Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-23289-11.04.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը «ժամկետից» բառից հետո լրացնել «կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 62-րդ հոդվածում՝

1) 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է դատապարտյալի նկատմամբ նշանակված հիմնական պատիժը կրելուց հետո: Այն դեպքում, երբ արդարադատության բնագավառում պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համաձայնություն է ձեռք բերում դատապարտյալին պատժի մնացած մասը կրելու նպատակով իր քաղաքացիության երկիր փոխանցելու վերաբերյալ, ապա օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ  դատական ակտը համարվում է ի կատար ածված դատապարտյալի փոխանցումն իրականացնելու մասին արդարադատության բնագավառում պետական լիազոր մարմնի ծանուցումն ստանալուց հետո:Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 84-րդ կամ 85-րդ հոդվածով սահմանված կարգով կայացվել է անձին պատժից ազատելու վերաբերյալ որոշում, օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է փորձաշրջանն ավարտվելուց հետո: Սույն օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում անձին պատժի հետագա կրումից ազատելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասով կամ 88-րդ հոդվածով սահմանված կարգով անձին հիմնական պատժից ազատելու դեպքում օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կատարվում է պատժի հետագա կրումից կամ պատժից ազատելուց հետո:

5. Օտարերկրյա քաղաքացին կարող է վտարվել իր քաղաքացիության պետություն կամ այն պետություն, որտեղ վերջինս մշտապես բնակվում է:Վտարման երկիրը սահմանում է դատարանը՝ հաշվի առնելով դատապարտյալի կարծիքը:».

2) լրացնել 6-րդ եւ 7-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6. Այս պատժատեսակը չի կարող նշանակվել`

1) փախստականի կարգավիճակ ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած անձի նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,

2) չվերադարձելիության սկզբունքից օգտվող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի,

3) մինչեւ հանցանք կատարելը Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձի հետ ամուսնացած կամ խնամքին Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա ունեցող անձի նկատմամբ,

4) եթե անձը վտարվող պետության տարածքում քրեական հետապնդման է ենթարկվում այնպիսի արարքի համար, որը կարող է պատժվել մահապատժով,

5) եթե հիմնավորվում է, որ վտարվող պետության տարածքում անձը կարող է հետապնդման ենթարկվել ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար, կամ

6) եթե հիմնավորվում է, որ վտարվող պետության տարածքում անձը կարող է ենթարկվել խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

7. Հայաստանի Հանրապետությունից չեն կարող վտարվել այն անձինք, որոնց նկատմամբ նշանակվել է սույն հոդվածով նախատեսված պատիժը, սակայն մինչեւ պատժի կատարումը դատապարտյալը ձեռք է բերել փախստականի կամ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածի կարգավիճակ, կամ նրա նկատմամբ հաստատվել է չվերադարձելիության սկզբունքի կիրառելիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 3. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասում «անձին որպես մեղադրյալ ներգրավելու» բառերը փոխարինել «անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 86-րդ հոդվածի վերնագրում «Պատժի» բառը փոխարինել «Հղի կնոջ կամ խնամքին մինչեւ 6 տարեկան երեխա ունեցող անձի պատժի» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «137-րդ հոդվածի» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 137-րդ հոդվածի» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 153-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով.

«5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված իրավաբանական անձանց կողմից «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման եւ դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի (սույն հոդվածում այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին հավելվածի սանդղակով սահմանված նյութեր արտադրելը, ձեռք բերելը, պահպանելը Կոնվենցիայի մասնակից պետությանը չպատկանող տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դրանք տեղափոխելը Կոնվենցիայի մասնակից պետությանը չպատկանող տարածք՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 1-ին սանդղակում ընդգրկված նյութեր արտադրելը, ձեռք բերելը, պահպանելը, տեղափոխելը եւ օգտագործելը այնպիսի նպատակներով, որոնք արտոնված չեն Կոնվենցիայով (հետազոտական, առողջապահական, բժշկական, դեղագործական եւ պաշտպանական), ինչպես նաեւ վերափոխանցելը երրորդ պետություն՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող պետության տարածքում Կոնվենցիայի 2-րդ սանդղակում ընդգրկված նյութեր ձեռք բերելը կամ այլ անձի տրամադրելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասում «տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ» բառերը հանել:

Հոդված 8. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասում «կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը» բառերից հետո «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:

Հոդված 9. Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասում «տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ» բառերը հանել:

Հոդված 10. Օրենսգրքի 198-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են 12 տարին չլրացած անձի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:».

2) լրացնել նոր՝ 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածի իմաստով՝ անօգնական վիճակում գտնվող է համարվում հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված անձը:»:

Հոդված 11. Օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից հանել «12-ից» բառը:

Հոդված 12. Օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասը «մասնակցելուց» բառից առաջ լրացնել «մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասում «նվազագույն աշխատավարձի եռապատիկը» բառերը փոխարինել «3000 Հայաստանի Հանրապետության դրամը» բառերով:

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել նոր 221.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 221.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը

1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից խոշոր չափով չկատարելը կամ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամ կատարված նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրում քարոզչության նպատակով ձեռք բերված ապրանքը կամ մատուցված ծառայությունը շուկայական արժեքով չներառելը (եթե դա ձեռք է բերվել կամ մատուծվել է անհատույց կամ շուկայական արժեքից ցածր գնով կամ մինչեւ նախընտրական հիմնադրամի կամ հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի ձեւավորումը), որը կազմել է խոշոր չափ՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամ կատարված նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը կամ հանրաքվեի քարոզչության հիմնադրամ կատարված նվիրատվությունների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը քվեարկությունից հետո օրենքով՝ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփոման համար սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ ընկած ժամանակահատվածում չներկայացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ խոշոր չափ է համարվում 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը:»:

Հոդված 15. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասում «նվազագույն աշխատավարձի հազարապատիկը» բառերը փոխարինել «1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը» բառերով:

Հոդված 16. Օրենսգրքի 310-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սույն հոդվածի իմաստով՝ գույք է համարվում սույն օրենսգրքի 121-րդ hոդվածի 10-րդ մասով սահմանված գույքը:»:

Հոդված 17. Օրենսգրքի 396-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Պրեկուրսորների զգալի չափերը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 18. Օրենսգրքի 447-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «չձեռնարկելը» բառից հետո լրացնել «կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը» բառերով.

2) լրացնել նոր՝ 2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացնելը կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովելը, որը կատարվել է նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից եւ խախտումները վերացնելու վերաբերյալ ուժի մեջ մտած վարչական ակտը չկատարելուց հետո՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժակետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:

Հոդված 19. Օ րենսգրքի 448-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 448. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը, ինչպես նաեւ ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը

1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը, ինչպես նաեւ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանի կամ քաղաքաշինական նորմի կամ կանոնի էական խախտումով շենքի, շինության կամ այլ կառույցի կառուցումը կամ վերակառուցումը կամ տեղադրումը չդադարեցնելը կամ անօրինական կառույցը չքանդելը կամ չապամոնտաժելը կամ առանց թույլտվության շինարարության կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը, որը կատարվել է նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում`

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով , կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանփակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժակետով, կամ կարճաժակետի ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժակետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:»

Հոդված 20. Օրենսգրքի 456-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ

2) շահադիտական դրդումներով՝

պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»:

Հոդված 21. Օրենգրքի 499-րդ հոդվածում «ազատազրկմամբ՝» բառից հետո «առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «առավելագույնը երկու տարի ժամկետով:» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի Հավելված N1-ում՝

1) վերնագրում «հանցագործությունների» բառը փոխարինել «հանցանքների» բառով.

2) «Հոդված 221. Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 221.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ օրենքով սահմանված՝ նախընտրական քարոզչության ծախսերը նախընտրական հիմնադրամից չկատարելը կամ հանրաքվեի քարոզչության ծախսերը հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամից չկատարելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները չհայտարարագրելը կամ հայտարարագիր չներկայացնելը»:

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն