Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2177-28.03.2022,18.05.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում լրացնել 5-7-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի տրամադրման, Հայաստանի Հանրապետությունից ելքի, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեվեկման, ինչպես նաեւ այն պետությունների քաղաքացիների, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, անձնագրերում հատուկ նշում կատարելու հետ կապված սույն օրենքով նախատեսված գործառույթներն իրականացնում են ազգային անվտանգության մարմինները:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործառույթները ազգային անվտանգության մարմինն իրականացնում է սույն օրենքին, «Պետական սահմանի մասին», «Ոստիկանության մասին» օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործառույթների իրականացման կարգը:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 7-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«7. Սույն հոդվածով նախատեսված գործառույթները պետական սահմանի անցման կետերում իրականացվում են ազգային անվտանգության մարմինների կողմից:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տալիս են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ազգային անվտանգության մարմինները: Պետական սահմանի անցման կետ չհանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքում մուտքի վիզա տալիս են Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, ինչպես նաեւ արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:

4. Արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տրամադրում եւ երկարաձգում է սույն հոդվածի առաջին մասի «բ» եւ «գ» կետերում նշված մուտքի վիզաները, ինչպես նաեւ տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը տալիս եւ երկարաձգում է սույն հոդվածի առաջին մասի «ա» եւ «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները:

Ազգային անվտանգության մարմինները տալիս են սույն հոդվածի առաջին մասի «ա» եւ «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները միայն պետական սահմանի անցման կետերում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: