Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-286-03.06.2022-ՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքը լրացնել 1.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1.1 Օգտագործվող հիմնահական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) երեխա՝ 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ,

2) ընտանիքներից երեխաների բաժանման ռիկսերի կանխարգելման ծրագրեր՝ պետության կամ պետության կողմից պատվիրակման կամ մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրեր, որոնք ուղղված են երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելմանը եւ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը,

3) երեխայի այլընտրանքային խնամք՝ կենսաբանական ընտանիքում երեխայի ապրելու անհնարինության դեպքում կազմակերպվող խնամք, որը կարող է լինել որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու, խնամատարության, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատներում) խնամքի կազմակերման եղանակով:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է երեխաների շուրջօրյա խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման եւ ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրերը:»»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են, նրանք պետության եւ համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության եւ օգնության իրավունք ունեն: Պետությունն ու համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը եւ դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան հաստատություններում տեղավորելու միջոցով: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը եւ չափորոշիչները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Խնամքի ձեւն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը եւ այլն: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության եւ համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության եւ որոշակի պայմանների ստեղծման դեպքում:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն Օրենքն ուժի մեջ մտելուց հետո 3 ամսվա ընթացքում: