Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետի «գ» ենթակետում «իր հետ փոխկապակցված» բառերը փոխարինել «այլ» բառով.
2) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«11) պաշտոնատար անձ՝ անձ, ով իր զբաղեցրած պաշտոնի ուժով ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոն կամ անձ, որը զբաղեցրել է այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն: Անձը համարվում է համարժեք պաշտոն զբաղեցրած, եթե իր իրականացրած գործառույթներին նույնական կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող անձն ուսումնասիրությունն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանդիսանում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում իրավասու մարմինը տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1.-րդ մասով.
«2.1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում ուսումնասիրություն սկսելու հիմքեր հայտնաբերելուց հետո՝ տասնօրյա ժամկետում իրավասու մարմինը որոշում է կայացնում նոր ուսումնասիրություն սկսելու մասին:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «տեսակի» բառը:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ուսումնասիրությունը կարող է տեւել առավելագույնը երեք տարի:»:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում «կետով» բառը փոխարինել «մասով» բառով:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 2-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) իրավասու մարմնին հայտնի տվյալներ՝ ձեռք բերված գույքի տեսակի, շուկայական արժեքի եւ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու վերաբերյալ.»:
Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում՝ այդ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումար:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.
«4.1. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, ապա իրավասու մարմինը կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձում, եթե առկա չեն այդ գույքի՝ հայցի ներկայացման պահի դրությամբ շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:».
3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Եթե ապօրինի ծագում ունեցող գույքը ծանրաբեռնված է այլ անձանց՝ սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտպանվող իրավունքներով, ապա իրավասու մարմինն իր ընտրությամբ կարող է պահանջել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում կամ հայցի ներկայացման պահի դրությամբ այդպիսի գույքի շուկայական արժեքի, իսկ շուկայական արժեքի պարզման անհնարինության դեպքում՝ այդ գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձում:»:
Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կարող է կայացվել սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չավարտված կամ դրանից հետո նախաձեռնված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների տվյալներով:
3. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ժամկետը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չավարտված կամ դրանից հետո նախաձեռնված ուսումնասիրությունների վրա:
4. Սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին չավարտված կամ դրանից հետո նախաձեռնված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների վրա: