Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-269-23.05.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասում «շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի մոտ հայտնաբերված եւ հետ ընդունված խոտան ապրանքը, բացառությամբ այն խոտան ապրանքի, որի դիմաց առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շահութահարկ վճարողը ապրանքի մատակարարից ստացել է (ստանալու է) փոխհատուցում:

Սույն հոդվածի կիրառության իմաստով` խոտան ապրանք (արտադրանք) է համարվում ապրանքի (արտադրանքի) արտադրության գործընթացով պայմանավորված՝ պատշաճ որակական հատկանիշներ չունեցող ապրանքը (արտադրանքը), որը չի կարող օգտագործվել ըստ նշանակության»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Հոդված 3. Անցումային դրույթներ

1. 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով առկա՝ սույն օրենքի համաձայն որակական կորուստ համարվող արտադրանքը (ապրանքը) համախառն եկամտից նվազեցվում է 2022 թվականի հարկային տարվա ընթացքում՝ այդ տարվա համախառն եկամտի երկու տոկոսի չափով:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող շահութահարկ վճարողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձեւավորված որակական կորուստները համախառն եկամտից նվազեցնելու հնարավորությունների ընձեռումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 122-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի մեկ տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում: Նույն մասի կիրառության իմաստով՝ գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության եւ (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:

Խնդիրը կայանում է նրանում, որ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքների մասով ձեւավորված որակական կորուստները համախառն եկամտից նվազեցնելու նպատակով գործող հարկային օրենսդրությամբ համապատասխան կարգավորումներ նախատեսված չեն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ որակական կորուստ է համարվում նաեւ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը, եթե Օրենսգրքի 122-րդ հոդվածի 6-7-րդ մասերին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվազեցվում համախառն եկամտից:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող՝ գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շահութահարկ վճարողներին հնարավորություն ընձեռել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը նվազեցնել համախառն եկամտից:

Բացի այդ, նախագծի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան լրացումներ կատարելու անհրաժեշտություն կառաջանա նաեւ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշման մեջ:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարեւորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի եւ կանխատեսելի միջավայրի ձեւավորումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն