Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-230-07.04.2022,17.05.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները:»:

Հոդված 2. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը «համապատասխան:» բառից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հավատարմագրման կարգի եւ տվյալ մարմինների աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Ստացվում է, որ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:

Գործնականում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ լրագրողները խախտել են հավատարմագրման կարգով սահմանված աշխատանքային գոտում գործող կանոնները, որի մասին պետական մարմնի կողմից նախազգուշացվել է լրատվական գործունեություն իրականացնողը, եւ որից հետո չի հետեւել որեւէ գործընթաց: Ավելին, մի շարք դեպքերում նախազգուշացումից հետո նույն լրագրողները կրկին դրսեւորել են նմանատիպ վարքագիծ: Դեպքերի գերակշիռ մասը վերաբերում են լրագրողների կողմից պատգամավորների հասցեին հնչող սպառնալիքներին, վիավորանքներին, աշխատանքային բնականոն ընթացքի խաթարմանը, թե՛ պատգամավորների, թե՛ այլ լրագրողների բնականոն գործունեութան խոչընդոտմանը:

Օրենքի բացը լրացնելու եւ առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել կանխատեսելի եւ արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը օրենքով սահմանված կարգով տեղեկացվել է լրագրողի կողմից խախտման մասին, չի դիմել պետական մարմնին՝ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու համար եւ այդ փաստից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը թույլ է տվել նույն արարքը՝ այն է՝ խախտել է պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգի կանոնները:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ