Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-268-23.05.2022-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը «չափանիշները» բառից հետո լրացնել «եւ ընթացակարգը» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 16-ի N ՀՕ-414-Ն օրենքով նախատեսված նպատակի իրականացման համար, ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 1-ի N 1304-Ն որոշման հավելվածի 1-ին կետի, մշակվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որի, շահագրգիռ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված՝ ծրագիրը որպես սոցիալական որակելու չափանիշների սահմանումը հնարավորություն չի տալիս իրականացնել օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ հոդվածով նախատեսված նպատակը: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ծրագիրը որպես սոցիալական որակելու չափանիշներին զուգահեռ սահմանել նաեւ համապատասխան ընթացակարգեր:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

ՀՀ հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 65-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Ներկայումս բացակայում են ծրագրերը, որպես սոցիալական ճանաչելու չափանիշները: Սակայն նախարարության կողմից սոցիալական ճանաչելու չափանիշները մշակեու ընթացքում, պարզ դարձավ, որ առանց համապատասխան ընթացակարգերի սոցիալական ճանաչելու չափանիշները կիրառելի չեն, իսկ համապատասխան ընթացակարգելը մշակելու համար անհրաժեշտ է լրացնել Օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Առկա խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է ընդունել նախագիծը, որով կլրացվի Օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը, որը կստեղծի իրավական հիմք (լիազորող նորմ) մշակելու ծրագիրը որպես սոցիալական որակելու չափանիշներ եւ ընթացակարգեր:

2. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում են ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները եւ ընթացակարգերը սահամանելու հետ կապված հարաբերությունները:

3. Նախագծի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն ծրագրերի որպես սոցիալական որակելու չափանիշները եւ ընթացակարգերը, ինչը կխթանի ծրագրերի իրականացմամբ սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերի շարունակական աճը, ինչպես նաեւ կնպաստի համայնքներում եւ բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը՝ ազգային եւ տեղական ռազմավարություններում եւ ծրագրերում նախանշված առաջնահերթություններին համապատասխան:

4.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2-րդ կետով սահմանված պահանջից, այն է՝ հողային օրենսգրքի բարեփոխումները՝ միտված արտադրողական գյուղատնտեսության ձեւավորմանը, ինչպես նաեւ 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջից, այն է՝ խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային եւ արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու եւ հողերը խոշորացնելու գործընթացը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն