Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-23229-11.04.2022-ՊԻ,ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 162.1-ին հոդվածի 2-րդ մասում «քրեական հետապնդման մարմինը» բառերը փոխարինել «նախաքննության մարմինը, դատախազը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ որպես հանցագործության համար պատժամիջոց» բառերը փոխարինել «կամ բռնագրավվել է» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 288-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 288. Բռնագրավում

1. Օրենքով նախատեսված դեպքերում գույքը սեփականատիրոջից կարող է անհատույց վերցվել դատավճռով` որպես հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ եւ այլ տեսակի օգուտ, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք եւ միջոց, հանցագործության առարկա:»:

Հոդված 4. Օրենսգրքի 341-րդ հոդվածի՝

1) վերնագրում «քննության» բառը փոխարինել «լուծման» բառով.

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե դատարանն առանց լուծման է թողել քրեական վարույթով ներկայացված հայցը, ապա մինչեւ հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչեւ այն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որով հայցը թողնվել է առանց լուծման:»:

Հոդված 5. Օրենսգրքի 928.1-ին հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «190» թիվը փոխարինել «296-րդ» բառերով, «կետով» բառը՝ «մասով» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 1064-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1064. Պատասխանատվությունը նախաքննության մարմինների, դատախազության եւ դատարանի ապօրինի գործողություններով պատճառված վնասի համար

1. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանք, տնային կալանք, վարչական հսկողություն կամ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետեւանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ նախաքննության մարմնի, դատախազության եւ դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

2. Քաղաքացուն կամ իրավաբանական անձին նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված հետեւանքներին, հատուցվում է սույն օրենսգրքի 1063-րդ հոդվածում նախատեսված հիմքերով եւ կարգով:

3. Արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասի «ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝» բառերը փոխարինել «ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու մասին» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 1087.3-րդ հոդվածի 5-րդ մասի «309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ դատարանի մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝» բառերը փոխարինել «450-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ դատարանի մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու մասին» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքների ուժի մեջ մտնելու օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, իսկ 2021 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաեւ՝ Օրենսգրքեր) երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել են ՀՀ ազգային ժողովի կողմից:

Օրենսգրքերը նախատեսում են համակարգային փոփոխություններ քրեական արդարադատության գործող համակարգում, եւ ըստ այդմ՝ դրանց ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել դրանցից բխող փոփոխություններ կատարել հարակից օրենքներում ինչպես նաեւ փոփոխվող կարգավորումների հետ այս կամ այն կերպ առնչվող այլ իրավական ակտերում:

Այդպիսով, մինչեւ Օրենսգրքերի ուժի մեջ մտնելը հարկ է ունենալ դրանց կարգավորումները սպասարկող եւ դրանցից բխող իրավական նորմեր, որպեսզի ապահովվի քրեական ու քրեադատավարական օրենսդրության սահուն կիրառումը եւ համակարգի անխափան գործունեությունը:

Բացի այդ, Օրենսգրքերի ընդունման եւ ուժի մեջ մտնելու միջեւ առկա անցումային ժամանակահատվածը հնարավորություն է ընձեռել եւս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրելու եւ համադրելու դրանց կարգավորումները՝ վեր հանելով հնարավոր վրիպակներն ու հակասությունները: Այդ առումով արձանագրված բացթողումները շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Օրենսգրքերում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, «Դատախազության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում՝ ապահովելու համար.

  • եզրութաբանական միասնությունը.
  • գոյություն չունեցող ինստիտուտների վերաբերյալ կարգավորումների բացակայությունը.
  • ներդրվող ինստիտուտների վերաբերյալ համապարփակ կարգավորումների առկայությունը.
  • այլ հակասությունների բացառումը:

    Այս առումով հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

    Ըստ այդմ՝ այլ օրենքներից առաջարկվում է հանել այն նորմերը, որոնք այս կամ այն չափով կարգավորում են քրեական վարույթը՝ այդ հարաբերությունների կարգավորումը թողնելով նույն հարցերի կապակցությամբ նոր օրենսգրքի համակարգային նորմերին: Օրինակ՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքից առաջարկվում է հանել երեխային խուզարկելու, երեխայից ցուցմունքներ վերցնելու եւ հարակից հարցերի վերաբերյալ կարգավորումները, քանի որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են, այդ թվում՝ երաշխավորվում է պաշտպանի պարտադիր մասնակցությունը, անչափահասի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը որակավորված հոգեբանի ներագրավումը եւ այլն:

    Բացի այդ, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենսգրքերում՝ բացառելու դրանց ուժի մեջ մտնելու ժամանակ որոշ հակասությունների ու բացթողումների առկայությունը:

    3. Ակնկալվող արդյունքը

    Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել Օրենսգրքերին եւ վերացնել դրանցում առկա բացթողումները՝ այդպիսով ապահովելով Օրենսգրքերի նորմերի կիրառումը, գործնականում իրավական անճշտություններից եւ հակասություններից խուսափումը, ինչպես նաեւ համակարգային փոփոխությունների անցնցում գործարկումը:

    4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

    Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետի աջակցությամբ: Նախագծերի փաթեթում տեղ են գտել նաեւ իրավասու մարմիններից ստացված առաջարկությունները՝ նախագծերի տեսքով:

    5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

    Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ, ինչն իր հերթին բխում էր Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից:


    Տեղեկանք գործող օրենքներում փոփոխվող հոդվածների վերաբերյալ
    Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

    Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

    Գրություն