Armenian ARMSCII Armenian
Կ-2831-03.06.2022-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անձի  ֆունկցիոնալության  գնահատման  մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «ձեւը» բառից հետո լրացնել «, անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար դիմումի օրինակելի ձեւը, անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման ձեւը, անձի ֆունկցիոնալության գնահատման գործիքների ձեւերը» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.

«Հոդված 6.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները

1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը  հաստատում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը եւ ուղեգրի ձեւը:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը «ժամանակ» բառից հետո լրացնել «կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով  նախատեսված իրավական ակտերը կընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: