Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում
Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է՝
1) Հայաստանի Հանրապետության, նրա վարչատարածքային միավորների եւ դրանց բաղկացուցիչ մասերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարաբնակեցման համակարգերի ձեւավորման, տարածքների կայուն զարգացման եւ դրանց նպատակային օգտագործման ուղղությունների եւ գերակայությունների, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներատրանսպորտային եւ այլ ենթակառուցվածքների կազմակերպման, կանխատեսման, ծրագրման եւ նախագծման բոլոր տեսակները.
2) շենքերի, շինությունների նախագծման եւ շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաեւ տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.
3) շենքերի, շինությունների շահագործումը՝ իրավական ակտերի, քաղաքաշինական եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Կենսագործունեության միջավայրը կամ կենսամիջավայրը, բնական եւ արհեստական օբյեկտների, երեւույթների եւ դրանց փոխկապակցվածությունն ապահովող գործոնների համադրությամբ ձեւավորվող տարածական միջավայրն է, որը ներազդում է մարդու կյանքի որակի, հոգեբանական ու ֆիզիկական զգացողության վրա:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակները
1. Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը հասարակայնության մասնակցության նպատակներն են՝
1) պետության, հասարակության եւ քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը.
2) հրապարակայնության, մասնակցելիության եւ ներառականության ապահովումը (նաեւ առցանց (հեռավար) եղանակով), բացի օրենքով սահմանված դեպքերից.
3) քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի լավագույն լուծումների ընտրությանն օժանդակելը:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների իրավունքները
1. Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացման ընթացքում հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք ունեն՝
1) ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին.
2) մինչեւ հրապարակված քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի հաստատումը՝ մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական եւ նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր եւ ծրագրեր.
3) հրապարակված քաղաքաշինական ծրագրերը եւ նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության.
4) դատական կարգով գանգատարկել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունները:
2. Համապատասխան մարզպետը եւ համայնքի ղեկավարը պարտավոր են ապահովել քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի փոփոխությունների իրականացմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունը:
Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկմանը եւ հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը եւ որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Քաղաքաշինական գործունեության միջոցով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկելը
1. Համապատասխան մարզպետը եւ համայնքի ղեկավարը պարտավոր են մարզպետարանի եւ համայնքի պաշտոնական կայքերում հրապարակումներով, հասարակության տարբեր շերտերի ներգրավմամբ հանրային քննարկումներով, ինչպես նաեւ հնարավորության դեպքում առցանց եղանակով ծրագրերի եւ նախագծերի ցուցադրման միջոցառումներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրազեկել կենսագործունեության միջավայրի, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերով նախատեսվող քաղաքաշինական միջավայրի փոփոխությունների մասին՝ տեղեկացնելով եւ հնարավորության դեպքում հանրային իրազեկման միջոցառումներին ապահովելով քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացուցչի մասնակցությունը:
Հանրային քննարկումների արդյունքներն ունեն խորհրդակցական բնույթ:»:
Հոդված 5. «Օրենքի 14.3-րդ հոդվածի՝
1. 8.1-րդ մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի կողմից» բառերը փոխարինել «Կոմիտեի կողմից» բառերով:
2. 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Համայնքի ավագանին, հաստատելով գլխավոր հատակագիծը, իրավունք է ստանում սույն օրենքով եւ ՀՀ կառավարության սահմանված կարգով փոխելու հողամասերի նպատակային նշանակությունը՝ գլխավոր հատակագծով նախատեսված ծավալով ու փուլերով:»:
3. 16-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«16. Հաստատված գլխավոր հատակագծեր եւ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր ունեցող համայնքներում հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես սույն օրենքով սահմանված կարգով գլխավոր հատակագծերում եւ միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:»:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«զ) միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից տարածքներում:»:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: