Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2323-11.04.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «տեսակները,» բառից հետո լրացնել « քրեական վարույթի ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման առանձնահատկությունները,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «Սահմանադրությունից,» բառից հետո լրացնել «սույն օրենքից,» բառերը, իսկ «օրենքներից,» բառից հետո հանել «սույն օրենքից,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական եւ հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով՝ օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից գաղտնի եւ բացահայտ մեթոդների ու միջոցների կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստումը, իրականացումը եւ արդյունքների ամրագրումն ու իրացումն է:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ամբողջ ծավալով իրականացվում են ինչպես օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից իրենց վերապահված հիմնական խնդիրների իրականացման շրջանակներում, որպես ինքնուրույն գործունեություն, այնպես էլ նախաձեռնված քրեական վարույթի իրականացվող հետաքննության շրջանակներում որպես օժանդակող գործունեություն:»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետում «բացահայտումը, կանխումը եւ խափանումը» բառերը փոխարինել «կանխումը, խափանումը եւ բացահայտումը» բառերով.

2) 2-րդ կետում «հանցագործությունը» բառը փոխարինել «հանցագործություն» բառով.

3) 3-րդ կետում «քրեական պատասխանատվությունից» բառերից հետո լրացնել «եւ պատժից» բառերը.

4) 8-րդ կետում «նախապատրաստվող» բառից հետո լրացնել «, կատարվող կամ կատարված » բառերը:

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) վերնագրում «հետեւանքով» բառը փոխարինել «արդյունքում» բառով, իսկ «հրապարակայնությունը» բառը փոխարինել «հասանելիությունը» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ոք իր նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդում չհարուցելուց, քրեական հետապնդումը դադարեցնելուց, իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը եւ փաստաթղթերը:».

3) 2-րդ մասում «փաստաթղթերը» բառը փոխարինել «փաստաթղթերն ամբողջ ծավալով կամ դրանց մի մասը» բառերով, իսկ «մերժվում է,» բառերից հետո լրացնել « եթե քրեական վարույթը շարունակվում է, եւ դրանց տրամադրումը կարող է խոչընդոտել հանցագործության բացահայտմանը, կամ» բառերը.

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում եւ ժամկետում, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ քրեական վարույթը կարճելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը եւ փաստաթղթերը, ապա դրանք նշված ժամկետները անցնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, ոչնչացվում են:».

5) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «մարմինների,» բառերից հետո լրացնել « դրանց» բառը:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «իրականացնելու» բառից հետո լրացնել «եւ քրեական վարույթի շրջանակներում օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով հետաքննություն կատարելու» բառերը.

2) 2-րդ մասում «իրականացումը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով նշված ստորաբաժանումներն իրականացնում են նաեւ գաղտնի քննչական գործողություններ» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1. Քրեական վարույթի ընթացքում կատարվող հետաքննության շրջանակներում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի եւ աշխատակիցների հարաբերությունները վարույթն իրականացնող քննիչի, հսկող դատախազի եւ վերադաս դատախազի հետ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:»:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «նախատեսված» բառից հետո լրացնել «թվային, այդ թվում՝» բառերը, իսկ «խոսակցությունների» բառը փոխարինել «հաղորդակցության» բառով.

2) 4-րդ մասում «կողմից» բառից հետո լրացնել «թվային, այդ թվում՝» բառերը, իսկ «խոսակցությունների» բառը փոխարինել «հաղորդակցության» բառով:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «հատուցումով» բառը փոխարինել «հատուցմամբ» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Քրեական վարույթի ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ գաղտնի քննչական գործողություններ կարող են իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կատարել դատախազի, քննիչի քրեական վարույթի ընթացքում տրված հանձնարարությունները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հանձնարարությունները՝ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու եւ գաղտնի քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.»:

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա) «Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում» բառերը փոխարինել «Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով» բառերով.

բ) 11-րդ կետի «փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկում» բառերը փոխարինել «եւ այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկում» բառերով.

գ) 12-րդ կետի «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» բառերը փոխարինել «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» բառերով.

դ) 15-րդ կետի «ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում եւ ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում» բառերը փոխարինել «ֆինանսական գործարքների վերահսկում» բառերով.

2) 6-րդ մասում «համակարգի նախնական կալանքի վայրերում եւ ուղղիչ աշխատանքային» բառերը հանել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն օրենքով առանձին օպերատիվ-հետախուզական միջոցառմանը վերաբերող կարգավորումները կիրառելի են նույնանուն գաղտնի քննչական գործողության նկատմամբ, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով այլ կարգավորում նախատեսված չէ:»:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Իրերի եւ փաստաթղթերի հետազոտումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրա դրանց զննումն է, հատկանիշների եւ բովանդակության բացահայտումը՝ տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա հետազոտման արդյունքների ամրագրմամբ: Հետազոտման ընթացքում, դրանից հետո ապահովվում է օբյեկտների եւ դրանց վրա եղած հետքերի պահպանությունը:»:

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության սահմանափակման, հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձանց հետեւելը կամ առանձին դեպքերի եւ իրադարձությունների ընթացքը վերահսկելն է բաց տարածությունում կամ հանրային վայրերում կամ բնակարան չհանդիսացող փակ տարածությունում տեսաձայնագրման, տեսագրման կամ լուսանկարման միջոցով էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ:»:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ներքին դիտումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ, կամ առանց դրանց, անձին բնակարանում հետեւելը կամ առանձին դեպքերի եւ իրադարձությունների ընթացքը վերահսկելն է՝ տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով, կամ առանց դրանց՝ էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա դիտման արդյունքների ամրագրմամբ:»:

Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի եւ տրանսպորտային միջոցների հետազոտումը դրանց արտաքին զննումն է, հատկանիշների եւ այլ տեղեկությունների բացահայտումն է հատուկ եւ այլ տեխնիկական միջոցներով կամ առանց դրանց, տեսաձայնագրման, տեսագրման, ձայնագրման կամ լուսանկարման միջոցով, կամ առանց դրանց՝ էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա հետազոտման արդյունքների ամրագրմամբ:»:

Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Նամակագրության եւ այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը

1. Նամակագրության եւ այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրա, փոխանցվող փոստային առաքանու, հեռապատճենի (ֆաքսի), հեռագրային կամ այլ ոչ թվային հաղորդագրությունների, ներառյալ՝ դրանց բովանդակության հետազոտումն է՝ դրա արդյունքների ամրագրմամբ կամ այդ հաղորդումների առգրավմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելիս փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր եւ ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման համար անհրաժեշտ այլ պայմաններ:»:

Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը

1. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը հատուկ կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալների գաղտնի պարզումը, հավաքումը, ամրագրումն ու պահպանումն է:

2. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա են՝

1) ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում՝ հեռախոսային խոսակցության, տեքստային, պատկերային, ձայնային, տեսաձայնային եւ այլ հաղորդագրության բովանդակությունը, բաժանորդի մուտքային եւ ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունը սկսելու եւ ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը.

2) համացանցային հաղորդակցության, այդ թվում՝ համացանցային հեռախոսային հաղորդակցության եւ համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ հաղորդակցության բովանդակությունը, համացանցային հեռախոսազանգերի մուտքային եւ ելքային զանգերը (յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել հաղոդակցվողի ինքնությունը):

3. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելիս հեռահաղորդակցության կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր եւ ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման համար անհրաժեշտ այլ պայմաններ:»:

Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29. Ֆինանսական գործարքների վերահսկումը

1. Ֆինանսական գործարքների վերահսկումը բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող՝ անձի ֆինանսական գործարքների գաղտնի դիտարկումն է:

2. Բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են իրավասու մարմինների պահանջով տրամադրել սույն միջոցառման կատարումն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկությունները:»:

Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 30. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը

1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը համապատասխան առաջարկ ստացած կամ այլ անձի ներգրավմամբ նախապես անհատականացված կաշառքի առարկան օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի վերահսկողության ներքո ստանալն է կամ կաշառքը պահանջած կամ նրա նշած անձին փոխանցելը:

2. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար՝ բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա:

3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված՝ «կաշառք ստանալ» եւ «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-220-րդ, 258-րդ, 272-276-րդ, 435-440-րդ, 477-րդ, 496-րդ եւ 497-րդ հոդվածներով սահմանված իմաստով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները հավաստվում են բացառապես տեսաձայնագրման միջոցով: Ընդ որում, տեսաձայնագրումն անձի բնակարանում իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ:»:

Հոդված 20. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Հեռախոսային խոսակցությունների» բառերը փոխարինել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության» բառերով.

2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Նամակագրության եւ այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, բացառությամբ միջազգային նամակագրության ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը եւ քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում՝ կապի ուղիներ եւ միջոցներ տրամադրելով՝ բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ տվյալների, տեղեկատվության եւ հաղորդումների հսկումը եւ (կամ) ամրագրումը:».

4) 4-րդ մասում «երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, եւ եթե կան հիմնավոր ապացույցներ, որ» բառերը փոխարինել «երբ առերեւույթ առկա են հիմքեր կասկածելու, որ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն եւ» բառերով, իսկ «ձեռքբերումն» բառը փոխարինել «ձեռքբերումը ողջամտորեն» բառերով.

5) 5-րդ եւ 6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

6) 7-րդ մասի՝

ա) «փաստաբանի» բառից հետո լրացնել «, ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի» բառերով.

բ) 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները ենթակա են անհապաղ ոչնչացման:»:

Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) Վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման ընթացակարգը»

2) 1-ին մասի՝

ա) «Հեռախոսային խոսակցությունների» բառերը փոխարինել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության» բառերով.

բ) «հեռախոսային խոսակցության վերահսկում» բառերը փոխարինել «տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումն» բառերով.

գ) «հեռախոսահամարը» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ» բառերը.

3) 2-րդ մասի՝

ա. «սույն հոդվածով» բառը փոխարինել «թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» բառերով.

բ. ամբողջ տեքստում «միջոցառումների» բառը փոխարինել «միջոցառման» բառերով.

գ. «կատարման կամ» բառերից հետո լրացնել «վտանգել» բառը.

դ. «բնապահպանական» բառից հետո «անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների, ապա» բառերը փոխարինել «անվտանգությունը,» բառով.

ե. «սույն հոդվածով նախատեսված կարգով» բառերը փոխարինել «, սույն հոդվածով նախատեսված կարգով,» բառերով.

զ. « վարչությանը» բառը փոխարինել «վարչություն» բառով.

է. «դրանց» բառը փոխարինել «դրա» բառով.

4) 3-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը Գլխավոր վարչություն ներկայացնելու դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը միջոցառումն իրականացնող մարմնի կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման:».

5) 4-րդ մասում «կտրվածքով» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր» բառը:

Հոդված 22. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «իրականացման» բառից հետո լրացնել «կամ դրանց ժամկետի երկարաձգման» բառերը, 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Միջնորդությունը եւ դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:».

2) 2.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող իրավասու մարմինը թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման ենթակա ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում՝ բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ուեցող հեռախոսահամարների, հեռախոսային հաղորդակցությունը սկսելու եւ ավարտելու ժամանակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ համապատասխան միջնորդություն կարող է ներկայացնել դատարան միայն ահաբեկչության կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման կամ բացահայտման նպատակով:»:

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Եթե դատարանի թույլտվությամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ապա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառման անցկացումը՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումը շարունակելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն ներկայացնելով դատարան: Եթե դատարանը թույլ չի տալիս շարունակել օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ 32-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունների նկատմամբ:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու կամ դրա ժամկետը երկարաձգելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարանը քննում է գաղտնի քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդության քննության համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության՝ սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:»:

Հոդված 23. Օրենքի 35-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «Նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում» բառերը փոխարինել «Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն» բառերով.

2) 2-րդ մասում «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորություններն» բառերը փոխարինել «Օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն» բառերով.

3) 2-րդ մասում «մարմինների ղեկավարները պարտավոր են» բառերը փոխարինել «մարմնի ղեկավարը պարտավոր է» բառերով:

Հոդված 24. Օրենքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «միջոցառումներն անցկացվում են» բառերը փոխարինել «միջոցառումն անցկացվում է» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման որոշում կայացնելու հիմք են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի կապակցությամբ դատախազի գրավոր հանձնարարությունը, քննիչի՝ քրեական վարույթի ընթացքում տրված հանձնարարությունը, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը:»:

Հոդված 25. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետում «հետեւանքով» բառը փոխարինել «արդյունքում» բառով.

2) 2-րդ մասի «նաեւ այն հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որը (որոնք) լսվելու է (են)» բառերը փոխարինել «հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները կամ այլ վերաբերելի անհատականացնող տվյալներ» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաեւ համապատասխան փոստային հասցեն: Դրա բացակայության դեպքում կարող են ներկայացվել համապատասխան անձի ձեռագրի նմուշը կամ նրան նույնացնելու համար բավարար այլ հատկանիշներ:».

4) 8-րդ մասում «հնարավոր են» բառերը փոխարինել «վտանգել» բառով, « անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ» բառերը փոխարինել «անվտանգությունը» բառով, հանել «հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 26. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում «չեն հանդիսանում ապացույցներ» բառերը փոխարինել «չեն կարող օգտագործվել» բառերով:

Հոդված 27. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝ «սահմանված կարգով:» բառերից հետո, լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, յուրաքանչյուր անգամ դատարանի թույլտվությունը կարող է տրվել երկու ամիսը չգերազանցող ժամկետով:»:

Հոդված 28. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) վերնագրում «արդյունքների» բառից հետո լրացնել «ամրագրումը եւ » բառերը.

2) 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող պաշտոնատար անձի, դրա այլ մասնակիցների անունները, ազգանունները եւ պաշտոնները արձանագրության մեջ կարող են չնշվել, եթե դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները կամ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք:».

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, բացառությամբ սույն օրենքով սահմանված ոչնչացման ենթակա տեղեկությունների, քրեական վարույթն իրականացնող կամ այլ իրավասու մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվում է օրենքով եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով՝ օրենքով իրենց վերապահված կոնկրետ լիազորության իրականացման համար:».

5) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, իսկ 2021 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաեւ՝ Օրենսգրքեր) երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել են ՀՀ ազգային ժողովի կողմից:

Օրենսգրքերը նախատեսում են համակարգային փոփոխություններ քրեական արդարադատության գործող համակարգում, եւ ըստ այդմ՝ դրանց ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել դրանցից բխող փոփոխություններ կատարել հարակից օրենքներում ինչպես նաեւ փոփոխվող կարգավորումների հետ այս կամ այն կերպ առնչվող այլ իրավական ակտերում:

Այդպիսով, մինչեւ Օրենսգրքերի ուժի մեջ մտնելը հարկ է ունենալ դրանց կարգավորումները սպասարկող եւ դրանցից բխող իրավական նորմեր, որպեսզի ապահովվի քրեական ու քրեադատավարական օրենսդրության սահուն կիրառումը եւ համակարգի անխափան գործունեությունը:

Բացի այդ, Օրենսգրքերի ընդունման եւ ուժի մեջ մտնելու միջեւ առկա անցումային ժամանակահատվածը հնարավորություն է ընձեռել եւս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրելու եւ համադրելու դրանց կարգավորումները՝ վեր հանելով հնարավոր վրիպակներն ու հակասությունները: Այդ առումով արձանագրված բացթողումները շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Օրենսգրքերում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, «Դատախազության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում՝ ապահովելու համար.

  • եզրութաբանական միասնությունը.
  • գոյություն չունեցող ինստիտուտների վերաբերյալ կարգավորումների բացակայությունը.
  • ներդրվող ինստիտուտների վերաբերյալ համապարփակ կարգավորումների առկայությունը.
  • այլ հակասությունների բացառումը:

    Այս առումով հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

    Ըստ այդմ՝ այլ օրենքներից առաջարկվում է հանել այն նորմերը, որոնք այս կամ այն չափով կարգավորում են քրեական վարույթը՝ այդ հարաբերությունների կարգավորումը թողնելով նույն հարցերի կապակցությամբ նոր օրենսգրքի համակարգային նորմերին: Օրինակ՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքից առաջարկվում է հանել երեխային խուզարկելու, երեխայից ցուցմունքներ վերցնելու եւ հարակից հարցերի վերաբերյալ կարգավորումները, քանի որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են, այդ թվում՝ երաշխավորվում է պաշտպանի պարտադիր մասնակցությունը, անչափահասի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը որակավորված հոգեբանի ներագրավումը եւ այլն:

    Բացի այդ, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենսգրքերում՝ բացառելու դրանց ուժի մեջ մտնելու ժամանակ որոշ հակասությունների ու բացթողումների առկայությունը:

    3. Ակնկալվող արդյունքը

    Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել Օրենսգրքերին եւ վերացնել դրանցում առկա բացթողումները՝ այդպիսով ապահովելով Օրենսգրքերի նորմերի կիրառումը, գործնականում իրավական անճշտություններից եւ հակասություններից խուսափումը, ինչպես նաեւ համակարգային փոփոխությունների անցնցում գործարկումը:

    4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

    Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետի աջակցությամբ: Նախագծերի փաթեթում տեղ են գտել նաեւ իրավասու մարմիններից ստացված առաջարկությունները՝ նախագծերի տեսքով:

    5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

    Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ, ինչն իր հերթին բխում էր Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից:


    Տեղեկանք գործող օրենքներում փոփոխվող հոդվածների վերաբերյալ
    Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

    Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

    Գրություն