Armenian ARMSCII Armenian
Կ-269-23.05.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016  թվականի  հոկտեմբերի  4-ի  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասը «շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը կամ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում գնորդի հայտնաբերած եւ հետ ընդունված խոտան ապրանքը, բացառությամբ այն խոտան ապրանքի, որի դիմաց առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շահութահարկ վճարողն ապրանքի մատակարարից ստացել է (ստանալու է) փոխհատուցում:
Սույն հոդվածի կիրառության իմաստով` խոտան ապրանք (արտադրանք) է համարվում ապրանքի (արտադրանքի) արտադրության գործընթացով պայմանավորված` պատշաճ որակական հատկանիշներ չունեցող ապրանքը (արտադրանքը), որը չի կարող օգտագործվել ըստ նշանակության:» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Հոդված 3. Անցումային դրույթ
1. 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով առկա` սույն օրենքի համաձայն որակական կորուստ համարվող արտադրանքը (ապրանքը) համախառն եկամտից նվազեցվում է 2022 թվականի հարկային տարվա ընթացքում` այդ տարվա համախառն եկամտի երկու տոկոսի չափով: