Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-248-29.04.2022-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Կարդալ այստեղ
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենսդրությունը «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ընդունված այլ իրավական ակտերով սահմանված կարգավորումներին համապատասխանեցման հանգամանքով:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը: Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից կիրառման նպատակով նախատեսվել են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների գտնվելու, մաքսային հայտարարագրման, մաքսային վճարների վճարման, մաքսային հսկողության իրականացման եւ մի շարք այլ մաքսային հարաբերությունների հետ կապված միասնական կարգավորումներ: Միաժամանակ, սահմանված հարաբերությունների շրջանակներում մի շարք կարգավորումներ վերապահվել են անդամ պետությունների ազգային օրենսդրությունների կարգավորմանը:

Խնդիրը կայանում է նրանում, որ գործող «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը չի արտացոլում ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթների ամբողջ բովանդակությունը, քանի որ մշակված է եղել ԵԱՏՄ հին մաքսային օրենսգրքի կարգավորումների հիման վրա: Միաժամանակ, գործող օրենքում փոփոխություններ իրականացնելու փոխարեն ամբողջությամբ նոր նախագծի ներկայացումը պայմանավորված է կատարվող փոփոխությունների մեծ ծավալով եւ օրենքի կառուցվածքի փոփոխությամբ, քանի որ կառուցվածքը նույնպես համապատասխանեցվում է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի կառուցվածքին:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝

1) սահմանել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով եւ ԵԱՏՄ շրջանակներում մաքսային ոլորտում կիրառվող այլ իրավական ակտերով նախատեսված՝ ազգային օրենսդրություններին վերապահված կարգավորումները,

2) հստակեցնել արդեն իսկ սահմանված մի շարք կարգավորումներ եւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի կառուցվածքը համապատասխանեցնել գործող՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին,

3) նախատեսել, որ բոլոր դեպքերում դիմումները մաքսային մարմիններին կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով, ինչպես նաեւ հայտարարատունների կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ ունենալու դեպքում մաքսային մարմինների կողմից ծանուցումները եւ այլ փաստաթղթեր ու որոշումներ կարող են հայտարարատուներին ուղարկվել էլեկտրոնային եղանակով,

4) հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի գծով վճարումների իրականացման համար ներդնել կանխավճարների համակարգ,

5) ներմուծման մաքսատուրքի գերավճարները կարող են հաշվանցվել մաքսային վճարների (ԱԱՀ, ակցիզային հարկ, պետական տուրք), ինչպես նաեւ հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների մարմանը, իսկ հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերը կարող են հաշվանցվել մաքսային վճարների պարտավորությունների մարմանը: Խնդիրը կայանում է նրանում, որ չնայած ԵԱՏՄ պայմանագրի 5-րդ եւ 8-րդ հավելվածներով այդ հաշվանցումները կատարելու համար դրույթներ նախատեսված են, սակայն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 92-րդ հոդվածով սահմանված է, որ ներմուծման մաքսատուրքը չի կարող հաշվանցվել այլ վճարների հաշվին: Կարգավորման ընդունումից եւ ծրագրային ապահովման ներդրումից հետո այդ հաշվանցումները կարող են կատարվել,

6) հանել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած՝ Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված մաքսատուրքի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի վերադարձման կամ հաշվանցման համար սահմանված՝ 3 տարվա վաղեմության ժամկետը: Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերի վերադարձման կամ հաշվանցման համար դիմումն ընդունվում է, եթե չի անցել այդ գումարների վճարման կամ գանձման օրվանից երեք տարին, ինչը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց զրկում է գումարները երեք տարի հետո հետ ստանալու հնարավորությունից,

7) ներդնել կամերալ մաքսային ուսումնասիրության համակարգ, որը հնարավորություն կընձեռի մինչեւ մաքսային ստուգում սկսելը մաքսային մարմնում իրականացնել համապատասխան ուսումնասիրություններ եւ խախտումների հայտնաբերման դեպքում հայտարարատուններին առաջարկել վերացնել խախտումները: Համակարգի ներդրումը կհանգեցնի օրենսդրության խախտումների կրճատման եւ հայտարարատունների համար չի հանգեցնի պատասխանատվության, իսկ հայտարարատուների կողմից չարձագանքելու դեպքում նոր միայն կարող է սկսվել մաքսային ստուգում,

8) հստակեցնել չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված տեսքով ապրանքների տեղափոխման դեպքում մաքսային հայտարարագրման համակարգը եւ ստեղծել հնարավորություն կոմպլեկտավորված, ավարտուն ապրանքի վերջին բաղադրիչի համար մաքսային հայտարարագրի ներկայացման ժամկետը (Միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ 2 տարի) մեկ տարով երկարաձգելու համար , իսկ լրացուցիչ երկարաձգման անհրաժեշտության դեպքում՝ մինչեւ 6 տարով: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ գործող օրենսդրությամբ  չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ապրանքների հայտարարագրման համակարգը թերի է եւ այդ ապրանքների հայտարարագրման համար վերջնաժամկետը սահմանված է մեկ տարի՝ եւս վեց ամսով երկարձգեելու հնարավորությամբ, սակայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով ստեղծված է հնարավորություն այդ ապրանքների առանձին բաղադրիչների վերաբերյալ մի քանի հայտարարագիր ներկայացնելու միջոցով հայտարարագրելու համար՝ նշելով կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող ապրանքի ծածկագրին համապատասխանող ծածկագիրը: Այդ ներմուծումների համար սահմանված ժամկետը 2 տարի է՝ ազգային օրենսդրությամբ երկարաձգելու հնարավորությամբ,

9) նախատեսել ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման հնարավորություն,

10) նախատեսել մաքսային գործառնությունների իրականացման ժամանակահատվածի կրճատման, ինչպես նաեւ մաքսային հայտարարագրման գործընթացում անձանց օժանդակելու նպատակով մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրերի լրացման հնարավորություն՝ հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի եւ փաստաթղթերի հիման վրա: Այս գործողությունների համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսվում է սահմանել նաեւ պետական տուրք,

11) նվազեցնել սահմանված ժամկետներում մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման եւ փոխհատուցման տուրքերը, ինչպես նաեւ մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու համար գանձվող տույժերի հաշվարկման դրույքաչափը գործող՝ ժամանակին չվճարված գումարի 0.15 տոկոսի փոխարեն սահմանելով՝ 0.04 տոկոս, իսկ տույժերի կիրառման ժամանակահատվածն առաջարկվում է 365 օրից դարձնել 730 օր (ՀՀ հարկային օրենսգրքի նմանությամբ),

12) սահմանել, որ մինչեւ մաքսային, այլ փաստաթղթերի եւ (կամ) տեղեկությունների ստուգման ավարտը ապրանքների բաց թողնման դեպքում, երբ ապրանքների հայտարարագրումն իրականացնում է մաքսային ներկայացուցիչը (հայտարարատուի անունից), որը հայտարարատուի հետ միասին կրում է մաքսային վճարները վճարելու համապարտ պարտավորություն, ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսային վճարների գծով պարտավորությունների կատարման ապահովում հայտարարատուն չի ներկայացնում, եթե հայտարարատուի առկա պարտավորությունը չի գերազանցում՝

ա) 2022 թվականի համար՝ մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացրած մաքսային վճարների ապահովման 20 տոկոսը.

բ) 2023 թվականի համար՝ մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացրած ապահովման 35 տոկոսը.

գ) 2024 թվականի եւ հաջորդող տարիների համար՝ մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացրած ապահովման 50 տոկոսը,

13) սահմանել նաեւ մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվությանը եւ գործերի վարույթին վերաբերող հարաբերությունները, որոնք ներկա փուլում նախատեսված են 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՀ մաքսային օրենսգրքի համապատասխան բաժնով, սակայն ՀՀ մաքսային օրենսգրքի մյուս բաժիններն ուժը կորցրած են ճանաչվել՝ պայմանավորված դեռեւս 2015 թվականին «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով:

Բացի այդ, ներկայացված փաթեթում ներառված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է պետական տուրք սահմանել մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտ պարունակող ապրանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու, հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի, մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տեսքը ձեւավորելու համար մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակը:

Միեւնույն ժամանակ, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում են որոշակի հստակեցումներ՝ կապված ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծումների ժամանակ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան միագումար մաքսային վճարի ձեւով գանձվող մաքսատուրքերով եւ հարկերով հարկման ենթակա ապրանքների՝ ԱԱՀ-ով հարկման հետ:

«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով համապատասխան իրավասություններ են սահմանվում մաքսային մարմինների համար:

4. Կարգավորման առարկան. Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված կարգավորումներն ու մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցների հետ կապված դրույթներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարաբերությունները, սահմանել մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոցները:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի փաթեթը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ՝ «Հարկաբյուջետային քաղաքականություն» եւ 6.9-րդ՝ «Հարկային եւ մաքսային վարչարարություն» բաժինների մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցման եւ դրա արդյունավետության բարձրացման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասցնելու ստվերային տնտեսությունը եւ երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավասար պայմաններ: Այս նպատակների իրագործման համար Կառավարությունը սահմանելու է ընկալելի եւ կանխատեսելի հարկային կանոններ, որոնք նպաստելու են ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացներում տնտեսավարողների որոշումների կանխատեսելիության բարձրացմանը: Հարկային եւ մաքսային վարչարարության համաչափությունը լինելու է վարչարարական արդյունավետության հիմքը, բարձրացնելու է հարկերի վճարման կամովիությունը եւ ստեղծելու է տնտեսական գործունեության պայմանների համահավասարության համընդհանուր ընկալում:

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը, իրավակիրառ պրակտիկան, ինչպես նաեւ մաքսային համակարգի կազմակերպակառավարչական մոտեցումները, ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, ստանալու են պարզ վարչարարության լավագույն կիրառության լուծումներ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն