Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այuուհետ՝ Oրենք) 3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.
«Հոդված 18.1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը ներառում է նաեւ դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի պետի եւ հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը:»:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասում «նյութերի նախապատրաստման կամ քրեական գործի քննության» բառերը փոխարինել «քրեական վարույթի» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
2. Հետաքննության մարմնի աշխատակիցները՝ ոստիկանության հետաքննության բաժնի, բաժանմունքի, խմբի տեսուչները, արտակարգ իրավիճակների նախարարության, ռազմական ոստիկանության, քրեակատարողական ծառայության հետաքննիչի պաշտոնի նշանակված անձինք, նշված ստորաբաժանումների ղեկավարները, որոնց զբաղեցրած հաստիքները 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու ուժով ենթակա են կրճատման եւ տեղափոխման քննչական կոմիտեի հաստիքացուցակ՝ որպես ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում նշանակվելու համար 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2022 թվականի օգոստոսի 1-ը, դիմում են քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողով՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու նպատակով:
3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխանող՝ հետաքննության մարմնի աշխատակիցներին՝ ոստիկանության հետաքննության բաժնի, բաժանմունքի, խմբի տեսուչներին, արտակարգ իրավիճակների նախարարության, ռազմական ոստիկանության, քրեակատարողական ծառայության հետաքննիչի, նշված ստորաբաժանումների ղեկավարի պաշտոնի նշանակված անձանց, որակավորման հանձնաժողովն առանց որակավորման ստուգում անցկացնելու ընդգրկում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում, որոնք առանց արդարադատության ակադեմիայում ուսումնառություն անցնելու քննչական կոմիտեի նախագահի կողմից մեկամսյա ժամկետում նշանակվում են որպես պաշտոնակատար՝ մեկ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձինք 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ պաշտոնակատար նշանակվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է անցնեն որակավորման ստուգում:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում որակավորման ստուգման արդյունքում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք ազատվում են արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտոնի նշանակված անձինք ազատվում են պաշտոնակատարի պաշտոնից, եթե պաշտոնակատար նշանակվելու պահից մեկ տարվա ընթացքում՝
1) չեն դիմել որակավորման ստուգում անցնելու համար, եւ լրացել է նրանց պաշտոնավարման մեկ տարին, կամ
2) դիմել են որակավորման ստուգում անցնելու համար, սակայն որակավորման ստուգման արդյունքում չեն ընդգրկվել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում կամ
3) որակավորման ստուգման արդյունքում ընդգրկվել են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում եւ քննչական կոմիտեի նախագահի կողմից նշանակվել համապատասխան պաշտոնի:
7. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ պայմանավորված՝ ավելացված հաստիքների՝ սույն հոդվածով սահմանված կարգով համալրումն ավարտելուց հետո քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի նշանակված անձանց առաջխաղացման ցուցակում ընդգրկելը եւ պաշտոնում նշանակելը կատարվում են Օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Պաշտոնակատար նշանակված անձն իր դիմումով կամ քննչական կոմիտեի նախագահի կամ նրա տեղակալի միջնորդությամբ կարող է ընդգրկվել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում՝ բանավոր հարցազրույցի արդյունքում՝ որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:
8. Սույն հոդվածով նախատեսված անձինք պահպանում են հետաքննության մարմնում ծառայություն իրականացնելու ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում ստանալու իրավունքը:
9. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց քննչական կոմիտեում պաշտոնակատար նշանակելիս ոստիկանության հետաքննության բաժնի, բաժանմունքի, խմբի տեսուչի, արտակարգ իրավիճակների նախարարության, ռազմական ոստիկանության, քրեակատարողական ծառայության հետաքննիչի, նշված ստորաբաժանումների ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու ստաժում:
10. Եթե քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնակատար նշանակվելու պահին սույն հոդվածով նախատեսված անձինք ունեն հետաքննության մարմնի աշխատակցի առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ, ապա նրանց՝ քննչական կոմիտեում ծառայության ժամանակահատվածը հաշվարկվում է զինվորական կենսաթոշակի իրավունքը ծագելու համար անհրաժեշտ ժամկետի մեջ:
11. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո քննչական կոմիտեում հետագա ծառայության ժամանակահատվածի, ինչպես նաեւ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնակատար նշանակվելու պահին հետաքննության մարմնի աշխատակցի առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ չունեցող անձանց՝ քննչական կոմիտեում ծառայության ժամանակահատվածի նկատմամբ կիրառելի են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կենսաթոշակային ապահովության վերաբերյալ ընդհանուր կանոնները:
12. Սույն հոդվածով նախատեսված կանոնների կիրառման արդյունքում տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող՝ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք՝ իր ընտրությամբ:
13. Սույն հոդվածի կարգավորումները վերաբերելի են նաեւ Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանությունում հետաքննիչի պաշտոնի նշանակված այն անձանց, որոնց հաստիքները կրճատվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում: