Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-278-27.05.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 22.1-րդ, 22.2-րդ, 22.3-րդ, 22.4-րդ, 22.5-րդ, 22.6-րդ, 22.7-րդ եւ 22.8-րդ կետերով.

«22.1) սննդամթերքի հետ շփվող նյութերին եւ դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջների հաստատումը.

22.2) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջների հաստատումը.

22.3) Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների եւ սննդամթերքի հետ շփվող նյութերի մասին ծանուցման կարգի հաստատումը.

22.4) արգելված սննդային հավելումների ցանկի հաստատումը.

22.5) կենդանական ծագման հումքի վարակազերծման կարգի սահմանումը.

22.6) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության, կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգի հաստատումը.

22.7) Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների եւ դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների սահմանումը.

22.8) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջների հաստատումը.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

22.12.2015 թվականին ուժի մեջ են մտել սահմանադրության փոփոխությունները, որոնց արդյունքում, ի թիվս այլ դրույթների, ամրագրվել է, որ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N 02/10.3/37766-2021 հանձնարարականով պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող Կառավարության եւ վարչապետի որոշումները եւ նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ այն հաշվով, որ համապատասխան օրենքները ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:

Վերոգրյալ հանձնարարականի հիման վրա տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից՝ տեսչական մարմինների հետ համատեղ իրականացվել են գույքագրման աշխատանքներ, որոնց արդյունքում վեր են հանվել կառավարության մի շարք որոշումներ, որոնց լիազորող նորմերը բացակայում են: Վերոգրյալի արդյունքում մշակվել են սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներին առնչվող օրենքների նախագծեր, որոնցով սահմանվում են համապատասխան լիազորող նորմեր՝ արդեն իսկ գործող որոշումների համար, ինչպես նաեւ սահմանվում են լիազորող նորմեր՝ կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգի հաստատման, ինչպես նաեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարական անձնագրի ձեւի եւ տրամադրման կարգի, բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգի, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերի հաստատման համար, քանի որ ներկայումս նշված կարգավորումները սահմանված են գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից, ուստի դրանք պետք է ուժը կրցրած ճանաչվեն՝ սահմանվելով ՍԱՏՄ ղեկավարի կողմից:Վերոգրյալ փոփոխություններից զատ առաջարկվում է կատարել համապատասխան լրացում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի անցումային դրույթում՝ «կողմից» բառից հետո լրացնելով «սահմանված կարգով» բառերը՝ որպես լիազորող նորմ, որի արդյունքում կվերացվի առկա հակասությունը 28-րդ հոդվածի 1-ին մասի հետ եւ կհստակեցվի դրույթն առ այն, որ ազգային ռեֆերենս լաբորատորիան նշանակվելու է ոչ թե Կառավարության կողմից, այլ Կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը.

Նախագծով առաջարկվում է համապատասխան օրենքերում սահմանել լիազորող նորմեր՝ արդեն իսկ գործող որոշումների համար, ինչպես նաեւ սահմանել լիազորող նորմեր՝ կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգի հաստատման, ինչպես նաեւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարական անձնագրի ձեւի եւ տրամադրման կարգի, բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգի, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերի հաստատման համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ համատեղ:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտների լիազորող նորմեր՝ մի շարք որոշումների համար:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, եւ Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

6.Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել փոփոխություններ շուրջ 18 ՀՀ կառավարության որոշումներում՝ սահմանելով նախաբանում լիազորող նորմերը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն