Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-286-03.06.2022-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքը լրացնել 1.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1.1 Օգտագործվող հիմնահական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ,

2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիկսերի կանխարգելման ծրագրեր՝ պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը եւ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը,

3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որը կարող է լինել որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու, խնամատարության, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում) խնամքի կազմակերման եղանակով:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է երեխաների շուրջօրյա խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման եւ ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրերը:»»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են, նրանք պետության եւ համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության եւ օգնության իրավունք ունեն: Պետությունն ու համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը եւ դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան հաստատություններում տեղավորելու միջոցով: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը եւ չափորոշիչները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Խնամքի ձեւն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը եւ այլն: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության եւ համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության եւ որոշակի պայմանների ստեղծման դեպքում:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն Օրենքն ուժի մեջ մտելուց հետո 3 ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է համարվում` Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի ? 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ պետական մարմինների ղեկավարներին հանձնարարավել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության եւ վարչապետի որոշումները եւ նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում արդեն իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի համար վերջիններս լիազորված կլինեն համապատասխան օրենքով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վարչապետի կողմից ընդունված իրավական ակտերի իրավական հիմքի ապահովումը: Մասնավորապես սույն օրենքի ընդունմանբ կսահմանվեն ՀՀ կառավարության ստորեւ նշված որոշումների համար լիազորող նորմերը՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշում

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշում

3) ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26 N 551-Ն որոշում

5. Կապը ռազմավարական ծրագրերի հետ

Սույն նախագիծը չունի որեւէ կապ ռազմավարական ծրագրերի հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն