Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-515-Ն) օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բանկերում» բառից հետո լրացնել «, վարկային, վճարահաշվարկային կազմակերպություններում, ապահովագրական եւ գրավատնային գործունեություն իրականացնող, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց եւ այդ անձանց ինքնակարգավորվող անձանց մոտ» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման
«Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կարգավորման եւ վերահսկողության զարգացման մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից 21.07.2005թ. հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի միավորված կարգավորման եւ վերահսկողության ներդրման հայեցակարգը»:
Մասնավորապես նախագծերը նպատակ ունեն Հայաստանի Հանրապետությունում ներդնել ֆինանսական համակարգի միավորված վերահսկողություն, որը կոչված է ապահովելու երկրի ֆինանսական կայունությունը, ֆինանսական շուկայի մասնակիցների համար ազատ մրցակցային պայմաններ եւ պաշտպանել ֆինանսական շուկայի հաճախորդների շահերը:
ՀՀ-ում ֆինանսական համակարգի միավորված վերահսկողության նախադրյալներն են.
1. Միասնական վերահսկողության ներդրման պահանջը բխում է ֆինանսական շուկայում առկա ռիսկերի կառավարման եւ դրանց նվազեցման անհրաժեշտությունից: Մասնավորապես, ներկայումս ՀՀ ֆինանսական համակարգում ձեւավորված իրավիճակն այնպիսին է, որ ֆինանսական շուկայի առանձին մասնակիցների մոտ առաջացող ռիսկերը մեծ ազդեցություն են թողնում այլ մասնակիցների գործունեության վրա: Այս իրավիճակի խորացմանն է նպաստում նաեւ այն հանգամանքը, որ ֆինանսական շուկան արագ արձագանքում է տարբեր տեսակի ինովացիաներին, որոնց ներդրումը շուկայի որոշակի հատվածում իր ազդեցությունն է թողնում այլհատվածների վրա: Մասնավորապես, բանկերի կողմից առաջարկվող որոշ նոր ծառայություններ կապված են ապահովագրության հետ ( գրավի ապահովագրություն, հաճախորդի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրում ) , ինչը ենթադրում է, որ բանկի գործունեության վրա ազդում են նաեւ ապահովագրական ռիսկերը եւ հակառակը՝ ապահովագրական ընկերության վրա ազդում են բանկային ռիսկերը:
2. Ուշադրության է արժանի նաեւ մասնավոր կենսաթոշակային ապահովագրության ձեւավորումը եւ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների ակնկալվող մուտքը ՀՀ ֆինանսական շուկա: Վերջիններիս հաջող գործունեությունը պայմանավորված կլինի պահառու-բանկերի եւ ակտիվների կառավարիչների արդյունավետ եւ կայուն գործունեությամբ, ինչն ապահովելու համար դրանց գործունեության կարգավորման դաշտը եւ վերահսկողությունը պետք է հաշվի առնեն կենսաթոշակային հիմնադրամների մասնակիցների միջեւ փոխհարաբերությունները եւ ռիսկերը:
3. Ռիսկերի կառավարման համապարփակ մոտեցում է պահանջում նաեւ ՀՀ բանկային համակարգի ունիվերսալությունը, ինչը ենթադրում է, որ ՀՀ բանկերը կարող են ակտիվ գործել արժեթղթերի շուկայում: Սակայն, բանկերի միջոցները արժեթղթերի շուկայում ներդնելու անհրաժեշտ նախապայմաններից է ընդունելի ռիսկայնությամբ արժեթղթերի առկայությունը շուկայում: Թե՛ արժեթղթեր թողարկողի եւ թե՛ բանկերի նկատմամբ ներկայացվող պահանջները պետք է բխեն մեկը մյուսից,արժեթղթերի շուկայում առկա ռիսկերը տեսանելի պետք է լինեն բանկային վերահսկողության համար եւ հակառակը՝ բանկային համակարգում առկա ռիսկերը տեսանելի՝ արժեթղթերի շուկայի վերահսկողության համար:
4. Միավորված կարգավորման եւ վերահսկողության ստեղծումը թույլ կտա էականորեն բարձրացնել ֆինանսական շուկայի ռիսկերի բացահայտման արդյունավետությունը (այդ թվում՝ դրանց կանխարգելման ճանապարհով), ինչը կարող է ֆինանսական շուկայի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման լրացուցիչ գործոն հանդիսանալ:
5. Բացի վերը նշվածից, միավորված կարգավորման եւ վերահսկողության առկայությունը դյուրին կդարձնի ֆինանսական շուկայի զարգացմանն ուղղված միասնական միջոցառումների մշակման եւ իրականացման գործընթացը ( կնվազի ֆինանսական շուկայի առանձին հատվածների թերզարգացածության ռիսկը ) : Բացի այդ, դա կբարձրացնի ֆինանսական շուկայում ճգնաժամային իրավիճակների կանխարգելմանը միտված միջոցառումների արդյունավետությունը՝ էականորեն բարձրացնելով որոշումներ ընդունելու օպերատիվությունը:
6. Միավորված կարգավորման եւ վերահսկողության մոդելին անցումը արդարացվում է նաեւ ծախսերի նվազման տեսանկյունից: Քանի որ ՀՀ ֆինանսական համակարգը շատ փոքր է, նպատակահարմար չէ ամեն մի հատվածի համար կազմավորել եւ պահել վերահսկող ու կարգավորող առանձին մարմին: ՀՀ համար այս գործոնի դերը մեծ է, քանի որ հնարավորություն է տալիս քիչ ծախսերով ապահովել վերահսկողության բարձր արդյունավետություն:
7. ՀՀ-ում միավորված կարգավորման եւ վերահսկողության ներդրումը բխում է ֆինանսական շուկայի արդյունավետ վերահսկողության միջազգային լավագույն փորձից: Վերջին հանգամանքը կարեւորվում է նաեւ նրանով, որ ՀՀ ֆինանսական շուկան ( այդ թվում նաեւ վերահսկողությունը ) դեռ վերջնականապես ձեւավորված չէ եւ, այս առումով, դա հնարավորություն կտա խուսափելու անցումային շրջանի բարդություններից եւ թերություններից:
Նախագծերով նախատեսվում է, որ միավորված կարգավորման եւ վերահսկողության համակարգով վերահսկվի եւ կարգավորվի ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնակիցների, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների, գրավատների եւ այլ ֆինանսական միջնորդ կազմակերպություններիգործունեությունը: Իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններն ու սկզբունքները սահմանվեն ՀՀ օրենքներով:
Նախագծերով միավորված կարգավորման եւ վերահսկողության համակարգը նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, քանի որ Կենտրոնական բանկը անկախ ու կայացած ինստիտուտ է, որի ռեսուրսները եւ ինստիտուցիոնալ կարողությունները բավարար են գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար: