Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-694-23.09.2005-ԳԿ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների իրավական կարգավիճակը, կարգավորում է ստեղծագործական միությունների ստեղծման, գործունեության իրականացման, լուծարման, պետության հետ ծագած փոխհարաբերությանները, ինչպես նաեւ իրավական երաշխիքները եւ պայմաններ է  ստեղծում  ստեղծագործական աշխատողների մասնագիտական գործունեության համար։

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը տարածվում է ստեղծագործական աշխատողների, ստեղծագործական միությունների եւ դրանց տարածքային կազմակերպությունների (մասնաճյուղերի), ինչպես նաեւ ստեղծագործական միությունների ստեղծած ոչ առեւտրային կազմակերպությունների վրա։

Հոդված 3. Ստեղծագործական աշխատողների  եւ ստեղծագործական միությունների մասին օրենսդրությունը

Ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

ԳԼՈՒԽ  2.

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ

Հոդված 4. Ստեղծագործական  աշխատողի   կարգավիճակը

1.Ստեղծագործական աշխատողը ֆիզիկական անձ է, հեղինակ,  որի մասնագիտական աշխատանքը նպատակաուղղված է մշակութային ստեղծագործություն (գործ) ստեղծելուն՝ անկախ դրա ժանրից, տեսակից եւ ձեւից։

2. Ստեղծագործական  միությանն անդամակցող ստեղծագործական աշխատողի կարգավիճակը հաստատվում է սույն օրենքով եւ տվյալ ստեղծագործական միության կանոնադրությամբ սահմանված կարգով։

3. Ստեղծագործական միությանը չանդամակցող, վարձու աշխատող ստեղծագործական աշխատողի կարգավիճակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի կողմից տրված հավաստագրով (սերտիֆիկատ)։

4. Հավաստագիրը տրվում է մասնագիտական ստեղծագործական գործունեության արդյունքների (հրապարակումներ, հրատարակումներ, կատարումներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ եւ այլն) հիման վրա։

5.Գրականության եւ արվեստի բնագավառներում ստեղծագործական մասնագիտությունների ցանկը՝ ստեղծագործական միությունների առաջարկություններով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 5. Ստեղծագործական աշխատողի սոցիալական եւ  աշխատանքային կարգավիճակը

1. Ստեղծագործական աշխատողը կարող է լինել վարձու աշխատող  եւ(կամ) ազատ ստեղծագործող։

2. Ստեղծագործական գործունեությունը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն եւ կարող է չգրանցվել։

Հոդված 6.  Ստեղծագործական աշխատողի աշխատանքային ստաժը

1.Ստեղծագործական աշխատողի աշխատանքային ստաժի, կենսաթոշակի եւ նվազագույն աշխատավարձի հաշվառվումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

2.Ստեղծագործական աշխատողի ստեղծագործական գործունեության ժամանակահատվածը ներառվում է նրա աշխատանքային ընդհանուր ստաժի մեջ։ Ստեղծագործական գործունեության ժամանակահատվածի իսկությունը հաստատում են համապատասխան ստեղծագործական միությունը կամ ստեղծագործական աշխատողին հավաստագրող  (սերտիֆիկատ)  լիազորված մարմինը։

Հոդված 7.  Ստեղծագործական աշխատողի հարկման  առանձնահատկությունները

Քաղաքացիական–իրավական պայմանագրային շրջանակներում ստեղծագործական գործունեություն իրականացրած ստեղծագործական աշխատողի հարկագանձումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ հաշվի առնելով ստեղծագործական գործունեության առանձնահատկությունները։

Հոդված 8. Ստեղծագործական աշխատողի ստեղծագործական գործունեությանը նպաստող պայմանների ապահովումը

1. Ստեղծագործական աշխատողին կարող է հատկացվել  ստեղծագործական արվեստանոց (ատելյէ, ստուդիա, աշխատասենյակ)՝ համաձայն պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած կարգի։

2. Ստեղծագործական այն աշխատողը, որը չունի  ստեղծագործական արվեստանոց եւ ստեղծագործական գործունեությունն իրականացնում է իր զբաղեցրած բնակարանային տարածքի մի մասում՝ մինչեւ 20 քառ.մետր տարածքի հաշվով ազատվում է գույքահարկի (բնակարանային վարձի) վճարումից։

Հոդված 9. Ստեղծագործական աշխատողի իրավունքները մշակութային կազմակերպություններում

1. Ստեղծագործական աշխատողն իրավունք ունի անվճար օգտվել գրադարանների, թանգարանների, արխիվների, ցուցասրահների եւ մշակութային այլ կազմակերպությունների բաց ֆոնդերից։

2. Ստեղծագործական աշխատողի անձնական արխիվի պահպանումը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության արխիվներում ու թանգարաններում կատարվում է անվճար՝ պահպանելով «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  պահանջները։

3. Պետական եւ տեղական արխիվներում եւ թանգարաններում պահպանության հանձնված ստեղծագործական աշխատողի անձնական արխիվը գրանցվում է այդ արխիվի  կամ թանգարանի հավաքածուում։

ԳԼՈՒԽ  3.

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 10. Ստեղծագործական միություն հասկացությունը

1.Ստեղծագործական միությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող եւ ստացված շահույթը մասնակիցների միջեւ չբաշխող ոչ առեւտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, կամավոր միավորվում են մշակույթի մեկ կամ մի քանի ոլորտների ստեղծագործական աշխատողներ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք՝ իրենց ստեղծագործական գործունեության հետ կապված կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց եւ այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, իր անդամներին նյութական եւ ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

2. Ստեղծագործական միությունը կարող է ունենալ հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Կազմակերպության անվանումը գրվում է չակերտներում, որին հաջորդում են «ստեղծագործական միություն» բառերը։

Հոդված 11. Ստեղծագործական  միության գործունեության սկզբունքները

1. Ստեղծագործական միության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, անդամության կամավորությունը, անդամների իրավահավասարությունը, ինքնակառավարումը, ղեկավարման կոլեգիալությունը։

2. Ստեղծագործական միություններն իրավահավասար են:

3. Ստեղծագործական միությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները եւ ձեւերը։  Ստեղծագործական միությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առեւտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով՝ օրենքով սահմանված կարգով։

Հոդված 12. Ստեղծագործական միությունների գործունեության նկատմամբ պետական  աջակցության երաշխիքները

1. Պետությունն օրենքով սահմանված կարգով ապահովում է ստեղծագործական միությունների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը:

2. Պետությունը ստեղծագործական միություններին օգնություն եւ աջակցություն է ցուցաբերում օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով: Արգելվում է ստեղծագործական միության գործունեությանը միջամտելը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

3. Ստեղծագործական միությունն իր կամ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ կարող է մասնակցել սոցիալական, առողջապահական, կրթական, դաստիարակչական, մշակութային, մարզական եւ այլ հասարակական նշանակություն ունեցող ծրագրերի եւ այլ միջոցառումների իրականցմանը՝  պայմանագրային կարգով, կամավորության սկզբունքով կամ փոխադարձ համաձայնության այլ ձեւերով։

4. Կենսաթոշակային տարիքի հասած ստեղծագործական միության անդամի կամ հավաստագրի հիման վրա ստեղծագործական աշխատողի կարգավիճակ ունեցող անձի  համար սահմանվում է ամենամսյա (միանվագ) նպաստ՝   օրենքով սահմանված կարգով եւ չափով։

Հոդված 13. Ստեղծագործական միությունների հիմնադիրները

1. Ստեղծագործական միության հիմնադիրներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի ստեղծագործական աշխատողները, ինչպես նաեւ որպես իրավաբանական անձ գրանցված ստեղծագործական աշխատողների հասարակական միավորումները՝  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

2. Ստեղծագործական միության հիմնադիրներից յուրաքանչյուրը տվյալ միության ստեղծումից հետո ստեղծագործական միության անդամ է։

Հոդված 14. Ստեղծագործական միության   անդամները

1. 18 տարին  լրացած ստեղծագործական աշխատողը ստեղծագործական միությանը կարող է անդամագրվել տվյալ ստեղծագործական միության կանոնադրությամբ սահմանված կարգով՝  համաձայն անձնական  դիմումի։

2. Ստեղծագործական միության անդամի (անդամագրվողի) հեղինակային, գույքային եւ այլ իրավունքները չեն կարող սահմանափակվել ստեղծագործական միության կանոնադրական պահանջներով։ Դրանք նպատակաուղղված են ստեղծագործական համապատասխան մասնագիտությունների ներկայացուցիչների միավորմանը, խթանում են նրանց մասնագիտական եւ ստեղծագործական զարգացմանը։

Հոդված 15. Ստեղծագործական միությունների կառուցվածքային առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ստեղծագործական միությունները գործում են  հանրապետության տարածքում՝  համաձայն իրենց կանոնադրության։

2. Հանրապետական է համարվում այն ստեղծագործական միությունը, որի կանոնադրական նպատակներն ու խնդիրներն ունեն համապետական բնույթ, իսկ գործունեությունը իրականացվում է պետության ամբողջ տարածքում։ Այդ նպատակով ստեղծագործական միությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կարող է ստեղծել ստորաբաժանումներ, մասնաճյուղեր, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ  կազմակերպություններ։

3. Ստեղծագործական միության տարածքային ստորաբաժանումները, մասնաճյուղերը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են գրանցվել որպես իրավաբանական անձ։

4. Ստեղծագործական միությունները, համաձայն իրենց կանոնադրության, կարող են անդամակցել եւ համագործակցել միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, կնքել համաձայնագրեր օտարերկրյա կազմակերպությունների հետ, ստեղծել բաժանմունքներ եւ մասնաճյուղեր արտասահմանում՝  համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի։

Հոդված 16. Ստեղծագործական միության հիմնադրման կարգը

1. Ստեղծագործական միություն հիմնադրել  ցանկացող՝

ա)  ստեղծագործող, իրավունակ առնվազն 25 անձինք  նախաձեռնում են ստեղծագործական միություն ստեղծելու, կանոնադրության նախագիծը կազմելու աշխատանքները,

բ) իրավունակ անձինք կնքում են ստեղծման մասին գրավոր պայմանագիր, որը բովանդակում է՝

1)  տեղեկություններ հիմնադիրների մասին`

- ֆիզիկական անձանց համար` անունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը եւ կապի այլ միջոցներ.

- իրավաբանական անձանց համար` ֆիրմային լրիվ անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային (էլեկտրոնային) հասցեն), ղեկավարի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, հեռախոսահամարը եւ կապի այլ միջոցներ.

2) ստեղծագործական միության ստեղծման կապակցությամբ հիմնադիրների համատեղ գործունեության կարգը.

3) ստեղծագործական միության  նպատակները.

4) ստեղծագործական միության ստեղծման հետ կապված հիմնադիրների իրավունքները եւ պարտականությունները.

5) տվյալներ ստեղծագործական միության սկզբնական գույքի ձեւավորման մասին եւ այդ գույքի փոխանցման կարգը.

6) ստեղծագործական միությունը չկայացած համարվելու կամ դրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում ստեղծագործական միության ստեղծման գործընթացում հիմնադիրների գործունեության հետեւանքով ծագած պարտավորությունների նկատմամբ պատասխանատվության բաշխումը՝ ըստ հիմնադիրների:

Ստեղծագործական միության հիմնադրման մասին պայմանագիրը հիմնադիրներից որեւէ մեկի պահանջով ենթակա է վավերացման նոտարական կարգով,

գ) իրավունակ անձինք միություն ստեղծելու նպատակով հրավիրում են հիմնադիր ժողով (համագումար)։

2. Ստեղծագործական միության հիմնադիրների ժողովը կարող է տեղի ունենալ ինչպես նրանց համատեղ հավաքի ձեւով, այնպես էլ հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ։ Հիմնադիր ժողովը կարող է տեղի ունենալ մեկ կամ մի քանի նիստով կամ փուլով՝ առանց դրանց միջեւ ընկած ընդհատումների ժամկետային սահմանափակումների:

4. Հիմնադիր ժողովը (համագումարը) որոշում է կայացնում ստեղծագործական միության հիմնադրման մասին, հաստատում է ստեղծագործական միության անվանումը, կանոնադրությունը եւ ձեւավորում  ղեկավար եւ վերստուգիչ մարմիններ։

5. Ստեղծագործական միության կանոնադրությամբ սահմանվում է իր մարմինների ձեւավորման կարգը։ Ստեղծագործական միության այլ մարմիններում ընդգրկված անդամը, չի կարող միաժամանակ ընտրվել վերահսկողություն իրականացնող մարմնի կազմում:

Հոդված 17. Ստեղծագործական միության անվանումը, խորհրդանիշերը եւ գտնվելու վայրը

1. Ստեղծագործական միությունը  ունի իր անվանումը, կարող է ունենալ նաեւ կրճատ անվանում (անվանման հապավում) եւ խորհրդանիշեր:

2. Ստեղծագործական միության անվանումը պետք է տարբերվի այլ ստեղծագործական միությունների անվանումից, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված կազմակերպություններից: Ստեղծագործական միության անվանումը պետք է հայերենով արտահայտի կազմակերպության գործունեության բնույթը եւ անվանումից հետո բովանդակի «ստեղծագործական միություն» բառերը: Ստեղծագործական միության անվանումը, այդ թվում՝ կրճատ անվանումը, եթե այդպիսին նախատեսված է, չպետք է պարունակի կազմակերպական-իրավական տեսակ մատնանշող այլ բառեր (ֆոնդ, հիմնադրամ, կոոպերատիվ, համատիրություն, ընկերություն, ընկերակցություն, ներկայացուցչություն, մասնաճյուղ եւ այլն), ինչպես նաեւ այնպիսի բառեր (ազգային ժողով, գերագույն խորհուրդ, կառավարություն, նախարարություն, դատարան, բանակ, դեսպանատուն, հյուպատոսություն, մարզ, համայնք եւ այլն) եւ այնպիսի ձեւով, որոնք ստեղծագործական միության անվանումը կնմանեցնեն պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին:

3. Ստեղծագործական միության անվանման մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ հանրահայտ ֆիզիկական անձի՝ մահացած լինելու դեպքում՝ նրա ժառանգի գրավոր համաձայնությամբ: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է ստեղծագործական միության անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է ստեղծագործական միության  գործունեության հիմնական ոլորտին:

Եթե հանրահայտ անձը, իսկ նրա մահացած լինելու դեպքում նրա ժառանգը գտնում է, որ ստեղծագործական միության գործունեությունն ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է ստեղծագործական միության անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից ստեղծագործական միությանը զրկելու պահանջով դիմել դատարան:

4. Ստեղծագործական միության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձեւերը եւ դրանց թարգմանությունները, ինչպես նաեւ ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Ստեղծագործական միության անվանումը, կրճատ անվանումը (անվանման հապավումը), եւ խորհրդանիշները, այդ թվում՝ ստեղծագործական միության կնիքի վրա պատկերվող խորհրդանիշը, եթե վերջիններս նախատեսված են, պետք է ընդունելի լինեն հասարակական բարոյականության տեսանկյունից ու տարբերվեն այլ կազմակերպության, ինչպես նաեւ որեւէ պետության, միջազգային եւ օտարերկրյա հանրահայտ կազմակերպությունների ու այլ իրավաբանական անձանց անվանումներից, կրճատ անվանումներից (անվանման հապավումներից), խորհրդանիշներից եւ շփոթության աստիճանի նման չլինեն դրանց:

6. Ստեղծագործական միությունը պետք է ունենա իր անվանումը պարունակող կլոր կնիք: Վերջինս կարող է պարունակել նաեւ ստեղծագործական միության  անվանումն այլ լեզուներով, ինչպես նաեւ դրա խորհրդանիշը:

7. Ստեղծագործական միությունը կարող է ունենալ խորհրդանիշ: Խորհրդանիշի պատկերը եւ նկարագրությունը ներառվում է ստեղծագործական միության կանոնադրության մեջ:

8. Ստեղծագործական միության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի՝ կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմնի (մարմիններից մեկի) գտնվելու վայրն է։

Հոդված 18. Ստեղծագործական միության կանոնադրությունը

1. Ստեղծագործական միության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը պարտադիր պետք է բովանդակի կազմակերպության՝

ա) անվանումը եւ գտնվելու վայրը.

բ) գործունեության առարկան եւ նպատակները.

գ)   տեղեկություններ  հիմնադիրների  մասին.

- անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը,

դ) ստեղծագործական միության սկզբնական գույքի արժեքը, ստեղագործական միության գույքի տնօրինման եւ կառավարման կարգը, ղեկավար մարմնի գործունեության կարգը, դրանց ընտրության կարգը

ե) անդամ դառնալու եւ անդամությունից դուրս գալու կարգը.

զ) անդամների իրավունքները եւ պարտականությունները.

է) ստեղծագործական միության մարմինների կազմավորման կարգը, քանակական կազմն ու իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.

ը) այն պաշտոնատար անձը կամ մարմինը, որն իրավասու է՝

- ներկայացնելու կազմակերպությունն առանց լիազորագրի.

- որոշում ընդունելու գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում՝ օտարելու եւ դուրս գրելու վերաբերյալ՝ ըստ գույքի տեսակների ու չափերի (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե նախատեսվում է նշված գործառույթների իրականացումը միայն բարձրագույն մարմնի կողմից).

- սահմանելու անդամավճարի չափը եւ դրա գանձումը կազմակերպելու կարգը (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե անդամավճարի գանձում չի նախատեսվում կամ դրա չափն ու գանձման կարգը սահմանվում է կանոնադրությամբ).

- իրականացնելու ստեղծագործական միության գործունեության նկատմամբ վերահսկողություն,

թ) առանձնացված ստորաբաժանումներ եւ հիմնարկներ ստեղծելու կարգը (սույն ենթակետի պահանջը վերանում է, եթե դրանց ստեղծում չի նախատեսվում).

ժ) գործունեությունը վերահսկելու կարգը.

ժա) մարմինների որոշումները ստեղծագործական միության  անդամների կողմից բողոքարկելու կարգը

ժբ) կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը.

ժգ) վերակազմակերպման եւ լուծարման կարգը։

2. Ստեղծագործական միության կանոնադրությունը պետք է ունենա իր միությունը կազմող ստեղծագործական աշխատողների մասնագիտացումների անվանացանկը։

3. Ստեղծագործական միության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ։

4. Եթե ստեղծագործական միությունը ունի խորհրդանիշներ, ապա կանոնադրությանը, որպես անբաժանելի մաս, պետք է կցված լինեն դրանց, այդ թվում՝ ստեղծագործական միության կնիքի վրա պատկերվող խորհրդանիշի պատկերը եւ նկարագրությունը:

5. Ստեղծագործական միության պետական գրանցման նպատակով ներկայացվող կանոնադրության կամ կանոնադրության փոփոխությունների ու լրացումների յուրաքանչյուր օրինակ պետք է ստորագրված լինի ստեղծագործական միության լիազորած անձի կողմից եւ ամրակարված այնպես, որ ամրակարման վրա պետական գրանցման մարմնի կողմից դրվելիք կնիքի դրոշմը հուսալիորեն ապահովի կանոնադրության ամբողջականությունը:

6. Եթե ստեղծագործական միության կանոնադրությունը հակասում է օրենքներին, այդ թվում՝ նոր ընդունված օրենքներին, ապա ստեղծագործական միությունը պարտավոր է բարձրագույն մարմնի առաջիկա նիստում իր կանոնադրությունը համապատասխանեցնել օրենքների պահանջներին, իսկ մինչ այդ շարունակել գործել օրենքներին համապատասխան:

7. Ստեղծագործական միության կանոնադրությունն իրավաբանական ուժ է ձեռք բերում ստեղծագործական միության պետական գրանցման պահից:

8. Ստեղծագործական միության կանոնադրության փոփոխությունները եւ (կամ) լրացումները կամ նոր կանոնադրությունն իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման պահից:

9. Ստեղծագործական միության կանոնադրության պետական գրանցում ստացած փոփոխությունները եւ լրացումներն այդ կանոնադրության անբաժանելի մասն են:

10. Ստեղծագործական միության գտնվելու վայրի հասցեի փոփոխությունը նույն բնակավայրի սահմաններում կանոնադրության փոփոխություն չի պահանջում: Այդ փոփոխության մասին պետական գրանցման մարմինը տեղեկացվում է 14 օրացույցային օրվա ընթացքում։

Հոդված 19. Ստեղծագործական միության պետական գրանցումը

1. Ստեղծագործական միությունը ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:

2. Ստեղծագործական միությունը պետական գրանցման համար, ստեղծագործական միության  հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական  մարմին է ներկայացնում`

ա) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված՝ հիմնադիրների կամ նրանց լիազորած անձի կողմից.

բ) հիմնադիրների անձնագրային տվյալները եւ այլ ռեկտվիզիտներ.

գ) ստեղծագործական միության հիմնադրման մասին որոշումը.

դ) ստեղծագործական միության կանոնադրության առնվազն  երկու օրինակ.

ե) ստեղծագործական միության ստեղծման մասին գրավոր պայմանագիրը.

զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Եթե ստեղծագործական միության  անվանումը պարունակում է հանրահայտ ֆիզիկական անձի անուն, ապա անհրաժեշտ է ներկայացնել սույն օրենքի 18-րդ հոդվածի երրորդ մասում նշված համաձայնությունը:

է) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկություն տրամադրող անձինք՝ նաեւ իրավաբանական անձին հանձնվող գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը եւ ծագման աղբյուրները, եթե հանձնվող գույքի արժեքը գերազանցում է 25 միլիոն դրամը:

Սույն կետում նշված հայտարարությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պետական գրանցման մարմինը դրա պատճենը պատվիրված նամակով առաքում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

3. Ստեղծագործական միության ստորաբաժանումների գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանած կարգով։

Հոդված 20. Ստեղծագործական միության գրանցման ժամկետները եւ մերժման հիմքերը

1. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց եւ նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը պարտավոր է կատարել  ստեղծագործական միության  պետական գրանցումը կամ մերժել նրա գրանցումը:

2. Ստեղծագործական միության պետական գրանցումը մերժվում է, եթե`

1) խախտված է ստեղծագործական միության կազմավորման` սույն օրենքով սահմանված կարգը.

2) ստեղծագործական միության  կանոնադրությունը հակասում է օրենքին.

3) ստեծագործական միության անվանումը համընկնում է նախկինում գրանցված այլ կազմակերպության (ստաղծագործական միության) անվանմանը.

4) չեն ներկայացվել պետական գրանցման համար անհրաժեշտ՝ սույն օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը:

3. Եթե պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացված չեն կամ անընթեռնելի են, կամ դրանցում առկա են ոչ բովանդակային թերություններ, ապա պետական գրանցման մարմինը  5 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնում է ստեղծագործական միությանը: Այդ դեպքում պետական գրանցման մասին դիմումի քննարկման՝ սույն հոդվածով սահմանված ժամկետը կասեցվում է, բայց ոչ ավելի, քան  10 օրով:  Անհրաժեշտ ճշգրտումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում, ստեղծագործական միության պետական գրանցումը մերժվում է։

4. Ստեղագործական միության պետական գրանցումը մերժելը, ինչպես նաեւ գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան:

5. Ստեղծագործական միության գրանցումը մերժելն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով չի թույլատրվում:

6. Ստեղծագործաական միության գրանցման մերժումը արգելք չէ պետական գրանցման նպատակով նոր դիմում ներկայացնելու համար։

7. Ստեղծագործական միության գրանցման դեպքում ստեղծագործական միությունը համարվում է իրավաբանական անձ, եւ պետական գրանցման մարմինը, մեկ օրվա ընթացքում, ստեղծագործական միությանն է ուղարկում կամ նրա լիազորած անձին է հանձնում ստեղծագործական միության պետական գրանցման վկայականը եւ ստեղծագործական միության՝ պետական գրանցման մարմնի կողմից հաստատված կանոնադրության բոլոր օրինակները, բացի մեկից, որը պահվում է ստեղծագործական միության պետական գրանցման գործում։

Հոդված 21. Ստեղծագործական միության կանոնադրության փոփոխության գրանցումը

1. Ստեղծագործական միության կանոնադրության փոփոխության գրանցման դեպքում, գրանցող մարմինը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով դիտարկում է միայն այն հոդվածների անվանացանկը եւ բովանդակությունը, որոնք ենթարկվել են փոփոխության։

Այս դեպքում ստեղծագործական միությունը ներկայացնում է.

ա) պետական գրանցման մասին դիմումը.

բ) կանոնադրության մեջ փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու կամ նոր կանոնադրության առնվազն երկու օրինակ.

գ)  ստեղծագործական միության լիազոր մարմնի որոշման պատճենը՝  կանոնադրության մեջ փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու կամ նոր կանոնադրություն հաստատելու մասին.

դ)  պետական գրանցման համար մուծված հետական տուրքի անդորրագիրը։

2. Գրանցող մարմինը ստեղծագործական միությանն է հանձնում հատուկ վկայական՝  կանոնադրության մեջ լրացումեր եւ փոփոխություններ կատարելու մասին։

3. Պետական գրանցումը մերժելու կամ խուսափելու դեպքում, ստեղծագործական միության լիազորված մարմինը կարող է դիմել դատարան։

Հոդված 22. Ստեղծագործական միության վերակազմավորումը եւ լուծարումը

1. Ստեղծագործական միության վերակազմավորումը եւ լուծարումը իրագործվում է ստեղծագործական միության կանոնադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։

2. Ստեղծագործական միությունից հեռացած ստեղծագործական աշխատողների՝  նույն մասնագիտական ուղղությամբ հիմնադրած նոր ստեղծագործական միությունը չի կարող համարվել գործող ստեղծագործական միության ժառանգորդ եւ կամ ունեցվածքի համամասնական փայատեր։ Նրանք չեն կարող օգտագործել գործող ստեղծագործական միության ոչ անվանումը եւ ոչ էլ կանոնադրությունը։

Հոդված 23. Կազմակերպության կառուցվածքը, կառավարումը եւ բարձրագույն մարմինը

1. Ստեղծագործական միության կառուցվածքը սահմանվում է նրա կանոնադրությամբ եւ (կամ) կանոնադրությանը համապատասխան՝ նրա մարմինների որոշումներով:

2. Ստեղծագործական միության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (ժողով, համաժողով, վեհաժողով, համագումար եւ այլն, այսուհետեւ՝ ժողով), որն ունի ստեղծագործական միության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք։ Ստեղծագործական միության ժողովը կարող է լինել հերթական կամ արտահերթ:

 Ստեղծագործական միության հերթական ժողովը հրավիրվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ, ստեղծագործական միության կանոնադրությամբ նախատեսված կարգով՝ դրա մասնակիցների համատեղ հավաքի ձեւով կամ հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ՝ կազմելով համապատասխան արձանագրություն։

3. Ստեղծագործական միության ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ ստեղծագործական միության կանոնադրությամբ նախատեսված այլ եղանակով՝ կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ:

4. Ստեղծագործական միության անդամների մեկ երրորդի կամ ստեղծագործական միության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) հիմնավորված պահանջի դեպքում, ոչ ուշ, քան 21 օրացուցային օրվա ընթացքում, հրավիրվում եւ տեղի է ունենում ստեղծագործական միության արտահերթ ժողով, որի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական ժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով՝ կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան այդ ժողովի անցկացման օրվանից 3 օր առաջ:

5. Ստեղծագործական միության ժողովն իրավազոր է, եթե հրավիրվել է կանոնադրությամբ սահմանված կարգով, եւ եթե մասնակիցների թիվն ավելի է բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի՝ կանոնադրությամբ սահմանված մասից, որը չի կարող պակաս լինել այդ ընդհանուր թվի կեսից:

6. Ստեղծագործական միության ժողովի ընթացքի արձանագրման փաստաթղթերը պահպանվում են ստեղծագործական միության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել:

7. Ստեղծագործական միության բարձրագույն մարմնի՝ ժողովի  բացառիկ իրավասությունն է՝

ա) ստեղծագործական միության կանոնադրության հաստատումը (եթե այն չի հաստատել հիմնադիրների ժողովը), նրանում փոփոխությունների եւ (կամ) լրացումների կատարումը կամ նոր կանոնադրության հաստատումը.

բ) ստեղծագործական միության գործունեության եւ վերստուգիչ հանձնաժողովի  հաշվետվությունների հաստատումը.

գ) բացառապես ստեղծագործական միության բարձրագույն մարմնին ենթակա եւ հաշվետու մարմինների՝ ստեղագործական միության նախագահի, վարչության, գործադիր մարմնի (եթե այդպիսին նախատեսվում է), վերստուգիչ հանձնաժողովի եւ այլ կանոնադրությամբ նախատեսված մարմնի ընտրությունը, այդ մարմինների կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ընդ որում, նրանց լիազորությունների ժամկետները չեն կարող սահմանվել ավելին, քան կազմակերպության հերթական ժողովի հրավիրման՝ կանոնադրությամբ սահմանված պարբերականությունն է.

դ) ստեղծագործական միության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը, գույքի փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի հաստատումը, բացի դատարանի վճռով վերակազմակերպումից.

ե) ստեղծագործական միության լուծարման մասին որոշման ընդունումը, բացի դատարանի վճռով լուծարումից.

զ) այլ հարցերի լուծումը, եթե ստեղծագործական միության կանոնադրությամբ նախատեսված է դրանց լուծումը բացառապես բարձրագույն մարմնի կողմից:

8. Ստեղծագործական միության բարձրագույն մարմինը չի կարող իր բացառիկ իրավասության հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը փոխանցել ստեղծագործական միության այլ մարմնի:

9. Ստեղծագործական միության ժողովը որոշումներ է ընդունում կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

10. Բարձրագույն մարմնի բացառիկ իրավասության հարցի վերաբերյալ որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել ստեղծագործական միության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների թվի կեսից ավելին, եթե օրենքով կամ ստեղծագործական միության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ:

11. Ստեղծագործական միության գործունեության կամ կազմակերպության ժողովի ընթացքում օրենքով եւ ստեղծագործական միության կանոնադրությամբ չկանոնակարգված իրադրություն առաջանալու դեպքում հարցերը լուծվում են բարձրագույն մարմնի որոշմամբ:

Հոդված 24. Ստեղծագործական միության նախագահի  իրավունքները

1. Ստեղծագործական միության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար, ստեղծագործական միության նախագահը  իրավունք ունի.

ա) կազմակերպում է ստեղծագործական միության բարձրագույն մարմնի աշխատանքները, գումարում է  նիստեր, նախագահում է դրանք եւ կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը:

բ) օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր եւ իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում.

գ) ստեղծագործական միության ղեկավար մարմնի եւ կամ ստեղծագործական միության կանոնադրությամբ նախատեսված լիազորված անձի պահանջով, պետական համապատասխան մարմիններից ստանալ ստեղծագործական աշխատողների սոցիալական իրավունքներին եւ ստեղծագործական շահերին վերաբերող տեղեկություններ, նյութեր.

դ) իշխանություններին ներկայացնել մշակութային քաղաքականության, արվեստին առնչվող բարեփոխման առաջարկներ, դիտողություններ, նյութեր, պաշտպանել ստեղծագործական աշխատողների եւ ստեղծագործական միությունների իրավունքները, ազատությունը եւ շահերը,

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, իր անդամների անունից եւ հանձնարարությամբ, բանակցություններ վարել, կնքել կոլեկտիվ պայմանագրեր եւ համաձայնագրեր։

զ)  տալ ստեղծագործական միության անդամակցությունը հաստատող փաստաթուղթ,

է) հաստատել ստեղծագործական աշխատողի ստեղծագործական գործունեության ժամանակահատվածը՝  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

ը) սահմանած կարգով առաջարկ ներկայացնել՝  ստեղծագործական աշխատողներին պետական պարգեւատրումների եւ պատվավոր կոչումներ շնորհելու համար,

թ) ազատորեն տարածել տեղեկություն ստեղծագործական միությունների գործունեության մասին եւ այդ նպատակով ստեղծել զանգվածային տեղեկատվության միջոցներ, իրագործել հրատարակչական գործունեություն.

ժ) համագործակցել ոչ առեւտրային այլ կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային եւ օտարերկրյա ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաեւ համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին՝ պահպանելով իր ինքնուրույնությունը եւ իրավաբանական անձի կարգավիճակը.

ժա) իրականացնել օրենքով սահմանված այլ  լիազորություններ եւ օգտվել օրենսդրությամբ չսահմանափակված այլ իրավունքներից:

Հոդված 25. Ստեղծագործական միության նախագահի պարտականությունները եւ պատասխանատվությունը

1. Ստեղծագործական միության նախագահը պարտավոր է՝

ա) հրապարակել պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, ապահովել իր տնօրինության տակ գտնվող ցանկացած տեղեկատվության մատչելիությունը՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի,

բ) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն եւ հաշվապահական հաշվառում.

գ) վարել իր անդամների հաշվառումը.

դ) իր գործունեության եւ գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել ստեղծագործական միության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.

ե) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

զ) առանց լիազորագրի ստեղծագործական միությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի եւ (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում, պետական գրանցման մարմին ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները եւ (կամ) ստեղծագործական միության գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները:

է) կատարել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

2. Անօրինական գործունեություն ծավալելու համար ստեղծագործական միությունը եւ նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հոդված 26. Ստեղծագործական միության գործունեության նկատմամբ վերահսկողությունը

1. Ստեղծագործական միության  գործունեության նկատմամբ վերահսկողության կարգ կարող է սահմանվել ստեղծագործական միության  կանոնադրությամբ:

Եթե ստեղծագործական միության կանոնադրությունը նախատեսում է վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) ձեւավորում, ապա ստեղծագործական միության գործունեության եւ գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները բարձրագույն մարմնի հաստատմանն են ներկայացվում դրանց վերաբերյալ վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացության հետ մեկտեղ:

2. Ստեղծագործական միության վերստուգիչ հանձնաժողովը (վերստուգողն) իրավասու է՝

ա) ցանկացած ժամանակ անցկացնել ստեղծագործական միության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում (աուդիտը).

բ) ծանոթանալ ստեղծագործական միության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին եւ ստեղծագործական միության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել ստեղծագործական միության մարմիններ.

գ) ստեղծագործական միության պաշտոնատար անձանցից, անդամներից ու աշխատողներից պահանջել եւ ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկատվություն.

դ) իրականացնել ստեղծագործական միության կանոնադրությունից կամ բարձրագույն մարմնի որոշումներից բխող այլ լիազորություններ:

3. Ստեղծագործական միության կողմից օրենքների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին եւ ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

ԳԼՈՒԽ 4.

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 27. Ստեղծագործական միությունների գործունեության պայմանները

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները նպաստում են ստեղծագործական միությունների, նրանց կառուցվածքային ստորաբաժանումների՝  իրենց կանոնադրական նպատակների իրագործմանը միտված գործունեությանը։

Հոդված 28. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերները ստեղծագործական միություններին

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պետական իշխանության մարմինները մշակում են գրականության եւ արվեստի պահպանման ու զարգացման ծրագրեր՝  այդ ծրագրերի կազմման եւ իրականացման աշխատանքներին ներգրավելով ստեղծագործական միություններին եւ ստեղծագործական աշխատողներին։

2. Ծրագրերի հիման վրա ձեւավորված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերները բաշխվում են ստեղծագործական միությունների եւ ստեղծագործական աշխատողների միջեւ՝  համապատասխան մարմինների սահմանած կարգով։

3. Ստեղծագործական միություններին եւ   ստեղծագործական աշխատողներին տրվող պետական աջակցությունը կատարվում է նաեւ ստեղծագործական միությունների, ստեղծագործական աշխատողների ներկայացրած ազգօգուտ, նպատակային, հատուկ ծրագրերի ֆինանսավորմամբ՝  հեղինակների հայտի հիման վրա, ստեղծագործական միությունների, ստեղծագործական աշխատողների հետ պայմանագրեր կնքելու, դրամաշնորհներ հատկացնելու միջոցով։

ԳԼՈՒԽ 5.

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 29. Ստեղծագործական միության  սեփականության իրավունքը

1. Ստեղծագործական միությունը սեփականության իրավունքով կարող է ունենալ շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, բաժնետոմսեր գույք, որն անհրաժեշտ է նրա կանոնադրական նպատակների եւ խնդիրների նյութական ապահովման համար։

2. Ստեղծագործական միության սեփականությունը գոյանում է անդամավճարներից, դրամաշնորհներից, նվիրատվություններից, սեփականության իրավունքով իրենց պատկանող շենքերի, շինությունների եւ գույքի վարձակալությունց ստացված եկամուտներից,   սահմանված կարգով իրականացված գործունեությունից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից, ներառյալ՝ օտարերկրյա նյութական եւ ֆինասական հատկացված միջոցներից։

3. Ստեղծագործական միության հիմնադիրների եւ անդամների՝ սեփականության իրավունքով ստաղծագործական միությանը հանձնած, ինչպես նաեւ այլ աղբյուրներից ստացված գույքը ստեղծագործական միության սեփականությունն է:

4. Ստեղծագործական միությունն իրեն պատկանող գույքը տիրապետում, օգտագործում եւ տնօրինում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար ու այդ նպատակներին համապատասխան՝ օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված կարգով։

Հոդված 30. Ստեղծագործական միությունների գույքային իրավունքները

1. Ստեղծագործական միությունների կանոնադրական գործունեությանը աջակցելու նպատակով, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, անհատույց վարձակալությամբ եւ (կամ) սեփականության իրավունքով, կարող է տրամադրել շինություններ, գրասենյակներ՝  օրենսդրությամբ  սահմանած կարգով։

2. Պետական իշխանություններն աջակցում են ստեղծագործական միություններին հանգստյան (ստեղծագործական) տներ ստեղծելու գործում, տրամադրում են այդ նպատակին համապատասխան հողատարածքներ, օգնում են վարկերով, ինչպես նաեւ կարգավորում են հարկագանձման պայմանները՝  հանգստյան տների համար նախատեսված կարգով։

3. Ստեղծագործական միություններից, նրանց ստորաբաժանումներից, ինչպես նաեւ նրանց հիմնադրած կազմակերպություններից գանձվող վարձակալության վճարը կատարվում է պետական մշակութային հիմնարկների համար նախատեսված չափով։

4. Ստեղծագործական միություններից, նրանց ստորաբաժանումներից, ինչպես նաեւ նրանց հիմնադրած կազմակերպություններից կոմունալ սպասարկման եւ հեռախոսային կապի վճարումները կատարվում են պետական մշակութային հիմնարկների համար նախատեսված չափով։

5. Տեղական ինքնակառավարման մարմինները ստեղծագործական միություններին, նրանց ստորաբաժանումներին, ինչպես նաեւ նրանց հիմնադրած կազմակերպություններին, կարող են տալ արտոնություններ՝  տեղական հարկերի եւ կոմունալ ծառայության վճարումների գծով։

Հոդված  31. Ստեղծագործական միության միջազգային կապերը

1. Ստեղծագործական միությունն, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային եւ օտարերկրյա կազմակերպություններին եւ հաստատել միջազգային այլ կապեր։

2. Ստեղծագործական միությունն, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32.  Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու դեպքում

Սույն օրենքի դրույթների խախտումը առաջ է բերում պատասխանատվություն՝  Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն։

Հոդված 33.  Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից գրանցված են համարվում արդեն գործող ստեղծագործական միությունները։ Եթե ստեղծագործական միության գործող կանոնադրությունը հակասում է օրենքին, ապա կանոնադրությունը համապատասխանեցվում է օրենքի պահանջներին, իսկ դրա չկատարման դեպքում ստեղծագործական միությունը գրանցվում է ընդհանուր հիմունքներով, կամ օրենքով  սահմանված կարգով  կասեցվում է նրա գործունեությունը։

2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։