Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-253-04.05.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի՝ 129.2-րդ հոդվածի՝

1) 129.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հիսունապատիկի չափով» բառերով,

2) 129.2-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 48 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1292 հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տեւել է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Նշված հոդվածից բխում է, որ վարույթն իրականացնող լիազոր մարմինը՝ Ճանապարհային ոստիկանությունը, լիազորված է յուրաքանչյուր 10 օրը մեկ վեր հանել այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք չունեն ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր (այսուհետ` ԱՊՊԱ պայմանագիր) եւ սեփականատերերի նկատմամբ կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ:

Ըստ ներկայիս կարգավորումների՝ միեւնույն տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ մեկ տարվա ընթացքում պետք է 20 անգամ տույժ նշանակել 5-հազարական դրամի չափով:

Օրենքից բխող վերը նշված վարչարարությունը ներկայումս հնարավոր չէ արդյունավետ իրականացնել, քանի որ ՀՀ-ում հաշվառված տասնյակ հազարավոր տրանսպորտային միջոցներ չեն շահագործվում ՀՀ-ում, այլ՝ նրա սահմաններից դուրս, եւ դրանց հիմնական մասը ՀՀ վերադառնալու հեռանկար չունի: Բացի այդ, բազմաթիվ տրանսպորտային միջոցների փաստացի սեփականատերերը եւ հաշվառման տվյալներում առկա սեփականատերերը նույնական չեն: Գործնականում Ճանապարհային ոստիկանությունը վերը նշված հանգամանքների պատճառով երբեէ չի կիրառել այս նորմն այնպես, ինչպես նշված է Օրենքում, այն է՝ մեկ տարվա ընթացքում 20 անգամ տուգանել ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը:

Նշվածից պարզ է դառնում, որ լիազոր մարմինը չի կարող օրենքից բխող պարբերականությամբ արդյունավետ վարչարարություն իրականացնել եւ իրական հասցեական սուբյեկտներին վարչական տույժի ենթարկել, բացի այդ, միջին ապահովագրավճարը ՀՀ-ում ներկայումս կազմում է մոտ 40 հազար դրամ, ինչից պարզ է դառնում, որ մեկ տարվա մեջ հարյուր հազար դրամ ընդհանուր տուգանքի չափը համաչափ չէ իրավախախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին:

Վերը նշված հոդվածի երկրորդ մասով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանք «Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելու» համար:

Համադրելով Ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի իրավախախտումների համար նախատեսված տույժերը՝ կարելի է ենթադրել, որ նշված վարչական տույժը չի համապատասխանում իրավախախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին, այսինքն՝ անհամաչափ խիստ է, բացի այդ, հարյուր հազար դրամ տուգանքը զգալի սոցիալական բեռ է հանդիսանում հատկապես այն սուբյեկտների համար, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր չեն կնքել հիմնականում ֆինանսական հնարավորությունների պատճառով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված իրավախախտման անմիջական օբյեկտը ոչ թե ճանապարհային երթեւեկության անվտանգությունն է, այլ՝ ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունությունը, արարքի վտանգավորության աստիճանով եւ բնույթով պատասխանատվության միջոցի չափ որոշելը խիստ հարաբերական է դառնում:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հարյուր հազար դրամը ծանր սոցիալական բեռ է այն սուբյեկտների համար, որոնց իրավախախտման կատարման նպաստող պայման է հանդիսացել հենց սոցիալական վիճակը, ապա այս պարագայում ակնհայտ է, որ նման խիստ տույժը կարող է նշված անձանց համար առաջացնել սոցիալական ծանր հետեւանքներ: Օրինակ՝ քաղաքացին, որը հնարավորություն չի ունեցել վճարել 35-40 հազար դրամ ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճար, վարել է տրանսպորտային միջոցը՝ թույլ տալով իրավախախտում, որի համար տուգանվել է հարյուր հազար դրամ, արդյունքում պետք է վճարի եւ՛ հարյուր հազար դրամի չափով տուգանքը, եւ՛ 35-40 հազար դրամ պայմանական ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարը:

Միաժամանկ ավելորդ չի լինի նշել, որ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ առաջնահերթություն է տվել ոչ թե պատժի խստությանը, այլ դրա անխուսափելիությանը եւ իրավախախտին դաստիարակելու տրամաբանությանն այն հաշվառմամբ, որ վարչական իրավախախտման համար անձը ենթարկվի այնպիսի պատասխանատվությանը, որով ոչ թե վերջինս կրի էական ֆինսասական բարդություններ, այլ ստիպված լինի իր վարքագիծը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Որպես նշվածի օրինակ կարելի է նշել 2020 թվականի հունվարի 1-ից ներդրված տուգանային միավորների համակարգը, որով վարչական իրավախախտում կատարած անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ որպես հիմնական տույժ՝ տուգանք ցածր արժեքի չափով, սակայն դրան զուգահեռ ենթարկվում է նաեւ լրացուցիչ տույժի տուգանային միավորի տեսքով, ինչն էլ վերջինիս՝ հետագայում տրանսպորտային միջով վարելու իրավունքի կասեցման սպառնալիքով ստիպում է զերծ մնալ այլեւս ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորումից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

1. Սույն նախագծով առաջարկվում է՝

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի՝ 129.2-րդ հոդվածի՝

1) 129.2-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «հիսունապատիկի չափով» բառերով,

2) 129.2-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 48 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին:»:

3. Ակնկալվող արդյունքը

1. Սույն փոփոխություններով էականորեն կնվազեն տուգանքների չափերը, ինչը կթեթեւացնի սոցիալական բեռը, եթե իրավախախտում կատարած անձը 48 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները:

Գործնականում իրավախախտին հնարավորություն է տրվում հարյուր հազար դրամ տուգանք վճարելու փոխարեն վճարել քսան հազար դրամ եւ տուգանքի նախատեսված գումարի մի մասն օգտագործել իրավախախտման վերացման համար, այսինքն՝ կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Արդյունքում նպաստավոր պայմաններ են ստեղծվում իրավախախտումը սեղմ ժամկետում վերացնելու համար՝ դրանով նաեւ էականորեն թեթեւացնելով սոցիալական բեռը:

Նախագծի ընդունումը կնպաստի պատժի նպատակի կանխարգելիչ եւ դաստիարակչական բաղադրիչի ապահովմանը, քանի որ ցածր արժեքի չափով տույժ կրելով եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքելով անձը կդաստիարակվի եւ հետագայում ձեռնպահ կմնա նման ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորումից, ավելին, միաժամանակ կապահովվի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝

անձին սեփականության իրավունքով պատկանող եւ ՀՀ-ում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու մասին պահանջի կատարումը:

2. Սույն փոփոխություններով լուծվում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1292 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի սանկցիաների համաչափության խնդիրը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



04.05.2022թ.
e-mail: armen.khachatryan@parliament.am

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Սիմոնյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝

Արմեն Խաչատրյան

Քրիստինե Պողոսյան

Լիլիթ Կիրակոսյան