Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 102-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 6-րդ մաս.
«6. Եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ սույն օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Եթե «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված կարգով միավորված համայնքի ավագանու առաջին նիստը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում թվով 45 համայնքներում անցկացվեցին համամասնական ընտրակարգով ավագանիների ընտրություններ: Ընդ որում, առաջին անգամ կիրարկվեցին 2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-333-Ն օրենքով սահմանված կարգավորումները:
Կայացած ընտրություններից հետո, համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի՝ պետք է կայանար համայնքի ղեկավարի ընտրություն: Մի շարք համայնքներում այդ գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվեց, ինչը բացասական անդրադարձ ունեցավ, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է ունենալ համայնքների բնականոն կյանքի եւ բնակչության սպասարկման վրա:
Ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը: Նույն կարգավորումը սահմանվում է նաեւ նախագծի անցումային դրույթներում, որպեսզի բացառվեն վերը նկարագրված իրավիճակի բացասական հետեւանքները:
«31» մարտի 2022թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝
1) օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Վահագն Հովակիմյան).
2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.
3) գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝
ՀՀ ԱԺ պատգամավորներ
Վահագն Հովակիմյան
Վլադիմիր Վարդանյան
Արփինե Դավոյան