Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) քննչական մարմինը քրեական վարույթներով իրականացնում է նախաքննություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը «իրականացվող՝» բառից հետո լրացնել « գաղտնի քննչական գործողությունների եւ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ հարուցված քրեական հետապնդման կարճումը կամ ծառայողական քննության ավարտը՝ արդարացման հիմքերով» բառերը փոխարինել «կամ ծառայողական քննության ավարտը կամ հարուցված քրեական հետապնդման դադարեցումը՝ ռեաբիլիտացնող հիմքով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «սկսել հետաքննության եւ նախաքննության գործերը» բառերը փոխարինել «եւ կարգով նախաձեռնել քրեական վարույթ եւ իրականացնել նախաքննություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, կատարել գաղտնի քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում «առողջապահության եւ դատախազության համապատասխան մարմիններին» բառերը փոխարինել «առողջապահության համապատասխան մարմնին եւ իրավասու դատախազին» բառերով:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 2.1-ին մասի 2-րդ կետում «քննչական գործողությունների» բառերը փոխարինել «ապացուցողական գործողությունների, գաղտնի քննչական գործողությունների» բառերով:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 24-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցնում են 2023 թվականի հունվարի 1-ից:
3. Քննչական կոմիտեի նախագահը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, անհրաժեշտ փոփոխություններ է կատարում քննչական կոմիտեի կառուցվածքում, պաշտոնների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկի եւ հաստիքացուցակի վերաբերյալ:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո առնվազն մեկ ամիս առաջ մաքսային մարմնի քննիչներին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոններ զբաղեցնելու առաջարկություն է ներկայացվում: Սույն մասով նախատեսված անձինք, ներկայացված առաջարկությանն իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը ներկայացնում են առաջարկությունն ստանալու պահից՝ հնգօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված եւ համաձայնություն տված բոլոր անձինք ներառվում են քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում:
5. Քննչական կոմիտեի նախագահը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փոփոխությունները կատարելուց հետո քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձանց, տասն աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է համապատասխան պաշտոնի:
6. Քննչական կոմիտեի կառուցվածքի, պաշտոնների անվանացանկի եւ հաստիքացուցակի հաստատումից հետո մինչեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված մրցութային կարգով հաստիքների համալրումը քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայության ավելացված հաստիքները կարող են զբաղեցվել Կառավարության սահմանած ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով, այդ թվում՝ մաքսային մարմնում կատարված հաստիքների կրճատման արդյունքում քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձանց շրջանակից:
7. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալու օրը մաքսային մարմնում գտնվող քրեական վարույթները (հաղորդումները) փոխանցվում են հսկող դատախազին, որն էլ եռօրյա ժամկետում դրանք ուղարկում է ըստ քննչական ենթակայության:
8. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ քննչական կոմիտեում լրացված հաստիքների նշանակված անձինք պահպանում են մաքսային մարմնում զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը:
9. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ քննչական կոմիտեում լրացված հաստիքների՝ սույն հոդվածով սահմանված կարգով համալրումն ավարտելուց հետո առաջխաղացման ցուցակում ընդգրկված թեկնածուների նշանակումը կատարվում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
10. Սույն հոդվածով նախատեսված անձանց ամենամյա արձակուրդի համար սահմանված ժամկետը չի ընդհատվում, ինչպես նաեւ նրանք պահպանում են մաքսային մարմնում ծառայություն իրականացնելու ընթացքում չօգտագործված ամենամյա արձակուրդի դրամական հատուցում ստանալու իրավունքը:
11. Մաքսային մարմնում ծառայության ընթացքում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:
12. Մաքսային մարմնի քննիչներին քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում նշանակելիս Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում քննիչի պաշտոնում նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու ստաժի մեջ:
13. Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կապակցությամբ մաքսային մարմնի ծառայողներին նախկինում շնորհված կոչումները (դասային աստիճանները) պահպանվում են անկախ քննչական կոմիտեում զբաղեցվող պաշտոնից եւ համապատասխանեցվում են Օրենքով սահմանված դասային աստիճաններին:
14. Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի բարձր կոչում (դասային աստիճան) ունեցող անձանց՝ Օրենքին համապատասխանեցված կոչումները պահպանվում են:
15. Օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում: