Armenian ARMSCII Armenian
Կ-2325-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «եւ քննչական» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 4.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4.2. Քննչական մարմինը

1. Քննչական մարմինը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով, քննչական ենթակայության կանոններին համապատասխան նախաձեռնում է քրեական վարույթ եւ իրականացնում նախաքննություն:

2. Քննչական մարմնի ղեկավարին նշանակում եւ ազատում է լիազորված մարմնի ղեկավարը՝ վարչապետի համաձայնությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի «իրենց քննչական ենթակայությանը վերապահված» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի «իրենց քննչական ենթակայությանը վերապահված» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերությունը «միջոցառումներ,» բառից հետո լրացնել «գաղտնի քննչական գործողություններ,» բառերով, նույն պարբերության «կատարում են» բառերից հետո հանել «հետաքննություն եւ» բառերը, իսկ «ուղղված իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունների բացահայտմանը, կանխմանը եւ խափանմանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան» բառերով.

2) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային անվտանգության մարմինները սույն օրենքով եւ այլ օրենքներով իրենց առջեւ դրված խնդիրների լուծման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ գաղտնի քննչական գործողություններ:».

3) երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով.

«Ազգային անվտանգության մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունեն եւ օգտագործում են ձերբակալվածներին պահելու վայրեր:»:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետի «հետաքննություն, նախաքննություն եւ» բառերը, ինչպես նաեւ «, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ունեն եւ օգտագործում են ձերբակալվածներին պահելու վայրեր» բառերը հանել.

2) 7-րդ կետի «կանխարգելման» բառը փոխարինել «կանխման» բառով.

3) 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«26) բացահայտում, կանխում եւ խափանում են օրենքով նախատեսված իրենց լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած հանցանքները, իրականացնում են այդ հանցանքները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.».

4) 60-րդ կետի «ազգային անվտանգության մարմինների քննչական ենթակայությանը վերապահված գործերով» բառերը հանել:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «եւ քննչական» բառերը փոխարինել «, քննչական եւ գաղտնի քննչական» բառերով:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ հոդվածները, 5-րդ հոդվածի 2-րդ կետը եւ 6-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

3. Օրենքի 4.2-րդ հոդվածն ուժը կորցնում է 2024 թվականի հունվարի 1-ից:

4. Քննչական կոմիտեի նախագահը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, անհրաժեշտ փոփոխություններ է կատարում քննչական կոմիտեի կառուցվածքում, պաշտոնների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկի եւ հաստիքացուցակի վերաբերյալ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հոդվածներն ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ ազգային անվտանգության ծառայության քննիչներին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու առաջարկություն է ներկայացվում: Սույն մասով նախատեսված անձինք, ներկայացված առաջարկությանն իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը ներկայացնում են առաջարկությունն ստանալու պահից՝ հնգօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված եւ համաձայնություն տված բոլոր անձինք ներառվում են քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում:

6. Քննչական կոմիտեի նախագահը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փոփոխությունները կատարելուց հետո քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց, տասն աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է համապատասխան կամ համարժեք պաշտոնի:

7. Քննչական կոմիտեի կառուցվածքի, պաշտոնների անվանացանկի եւ հաստիքացուցակի հաստատումից հետո մինչեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված մրցութային կարգով հաստիքների համալրումը՝ քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայության ավելացված հաստիքները կարող են զբաղեցվել Կառավարության սահմանած ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով, այդ թվում՝ ազգային անվտանգության ծառայությունում կատարված հաստիքների կրճատման արդյունքում քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձանց շրջանակից:

8. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հոդվածներն ուժի մեջ մտնելու օրը ազգային անվտանգության ծառայությունում գտնվող քրեական վարույթները (հաղորդումները) փոխանցվում են հսկող դատախազին, որն էլ եռօրյա ժամկետում դրանք ուղարկում է ըստ քննչական ենթակայության:

9. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ քննչական կոմիտեում լրացված հաստիքների նշանակված անձինք պահպանում են ազգային անվտանգության ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը:

10. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ քննչական կոմիտեում լրացված հաստիքների՝ սույն հոդվածով սահմանված կարգով համալրումն ավարտելուց հետո առաջխաղացման ցուցակում ընդգրկված թեկնածուների նշանակումը կատարվում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

11. Սույն հոդվածով նախատեսված անձանց ամենամյա արձակուրդի համար սահմանված ժամկետը չի ընդհատվում, ինչպես նաեւ նրանք պահպանում են ազգային անվտանգության ծառայությունում ծառայություն իրականացնելու ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդի դրամական հատուցում ստանալու իրավունքը:

12. Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության ընթացքում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:

13. Ազգային անվտանգության ծառայության քննիչներին քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում նշանակելիս ազգային անվտանգության ծառայության քննիչի պաշտոնում նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու ստաժի մեջ:

14. Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կապակցությամբ ազգային անվտանգության ծառայության ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են անկախ քննչական կոմիտեում զբաղեցվող պաշտոնից եւ համապատասխանեցվում են Օրենքով սահմանված դասային աստիճաններին:

15. Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի բարձր կոչում (դասային աստիճան) ունեցող անձանց՝ Օրենքին համապատասխանեցված կոչումները պահպանվում են:

16. Օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում: