Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-693-22.09.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության եւ դրա նկատմամբ վստահության բարձրացումը, ֆինանսական համակարգի մասնակիցների բնականոն զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը:

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի միասնական պետական կարգավորման եւ վերահսկողության զարգացման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ կարգավորման եւ վերահսկողության գործառույթները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին փոխանցելու հետ կապված միջոցառումները, այդ միջոցառումների իրագործման կապակցությամբ առաջացող հարաբերությունները, ֆինանսական համակարգը կարգավորող եւ վերահսկող մարմնի լիազորությունները:

Հոդված 2. Ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողությանզարգացման մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի միասնական պետական կարգավորման եւ վերահսկողության զարգացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

ա) ֆինանսական համակարգի մասնակիցներ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկեր, վարկային կազմակերպություններ եւ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող այլ անձինք, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի այլ մասնակիցներ.

բ) ֆինանսական համակարգի այլ մասնակիցներ՝ արժեթղթերի շուկայի մասնակիցներ, ինվեստիցիոն ընկերություններ, ինվեստիցիոն հիմնադրամներ, կենսաթոշակային գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպություններ, ապահովագրական գործունեություն իրականացնողներ, գրավատներ, որոնք իրականացնում են մասնագիտացված գործունեություն.

գ) ֆինանսական համակարգ՝ ֆինանսական համակարգի մասնակիցների մասնակցությամբ հարաբերությունների ամբողջություն.

դ) մասնագիտացված գործունեություն՝ ֆինանսական համակարգի մասնակիցների կողմից օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով իրականացվող գործունեություն.

ե) պետական իրավասու մարմին՝ «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների գործունեությունը կարգավորող եւ վերահսկող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին.

զ) ենթաօրենսդրական ակտեր՝ ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեությանը առընչվող բոլոր նորմատիվ, անհատական եւ ներքին իրավական ակտերը, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի (այսուհետեւ՝ Արժեթղթերի հանձնաժողով), պետական իրավասու մարմնի կողմից:

2. Սույն հոդվածով սահմանվող հասկացությունները կիրառվում են սույն օրենքի եւ դրան համապատասխան ընդունված, ինչպես նաեւ դրա դրույթներին ուղղակի հղում կատարող այլ իրավական ակտերի նպատակներով: Դրանց նշանակությունը այլ օրենքների եւ իրավական ակտերի կիրառման նպատակով կարող է կիրառվել, եթե այլ օրենքների եւ իրավական ակտերի կարգավորման ոլորտն առնչվում է ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեությանը:

Հոդված 4. Ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողությանզարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների նպատակները

Ֆինանսական համակարգի պետական կարգավորման եւ վերահսկողության զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների նպատակն է միասնական, անկախ եւ արդյունավետ համախմբված վերահսկողության եւ կարգավորման համակարգի ստեղծումը եւ իրականացումը, ֆինանսական համակարգի կայունության եւ բնականոն գործունեության ապահովումը, ինչպես նաեւ ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը:

Հոդված 5. Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ կարգավորման եւ վերահսկողության գործառույթների վերապահումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին

1. Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ կարգավորման եւ վերահսկողության գործառույթները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետեւ՝ Կենտրոնական բանկ)՝ սույն օրենքով եւ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ պայմաններով:

2. Կենտրոնական բանկի՝ որպես ֆինանսական համակարգը կարգավորող եւ վերահսկող մարմնի գործառույթները եւ լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեությունը, ինչպես նաեւ մասնագիտացված գործունեությունը կարգավորող այլ օրենքներով:

Հոդված 6. Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ կարգավորման եւ վերահսկողության գործառույթների փոխանցման կարգը եւ պայմանները

1. 2006 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը (այսուհետեւ՝ Արժեթղթերի հանձնաժողով) լուծարվում է, եւ նրա բոլոր լիազորությունները՝ այդ թվում նաեւ ինքնակարգավորվող կազմակերպությունների, հաշվետու թողարկողների գործունեության կարգավորման եւ վերահսկողության, ինչպես նաեւ արժեթղթերի շուկայի կարգավորման բնագավառի այլ լիազորություններն ամբողջովին իրավահաջորդությամբ վերապահվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկի խորհուրդը ձեռք է բերում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Արժեթղթերի հանձնաժողովին վերապահված լիազորությունները, իսկ Կենտրոնական բանկի նախագահը՝ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահի լիազորությունները:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը եւ նախագահը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որոշումները կայացնում են «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգերով, եթե «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ ընթացակարգեր սահմանված չեն:

3. Մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը Արժեթղթերի հանձնաժողովը Կենտրոնական բանկին է հանձնում, իսկ Կենտրոնական բանկն ընդունում է Արժեթղթերի հանձնաժողովի գործառույթների հետ կապված բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ արխիվը, տեղեկատվությունը, ծրագրերը եւ այլն: Հանձնում-ընդունումը ձեւակերպվում է հանձնման-ընդունման մասին արձանագրությամբ, որը մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը ստորագրում են Արժեթղթերի հանձնաժողովի նախագահը եւ Կենտրոնական բանկի նախագահը:

Արժեթղթերի հանձնաժողովին պատկանող այլ գույքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. 2006 թվականի հունվարի 1-ից դադարում են պետական իրավասու մարմնի լիազորությունները կապված ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների լիցենզավորման, կարգավորման եւ վերահսկողության հետ, որոնք ամբողջովին իրավահաջորդությամբ վերապահվում են Կենտրոնական բանկին:

5. Մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը պետական իրավասու մարմինը Կենտրոնական բանկին է հանձնում, իսկ Կենտրոնական բանկն ընդունում է ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների լիցենզավորման, կարգավորման եւ վերահսկողության հետ առնչվող փաստաթղթերը, այդ թվում՝ արխիվը, տեղեկատվությունը, ծրագրերը եւ այլնը: Սույն կետով նախատեսված հանձնում-ընդունումը ձեւակերպվում է հանձնման-ընդունման մասին արձանագրությամբ, որը մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը ստորագրում են պետական իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարը եւ Կենտրոնական բանկի նախագահը:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ձեռք է բերում սոցիալական ապահովության բնագավառում կենսաթոշակային գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպությունների նկատմամբ կարգավորման եւ վերահսկողական գործառույթները եւ հանդիսանում է դրանց գործունեությունը կարգավորող եւ վերահսկող մարմին:

Հոդված 7. Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի գործողությունը

Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեության կարգավորման, լիցենզավորման, վերահսկողության, ինչպես նաեւ դրանց գործունեությունը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերն իրենց բոլոր լրացումներով եւ փոփոխություններով պահպանում են իրենց գործողությունը եւ իրավաբանական ուժը մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը, եթե մինչեւ այդ ժամկետը Կենտրոնական բանկը չդադարեցնի այդ ենթաօրենսդրական ակտերի գործողությունը: Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի մասնակիցների սահուն գործունեությունն ապահովելու նպատակով իրավունք ունի մինչեւ սույն հոդվածով նախատեսված ժամկետի ավարտը ենթաօրենսդրական ակտերում կատարել լրացումներ եւ փոփոխություններ:

Հոդված 8. Օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 9. Եզրափակիչ դրույթներ

1. Արժեթղթերի հանձնաժողովի կնքած պայմանագրերով Կենտրոնական բանկն իրավահաջորդ է՝ մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծագած իրավունքներով եւ պարտականություններով, բացառությամբ աշխատանքային իրավահարաբերություններից բխող իրավունքների եւ պարտականությունների: 2006 թվականի հունվարի 1-ից Արժեթղթերի հանձնաժողովի կողմից կնքված աշխատանքային պայմանագրերը համարվում են լուծված:

2. Մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության համակարգի ներդրման նպատակով իրականացնում է համապատասխան կառուցվածքային փոփոխություններ:

3. Մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը Կենտրոնական բանկի խորհուրդը եւ նախագահը պարտավոր են ընդունել ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության հետ կապված իրավական ակտերը:

4. Սույն օրենքի կիրառման նպատակով պաշտոնական պարզաբանումներ տալու իրավասությունը վերապահվում է Կենտրոնական բանկի խորհրդին: