Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6932-22.09.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության (2003 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ ՀՕ-43-Ն) օրենքի 2-րդ հոդվածի «կառավարության լիազոր մարմին» բառերը փոխարինել «կենտրոնական բանկ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում՝

ա) «ա» կետը «անհրաժեշտությունից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով» բառերով.

բ) «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունը

1. Գրավատնային գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետւթյան օրենքով սահմանված կարգով ստուգումներ եւ հեռակա վերահսկողություն իրականացնելու միջոցով:

2. Լիազոր մարմինը վերահսկողության արդյունքներով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում կիրառում է սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում գրավատների կազմակերպիչները պարտավոր են նաեւ համապատասխան տեղեկություններ տրամադրել լիազոր մարմնին՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության» բառերը փոխարինել «ստուգումների կամ հեռակա վերահսկողության» բառերով:

Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Լիցենզիայի գործողության կասեցումը

1. Լիազոր մարմինը կարող է կասեցնել լիցենզիայի գործողությունը՝

ա) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերի պահանջը.

բ) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը.

գ) եթե գրավատունն ունի հարկերի եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

դ) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «դ» կամ «թ» ենթակետերի պահանջը.

ե) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» եւ «դ» ենթակետերի պահանջը.

զ) եթե գրավատունը խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջը.

է) գրավատան կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու դեպքում.

ը) գրավատան կողմից օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիցենզավորող մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.

թ) գրավատան կողմից պարբերաբար խախտումներ կատարելու դեպքում: Պարբերաբար է համարվում այն խախտումը, որի կատարման համար լիցենզավորված անձը 1 տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ գրավոր նախազգուշացվել է.

ժ) գրավատան կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումներին խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

ժա) գրավատան կողմից գրավատնային գործունեությունից բխող՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրվանից ավելի ժամկետով խախտելու դեպքում.

ժբ) գրավատան կողմից իր գործունեության ընթացքում լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաեւ գրավատնային գործունեութունը կարգավորող օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների կոպիտ խախտման դեպքում.

ժգ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

ժդ) տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.

ժե) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության «ժդ» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիցենզիայում նշված ժամկետում տարեկան պետական տուրքը չվճարելու օրվանից:

5. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում գրավատան կողմից գրավատնային գործունեություն իրականացնելը (նոր վարկեր տրամադրելը) համարվում է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության իրականացում:»:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել՝

ա)  եթե գրավատունը սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվություններում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) եթե գրավատունը լիցենզիա ստանալու համար հայտը ներկայացնելիս կամ դրանից հետո՝ մինչեւ լիցենզիան ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ (եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման).

գ) եթե գրավատունը սույն օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել խախտում տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

դ) եթե գրավատունը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

ե) գրավատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու դեպքերում.

զ) գրավատան կողմից չարամտորեն խախտումներ կատարելու դեպքում.

է) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ գրավատնային գործունեություն կամ դրա առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

ը) լիազոր մարմնի՝ օրենքով սահմանված կարգով տրված նախազգուշացումը՝ խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում.

թ) կազմակերպչի դիմումի համաձայն.

ժ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիազոր մարմնի կողմից լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմամբ:

2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «թ» կետով նախատեսված դեպքի, լիցենզիայի գործողությունը դադարեցնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լիցենզիա ստանալու համար իրավունք չունեն դիմելու`

ա) այն կազմակերպությունը, որի լիցենզիայի գործողությունը դադարեցվել է.

բ) լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերի արձանագրման պահին այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցություն ունեցող կազմակերպությունը.

գ) այն կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցությամբ որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերի արձանագրման պահին լիցենզիան ուժը կորցրած կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցել է մեկ երրորդից ավելի մասնակցություն:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիազոր մարմնի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու կամ լիազորված մարմնի կողմից պատշաճ առաքելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզավորված անձի դիմումով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Սույն հոդվածի առաջին մասի «ե» կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիցենզավորված իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու օրվանից:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից 21.07.2005թ. հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի միավորված կարգավորման եւ վերահսկողության ներդրման հայեցակարգը»:

Մասնավորապես նախագծերը նպատակ ունեն Հայաստանի Հանրապետությունում ներդնել ֆինանսական համակարգի միավորված վերահսկողություն, որը կոչված է ապահովելու երկրի ֆինանսական կայունությունը, ֆինանսական շուկայի մասնակիցների համար ազատ մրցակցային պայմաններ եւ պաշտպանել ֆինանսական շուկայի հաճախորդների շահերը:

ՀՀ-ում ֆինանսական համակարգի միավորված վերահսկողության նախադրյալներն են.

Միասնական վերահսկողության ներդրման պահանջը բխում է ֆինանսական շուկայում առկա ռիսկերի կառավարման եւ դրանց նվազեցման անհրաժեշտությունից: Մասնավորապես, ներկայումս ՀՀ ֆինանսական համակարգում ձեւավորված իրավիճակն այնպիսին է, որ ֆինանսական շուկայի առանձին մասնակիցների մոտ առաջացող ռիսկերը մեծ ազդեցություն են թողնում այլ մասնակիցների գործունեության վրա: Այս իրավիճակի խորացմանն է նպաստում նաեւ այն հանգամանքը, որ ֆինանսական շուկան արագ արձագանքում է տարբեր տեսակի ինովացիաներին, որոնց ներդրումը շուկայի որոշակի հատվածում իր ազդեցությունն է թողնում այլհատվածների վրա: Մասնավորապես, բանկերի կողմից առաջարկվող որոշ նոր ծառայություններ կապված են ապահովագրության հետ ( գրավի ապահովագրություն, հաճախորդի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրում ) , ինչը ենթադրում է, որ բանկի գործունեության վրա ազդում են նաեւ ապահովագրական ռիսկերը եւ հակառակը՝ ապահովագրական ընկերության վրա ազդում են բանկային ռիսկերը:

Ուշադրության է արժանի նաեւ մասնավոր կենսաթոշակային ապահովագրության ձեւավորումը եւ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների ակնկալվող մուտքը ՀՀ ֆինանսական շուկա: Վերջիններիս հաջող գործունեությունը պայմանավորված կլինի պահառու-բանկերի եւ ակտիվների կառավարիչների արդյունավետ եւ կայուն գործունեությամբ, ինչն ապահովելու համար դրանց գործունեության կարգավորման դաշտը եւ վերահսկողությունը պետք է հաշվի առնեն կենսաթոշակային հիմնադրամների մասնակիցների միջեւ փոխհարաբերությունները եւ ռիսկերը:

Ռիսկերի կառավարման համապարփակ մոտեցում է պահանջում նաեւ ՀՀ բանկային համակարգի ունիվերսալությունը, ինչը ենթադրում է, որ ՀՀ բանկերը կարող են ակտիվ գործել արժեթղթերի շուկայում: Սակայն, բանկերի միջոցները արժեթղթերի շուկայում ներդնելու անհրաժեշտ նախապայմաններից է ընդունելի ռիսկայնությամբ արժեթղթերի առկայությունը շուկայում: Թե՛ արժեթղթեր թողարկողի եւ թե՛ բանկերի նկատմամբ ներկայացվող պահանջները պետք է բխեն մեկը մյուսից,արժեթղթերի շուկայում առկա ռիսկերը տեսանելի պետք է լինեն բանկային վերահսկողության համար եւ հակառակը՝ բանկային համակարգում առկա ռիսկերը տեսանելի՝ արժեթղթերի շուկայի վերահսկողության համար:

Միավորված կարգավորման եւ վերահսկողության ստեղծումը թույլ կտա էականորեն բարձրացնել ֆինանսական շուկայի ռիսկերի բացահայտման արդյունավետությունը (այդ թվում՝ դրանց կանխարգելման ճանապարհով), ինչը կարող է ֆինանսական շուկայի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ գործոն հանդիսանալ:

Բացի վերը նշվածից, միավորված կարգավորման եւ վերահսկողության առկայությունը դյուրին կդարձնի ֆինանսական շուկայի զարգացմանն ուղղված միասնական միջոցառումների մշակման եւ իրականացման գործընթացը ( կնվազի ֆինանսական շուկայի առանձին հատվածների թերզարգացածության ռիսկը ) : Բացի այդ, դա կբարձրացնի ֆինանսական շուկայում ճգնաժամային իրավիճակների կանխարգելմանը միտված միջոցառումների արդյունավետությունը՝ էականորեն բարձրացնելով որոշումներ ընդունելու օպերատիվությունը:

Միավորված կարգավորման եւ վերահսկողության մոդելին անցումը արդարացվում է նաեւ ծախսերի նվազման տեսանկյունից: Քանի որ ՀՀ ֆինանսական համակարգը շատ փոքր է, նպատակահարմար չէ ամեն մի հատվածի համար կազմավորել եւ պահել վերահսկող ու կարգավորող առանձին մարմին: ՀՀ համար այս գործոնի դերը մեծ է, քանի որ հնարավորություն է տալիս քիչ ծախսերով ապահովել վերահսկողության բարձր արդյունավետություն:

ՀՀ-ում միավորված կարգավորման եւ վերահսկողության ներդրումը բխում է ֆինանսական շուկայի արդյունավետ վերահսկողության միջազգային լավագույն փորձից: Վերջին հանգամանքը կարեւորվում է նաեւ նրանով, որ ՀՀ ֆինանսական շուկան ( այդ թվում նաեւ վերահսկողությունը ) դեռ վերջնականապես ձեւավորված չէ եւ, այս առումով, դա հնարավորություն կտա խուսափելու անցումային շրջանի բարդություններից եւ թերություններից:

Նախագծերով նախատեսվում է, որ միավորված կարգավորման եւ վերահսկողության համակարգով վերահսկվի եւ կարգավորվի ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների, գրավատների եւ այլ ֆինանսական միջնորդ կազմակերպություններիգործունեությունը: Իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններն ու սկզբունքները սահմանվեն ՀՀ օրենքներով:

Նախագծերով միավորված կարգավորման եւ վերահսկողության համակարգը նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, քանի որ Կենտրոնական բանկը անկախ ու կայացած ինստիտուտ է, որի ռեսուրսները եւ ինստիտուցիոնալ կարողությունները բավարար են գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար: