Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2751-26.05.2022-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի.

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Համայնքի ավագանու նիստը հրավիրում եւ վարում է համայնքի ղեկավարը կամ նրա տեղակալը կամ նրա պաշտոնակատարը, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դեպքում՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:».

2) 5-րդ մասում «համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը» բառերը փոխարինել «նիստը վարողը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «նրա պաշտոնակատարը» բառերը փոխարինել «նրա տեղակալը կամ նրա պաշտոնակատարը, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դեպքում՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.5-րդ կետով՝

«41.5) համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ հաստատում է տեղական հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը.»:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) զբաղեցնել որեւէ պաշտոն աշխատակազմում եւ ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում.»:

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածում.

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29.1-ին կետով՝

«29.1) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հակակոռուպցիոն ծրագրի նախագիծը.»:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 29.1-ին կետով նախատեսված տեղական հակակոռուպցիոն ծրագիրը կազմելու նպատակով սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը մշակում եւ տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում տեղական հակակոռուպցիոն ծրագրերի մշակման մեթոդաբանությունը:»:

Հոդված 6. Օրենքի 58-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասից հանել «համայնքի գլխավոր ճարտարապետի,» բառերը:

Հոդված 8. Օրենքի 64-րդ հոդվածում.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում, եթե նախորդ ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է մինչեւ դատական ակտի պաշտոնական հրապարակումը, նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 3-րդ օրը:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին եւ 1.2-րդ մասեր.

«1) Համայնքների միավորման պարագայում նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման կամ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը:

2) Մինչեւ համայնքի ղեկավարի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:»:

Հոդված 9. Օրենքի 67-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Մինչեւ 7 անդամ ունեցող խմբակցությունն ունենում է մեկ գործավար, 7-ից ավելի անդամ ունեցող խմբակցությունն ունենում է մեկ գործավար եւ 1 փորձագետ:»:

Հոդված 10. Օրենքի 102-րդ հոդվածում.

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.3-րդ մասով.

«3.3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի եւ Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացնել ավագանու ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավան, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Մեծավան, Շնող, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Սյունիքի մարզի Գորայք, Սիսիան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնատար անձանց կողմից նշանակված համայնքների ղեկավարների պաշտոնակատարների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների ավագանիների անդամները ստանձնում են իրենց լիազորությունները:»:

2) 4-րդ մասի «3.2-րդ» բառից հետո լրացնել «, 3.3-րդ» բառը.

Հոդված 11. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մեթոդաբանությունը համայնքներին է տրամադրվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում

Եզրակացություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն