Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-274-25.05.2022-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 2-րդ մասում՝

2-րդ մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասությունով.

« Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը իրականացնելու ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի աշխատատեղը, ստաժը, ինչպես նաեւ վարձատրությունը » :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց մասնագիտական կարողությունների զարգացման, նոր ունակությունների եւ հմտությունների ձեռք բերելու ընթացքում, շարունակական մասնագիտական զարգացման, գնահատման եւ հավաստագրման գործընթացները կազմակերպելու ընթացքում բուժաշխատող-գործատու իրավահարաբերությունները կարգավորելու եւ նրանց աշխատանքային իրավունքի նորմերը եւ պայմանները հստակեցնելու նպատակից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» գործող օրենքում բուժաշխատողների մասնագիտական զարգացման եւ կատարելագործման ընթացքում նոր տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ ձեռք բերելու, շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները կազմակերպելու համար անհրաժեշտ ժամանակահատվածում հստակ չէ, թե ինչ իրավական հիմքով են ամրագրվում աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման եւ այդ օրերի համար աշխատավարձի վճարման, աշխատանքային ստաժի հաշվարկման եւ աշխատանքային իրավունքի այլ նորմեր :

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է բուժաշխատող-գործատու իրավահարաբերություններում ներդնել աշխատողի աշխատանքային ժամանակահատվածում մասնագիտական զարգացման, հավաստագրման եւ այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ վարձատրման, մասնագիտական գործունեության ստաժի հաշվարկման եւ երաշխավորված աշխատանքային գործունեությունը շարունակելու իրավական հիմքերը:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող դրույթի նպատակն է ապահովել ՇՄԶ գործընթացի անընդհատությունը, հաշվի առնելով աշխատանքային իրավունքի նորմերը, ինչպես նաեւ բուժաշխատողի՝ ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու գործընթացի ժամանակահատվածում երաշխավորել նրա աշխատատեղը, ստաժը, ինչպես նաեւ վարձատրությունը :

4. Ակնկալվող արդյունքը.

Նշված հստակեցումները հնարավություն կտան առողջապահության բնագավառի մասնագետներին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը, նաեւ աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ կիրառել ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն՝ առանց սահմանափակումների, ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային պայմանները:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն Սիմոնյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ "Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Լուսինե Բադալյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը,

դ) նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝
ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ