Հոդված 1. «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի 2-րդ կետում «ոչ արդարացնող» բառերը փոխարինել «ոչ ռեաբիլիտացնող» բառերով.
2) 3-րդ մասի 2-րդ կետում «մարված կամ հանված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «ոչ արդարացնող» բառերը փոխարինել «ոչ ռեաբիլիտացնող» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, իսկ 2021 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաեւ՝ Օրենսգրքեր) երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել են ՀՀ ազգային ժողովի կողմից:
Օրենսգրքերը նախատեսում են համակարգային փոփոխություններ քրեական արդարադատության գործող համակարգում, եւ ըստ այդմ՝ դրանց ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել դրանցից բխող փոփոխություններ կատարել հարակից օրենքներում ինչպես նաեւ փոփոխվող կարգավորումների հետ այս կամ այն կերպ առնչվող այլ իրավական ակտերում:
Այդպիսով, մինչեւ Օրենսգրքերի ուժի մեջ մտնելը հարկ է ունենալ դրանց կարգավորումները սպասարկող եւ դրանցից բխող իրավական նորմեր, որպեսզի ապահովվի քրեական ու քրեադատավարական օրենսդրության սահուն կիրառումը եւ համակարգի անխափան գործունեությունը:
Բացի այդ, Օրենսգրքերի ընդունման եւ ուժի մեջ մտնելու միջեւ առկա անցումային ժամանակահատվածը հնարավորություն է ընձեռել եւս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրելու եւ համադրելու դրանց կարգավորումները՝ վեր հանելով հնարավոր վրիպակներն ու հակասությունները: Այդ առումով արձանագրված բացթողումները շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Օրենսգրքերում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, «Դատախազության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում՝ ապահովելու համար.
Ըստ այդմ՝ այլ օրենքներից առաջարկվում է հանել այն նորմերը, որոնք այս կամ այն չափով կարգավորում են քրեական վարույթը՝ այդ հարաբերությունների կարգավորումը թողնելով նույն հարցերի կապակցությամբ նոր օրենսգրքի համակարգային նորմերին: Օրինակ՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքից առաջարկվում է հանել երեխային խուզարկելու, երեխայից ցուցմունքներ վերցնելու եւ հարակից հարցերի վերաբերյալ կարգավորումները, քանի որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են, այդ թվում՝ երաշխավորվում է պաշտպանի պարտադիր մասնակցությունը, անչափահասի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը որակավորված հոգեբանի ներագրավումը եւ այլն:
Բացի այդ, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենսգրքերում՝ բացառելու դրանց ուժի մեջ մտնելու ժամանակ որոշ հակասությունների ու բացթողումների առկայությունը:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել Օրենսգրքերին եւ վերացնել դրանցում առկա բացթողումները՝ այդպիսով ապահովելով Օրենսգրքերի նորմերի կիրառումը, գործնականում իրավական անճշտություններից եւ հակասություններից խուսափումը, ինչպես նաեւ համակարգային փոփոխությունների անցնցում գործարկումը:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետի աջակցությամբ: Նախագծերի փաթեթում տեղ են գտել նաեւ իրավասու մարմիններից ստացված առաջարկությունները՝ նախագծերի տեսքով:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ, ինչն իր հերթին բխում էր Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից:
Տեղեկանք գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում