Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-230-07.04.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «դիմումով» բառից հետո լրացնել «կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Ստացվում է, որ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:

Օրենքի բացը լրացնելու եւ առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


07.04.2022թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,


Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքում լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Արթուր Հովհաննիսյանը:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 


ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՀՀ ԱԺ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»
ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ԼԻԼԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ