Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-244-27.04.2022-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ՝. «Ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:»:

2. Օրնքի նույն հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝. «Մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ միջպետական փոխադրումների կազմակերպման համար մրցույթին ներկայացվող մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2.

Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասն ավելացնել նոր կետով՝. «զ.1) սույն օրենքի 13-րդ հոդվածի երկրորդի առաջին մասում նշված պայմանների խախտումները.»:

Հոդված 3.

Օրենքի 13-րդ հոդվածն ավելացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ. «2.1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը մրցութային եղանակով արդեն ընտրված եւ կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ օպերատորների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շահագործվող ներհամայնքային կանոնավոր երթուղիները 2023 թվականի հունվարի 1-ից հետո ավտոտրանսպորտային միջոցներով համալրելու կամ փոխարինելու դեպքում դրանք պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:»:

Հոդված 4.

Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «Փոխադրումների ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղեւորներն իրավունք ունեն օգտվելու հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերից: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու ընթացքում ավտովարորդները պարտավոր են աջակցելու հաշմանդամություն ունեցող ուղեւորներին (ներառյալ ֆիզիկական աջակցությունը եւ տեղեկատվության տրամադրումը)՝ օգտվելու ուղեւորափոխադրման ընթացքում օրենքով սահմանված իրենց իրավունքներից:»:

Հոդված 5.

Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ նախադասությամբ. «4. Ավտոկայարանային գործունեության կազմակերպումը պետք է համապատասխանի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջներին, որոնք սահմանվում են Ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:»:

Հոդված 6.

Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «7.1 Մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային եւ միջպետական փոխադրումնրերից օգտվելիս հաշմանդամություն ունեցող ուղեւորն իրավունք ունի ծանրոցից եւ ուղեբեռից բացի իր հետ անվճար փոխադրելու նաեւ աջակցող միջոցներ եւ/կամ դրանց մաս կազմող սարքավորւմներ:»:

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային գործունեությունը ներառական եւ մատչելի դարձնելու, հաշմանդամություն ունեցող ուղեւորների իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարմամբ:

Առկա կարգավորմամբ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված է՝ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման եւ իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Իսկ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետով մրցույթներին մասնակցող կազմակերպությունների համար սահմանված է տեղաշարժվելու, տեսողության եւ լսողության խնդիրներ ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող ավտոբուսների առկայության պահանջ՝ ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով:

Այս պայամնը սակայն չի բխում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքնների մասին» ՀՀ օրենքի պահանջից եւ բավարար չափով չի ապահովում հատկապես ներհամայնքային փոխադրումների մատչելիութունը: Ավելին, նույնիսկ վերջին տարիներին տարբեր համայնքներում ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տրանսպորտային բարեփոխումներին, տրանսպորտային միջոցների ձեռբերմանը եւ ավտոմոբիլային պարկերի թարմացմանն ուղղված միջոցառումները չեն ստեղծում հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Օրենքով կարգավորված չեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման, նստեցման եւ իջեցման սկզբունքները, աջակցող միջոցների տեղափոխման հարցերը, ինչպես նաեւ ավտովարորդների պարտականությունները հաշմանդամություն ունեցող ուղեւորների իրավունքների իրացման հարցում: Մատչելիության պարտադիր պայմաններ ամրագրված չեն նաեւ ավտոկայարանային գործունեության կազմակերպմանը ներկայացվող ընդհանուր պահանջներում:

Նկատի ունենալով, որ հատկապես ներհամայնքային տրանսպորտային փոխադրումներն առանցքային դեր ունեն մարդու հիմնարար իրավունքների իրացման հարցում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու եւ նրանց ներառմանը նպաստելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացում եւ փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություն եւ լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես ՝

- ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ,

- կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղեւորների կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը,

- հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղեւորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում,

- սահմանել մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար,

- սահմանել մատչելիության պարտադիր պահանջ մինչեւ սույն օրենքի ուժի մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները նոր տրանսպորտային միջոցներով համալրման կամ փոխարինման դեպքում:

3.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կստեղծվեն իրավական հիմքեր ներհամայնքային երթուղիների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցների մատչելիությունն ապահովելու համար, կամրագրվեն նմանատիպ պահանջներ ավտոկայարանային գործունեության կազմակերպման դեպքում, կհստակեցվեն հաշմանդամություն ունեցող ուղեւորների փոխադրման, աջակցող միջոցների տեղափոխման գործընթացները, ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղեւորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ




25.04.2022

ՀՀ ԱԺ նախագահ
պարոն Ալեն Սիմոնյանին

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը:

Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են.

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Զարուհի Բաթոյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով օրինագիծը դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝ Զարուհի Բաթոյան