեկության տրամադրումը թեեւ ձեւական իմաստով չի մերժվել, սակայն միեւնույն է, պահանջված տեղեկությունը օրենքի խախտմամբ չի տրամադրվել՝ խուսափողական, ընդհանուր ձեւակերպումներով, պահանջված տեղեկությունների հետ կապ չունեցող բովանդակությամբ կամ ոչ վերաբերելի հղումներով կամ օրենքով չնախատեսված այլ հիմնավորմամբ պատասխան գրություններով:

«Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 189.7-րդ հոդվածի խախտման հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված հայցադիմումները մեծ թիվ չեն կազմում: Մասնավորապես, վերոնշյալ հիմքով վերջին մի քանի տարիների ընթացքում ներկայացված հայցադիմումների քննության արդյունքում տասը մերժվել են Վարչական դատարանի համապատասխան վճիռներով, հայցադիմումներից բավարարվել են ընդամենը չորսը, որոնցից երկուսով պատասխանողը տուգանվել է տասը հազարական դրամով, մեկով՝ երեսուն հազար դրամով, մեկով՝ հիսուն հազար դրամով: Հարկ է նաեւ նշել, որ Օրենսգրքի 189.7-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցադիմումների մի մասի վարույթ ընդունելը ընդհանրապես մերժվել է դատարանի կողմից: Վերոշարադրյալից բխում է, որ 189.7-րդ հոդվածի սանկցիայով նախատեսված տասից հիսուն հազար դրամ տուգանքի չափ նախատեսված լինելը բավարար չափով չի շահագրգռում քաղաքացիներին, իրավաբանական անձանց հայց հարուցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց դեմ՝ օրենքով նախատեսված տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելու համար: Դա, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ 189.7-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու փաստն արձանագրելու, տույժի ենթարկելու վերաբերյալ հայցի ներկայացման եւ դրա հիման վրա հարուցված դատական գործի քննության շրջանակներում հայցվորը՝ ի դեմս տեղեկատվության տրամադրումը խնդրարկող սուբյեկտի, ստիպված է լինելու դրա վրա ծախսել նաեւ որոշակի ֆինանսական միջոցներ (վճարել պետական տուրք, կատարել ճանապարհածախս, փաստաբանի վարձատրության վճար), ընդ որում, տվյալ դեպքում հայցվորի կողմից կրած ծախսերը նույնիսկ հայցի բավարարման դեպքում անհամաչափ են լինելու կիրառված տույժի գումարին: Այսինքն, խնդրարկվող տեղեկատվությունը չստացած անձը, իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայց ներկայացնելու նպատակահարմարությունը որոշելիս գիտակցելով, որ ավելի շատ ֆինանսական միջոցներ է վատնելու, քան հայցի բավարարման դեպքում իրավախախտում կատարած անձի նկատմամբ կիրառման ենթակա ենթադրյալ տուգանքի չափը (որն ուղղվելու է պետական բյուջե), պարզապես չի օգտվում նման եղանակով հայց ներկայացնելու իր իրավունքից: Դատական ծախսերը տուգանքի սահմանաչափը գերազանցելու պայմաններում անձը շահագրգռված չէ հայց հարուցելու՝ նաեւ գիտակցելով, որ հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքը կիրառվելու պարագայում այն զսպող օղակ չի հանդիսանա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար: Միեւնույն ժամանակ, տուգանքի ավելի բարձր սահմանաչափ նախատեսված լինելու դեպքում անձն ավելի շահագրգռված կլինի հայց հարուցելու՝ հաշվի առնելով նաեւ այն, որ քննարկվող հայցի բավարարման դեպքում իրավախախտի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո հետագայում կբացառվեն կամ գոնե կնվազեն 189.7-րդ հոդվածով սահմանված համապատասխան սուբյեկտի կողմից տեղեկատվության ապօրինաբար չտրամադրման դեպքերը, քանի որ տուգանքի ավելի բարձր սահմանաչափ նախատեսված լինելու պարագայում, մեկ անգամ տուգանվելուց հետո վերջիններս կխուսափեն հետագայում տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելուց:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականի հոկտեմբեր ամսվա միջին աշխատավարձը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների (տեղեկություն տնօրինող մարմիններ) համար կազմել է 174.567 ՀՀ դրամ (https://armstat.am/file/article/sv_10_21a_142.pdf): Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ 1204-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ կարող է լինել տեղեկատվություն տնօրինողի նշանակած պաշտոնատար անձը կամ տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը: Այսինքն, տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի աշխատավարձը, որպես կանոն, գերազանցում է միջին ամսական անվանական աշխատավարձը:

Նման պայմաններում, Օրենսգրքի 189.7-րդ հոդվածով սահմանված 10-50 հազար ՀՀ դրամ տուգանքի չափը չի կարող էական կանխարգելիչ ազդեցություն ունենալ տեղեկություն տնօրինողների կողմից տեղեկատվության ազատության իրավունքի խախտումների վրա՝ հաշվի առնելով ինչպես դատական պրակտիկան, այնպես էլ այն, որ տուգանքի նշված չափը կազմում է միջին աշխատավարձի 5,7-ից 28,7%-ը, իսկ տեղեկատվությունը տնօրինող պաշտոնատար անձի դեպքում՝ ավելի քիչ տոկոս:

Որպես օրինակ՝ Էստոնիայում հանրային տեղեկություններ տրամադրելու կանոնները խախտելու համար պատասխանատվությունը 1200 եվրո է, իսկ պաշտոնյաների միջին աշխատավարձը՝ մոտ 3000 եվրո: Այսինքն, տուգանքի չափը միջին աշխատավարձի շուրջ 40%-ն է: Տեղեկատվության ազատության ոլորտում մեկ այլ դրական փորձ ունեցող երկրում՝ Սլովակիայում, տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար պատասխանատվությունը 1660 եվրո է, իսկ պաշտոնյաների միջին աշխատավարձը մոտ 2380 եվրո է, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է միջին աշխատավարձի ավելի քան 60%-ը:

Արդյունքում, մի կողմից տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի չեն իրավախախտման հանրային վտանգավորությանը, մյուս կողմից բավարար չեն տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում իրական ազդեցություն ունենալու համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար Օրենսգրքի 189.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափն ավելացնել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել երեսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

3. Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը նախաձեռնել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը եւ հանրագրով ներկայացրել է Արդարադատության նախարարությանը:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում կկազմեն միջին ամսական անվանական աշխատավարձի 17.2-ից 40%-ը (տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի ավելի բարձր աշխատավարձի համեմատ՝ ավելի քիչ), մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենան տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի նպատակ 13-ի 10-րդ կետից (վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերի վերանայում):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն