Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի 3-րդ նախադասությունը «ձեւերը, » բառից հետո լրացնել «պարտադիր կամ» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 909-Լ որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման» ժամանակացույցի 1.1.1-ին կետի, որով նախատեսված է մշակել առաջարկություններ՝ ուղղված ՀՀ աշխատանքային օրենսգրքում «հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանմանը եւ սահմանված նորմի կիրարկման մեխանիզմների ձեւավորմանը: ՀՀ աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) վերոնշյալ նախագծով նախատեսվող լրացման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում եւ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական օրենսգրքում:
Ներկայում ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված է պարտադիր կամ հարկադիր աշխատանքի արգելքը, ինչպես նաեւ միաժամանակ սահմանված են աշխատանքի այն տեսակները, որոնք չեն համարվում պարտադիր կամ հարկադիր:
Օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված են աշխատանքային օրենսդրության սկզբունքները, որի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է ցանկացած ձեւի (բնույթի) հարկադիր աշխատանքի եւ աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը:
Թեեւ Օրենսգրքում սահմանված է վերը նշված սկզբունքը, սակայն առկա չէ «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանումը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Թեեւ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման» ժամանակացույցի 1.1.1-ին կետով նախատեսված է մշակել առաջարկություններ՝ ուղղված ՀՀ աշխատանքային օրենսգրքում «հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանմանը, սակայն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Օրենսգրքում «հարկադիր աշխատանքի» եզրույթի սահմանման հետ մեկտեղ միասնական կերպով սահմանել նաեւ «պարտադիր աշխատանքի» եզրույթը՝ մեկ միասնական բնորոշմամբ (միասնական՝ որպես «պարտադիր կամ հարկադիր աշխատանք»), ինչպես նաեւ «պարտադիր կամ հարկադիր» աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասի, «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԱՄԿ) N 29 հիմնարար կոնվենցիայի եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջները:
Մասնավորապես, «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» ԱՄԿ N 29 կոնվենցիայով (2-րդ հոդվածի 1-ին մաս) «հարկադիր կամ պարտադիր աշխատանքը» բնորոշվում են միասնական՝ միեւնույն կերպով:
Միաժամանակ, ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով հավասարության նշան է դրվում հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մեջ՝ համապատասխանաբար միեւնույն դրույթով սահմանելով, որ «Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է» (Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մաս), «Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք» («Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչպես նաեւ համապատասխանաբար միեւնույն դրույթով սահմանելով, թե որոնք չեն համարվում «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» (Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մաս, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մաս):
Օրենսգրքում վերոնշյալ լրացումն էապես կարեւորվում է «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» ԱՄԿ N 29 կոնվենցիայի պահանջներին Օրենսգրքի համապատասխանության ապահովման տեսանկյունից:
Անդրադառնալով սահմանվող նորմի կիրարկման մեխանիզմների ձեւավորմանը՝ հարկ է նկատել, որ.
«Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» ԱՄԿ N 29 կոնվենցիայով սահմանված է, որ հարկադիր կամ պարտադիր աշխատանքներում անօրինական ներգրավելը պետք է քրեորեն պատժելի լինի, եւ կոնվենցիան վավերացնող յուրաքանչյուր անդամ պարտավոր է երաշխավորել օրենքով նախատեսված պատժամիջոցների իրական համապատասխանությունը եւ խստիվ կիրառումը (հոդված 25):
Ինչպես ՀՀ գործող, այնպես էլ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքերում արդեն իսկ հարկադիր աշխատանքը համարվում է մարդու շահագործում եւ քրեորեն պատժելի հանցանք:
Օրենսգրքում վերը նշված լրացման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում եւ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական օրենսգրքում: Մասնավորապես նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է համապատասխանեցնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ՝ «Աշխատանք եւ սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցվելու եւ բարելավվելու են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցվելով նաեւ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին:
Ըստ այդմ, «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» ԱՄԿ N 29 հիմնարար կոնվենցիայի եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կարգավորումների համաձայն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում Սահմանադրությանը, ԱՄԿ N 29 կոնվենցիայի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ Օրենսգրքում կսահմանվի «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական օրենսգրքում, ինչպես նաեւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում կհամապատասխանեցվեն պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից: Վերոգրյալի արդյունքում կբարելավվի նաեւ պարտադիր կամ հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում