«Հոդված 52. Պարտապանի գույքի պահատվությունը
1. Կատարողական գործողությունների իրականացման ժամանակ պարտապանի գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը գույքագրման եւ կատարողական այլ գործողությունների ընթացքում հայտնաբերված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց՝ համապատասխան ստացականի հիման վրա՝ գույքն ի պահ հանձնելիս պահառուին գրավոր նախազգուշացնելով արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Կատարողական գործողությանը պարտապանի ներկա լինելու դեպքում հայտնաբերված գույքն ի պահ հանձնելիս նախապատվությունը տրվում է պարտապանին:
2. Պարտապանից առգրավված գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում առգրավված գույքը չի կարող հանձնվել պարտապանին կամ նրա հետ փոխկապակցված անձանց: Սույն հոդվածի իմաստով պարտապան ֆիզիկական անձի հետ փոխկապակցված անձ են համարվում ամուսինը, պարտապանի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պարտապանի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները,: պարտապան իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամները, իրավաբանական անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը կամ կոլեգիալ մարմնի անդամը, իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունեցող անձինք, ինչպես նաեւ իրավաբանական անձի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ վերոնշյալ անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձինք:
3. Կատարողական վարույթի կողմը կարող է հարկադիր կատարողին գրավոր միջնորդություն ներկայացնել՝ կատարողական գործողությունների իրականացման ժամանակ առգրավված գույքն իր մատնանշած՝ որպես իր մասնագիտական գործունեության նպատակներից մեկը պահատվություն իրականացնող առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպության (արհեստավարժ պահառուի) պահպանությանը հանձնելու վերաբերյալ՝ պահպանության վճար առաջանալու դեպքում վճարումը պահառուին մատնաշող կողմի հաշվին կատարելու պայմանով: Նման դեպքերում հարկադիր կատարողը գույքն ի պահ ընդունողի հետ որպես կատարողական վարույթի՝ գույքն իր մատնանշած անձին հանձնելն առաջարկող կողմի ներկայացուցիչ կնքում է գույքի պահատվության վերաբերյալ պայմանագիր: Սույն մասով սահմանված պահատվության պայմանագրի շրջանակում պահառուն պարտավոր է պահատվության առարկա գույքը հանձնել (վերադարձնել) միայն հարկադիր կատարողին, իսկ այլ անձի, այդ թվում՝ պայմանագրով պահատուին, հանձնել (վերադարձնել) բացառապես հարկադիր կատարողի համաձայնությամբ: Պահատվության պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն հարկադիր կատարողի համաձայնությամբ:
4. Գույքը պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց ի պահ հանձնելու անհնարինության դեպքում դրա պահպանությունը կազմակերպում է հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայության միջոցներով՝ գույքի պահպանության հետ կապված ծախսերը գանձելով պարտապանից, իսկ կատարողական ծախսերը պահանջատիրոջից գանձելու հիմքերի առկայության դեպքում՝ պահանջատիրոջից:
5. Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանվող գույքի պահպանման անհրաժեշտությունը վերանալու դեպքում հարկադիր կատարողը սույն օրենքով սահմանված կարգով այդ մասին ծանուցում է պարտապանին (գույքի սեփականատիրոջը)՝ ծանուցման մեջ նշելով գույքի պահպանության համար կատարվող ամսական ծախսերի չափը եւ այն ժամկետը, որի ընթացքում գույքը պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն տնօրինել օրենքով սահմանված կարգով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումը ստանալուց, իսկ գույքի պահպանման ժամկետը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով երկարաձգվելու դեպքում՝ երկարաձգված ժամկետի ավարտից հետո երկու ամսվա ընթացքում պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից գույքը չպահանջվելու կամ չընդունելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն իրացնել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով կամ ուղղակի վաճառքի միջոցով՝ գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գույքի պահպանության հետ կապված ծախսերը պահելուց հետո փոխանցելով պարտապանին (գույքի սեփականատիրոջը):
7. Պարտապանը (գույքի սեփականատերը) իրավունք ունի սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում դիմում ներկայացնել հարկադիր կատարողին՝ հարկադիր կատարման ծառայության միջոցներով գույքի պահպանման ժամկետը մինչեւ վեց ամսով երկարաձգելու վերաբերյալ՝ դիմումին կցելով հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին երկարաձգվող ժամկետի ընթացքում գույքի պահպանության ծախսերը, իսկ գույքը սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով պահպանության ընդունված լինելու դեպքում՝ կատարված ծախսերի եռապատիկը վճարելը հավաստող փաստաթղթի բնօրինակը»:
Հոդված 2. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«Վտարման վայրում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց բացակայության, ինչպես նաեւ վտարվող գույքը վտարվող անձի կամ պահանջատիրոջ կողմից ի պահ ընդունելուց հրաժարվելու դեպքում գույքի պահպանությունը սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է հարկադիր կատարողը՝ կատարված ծախսերը փաստացի կատարված ծախսերի եռապատիկի չափով գանձելով պարտապանից: Պարտապանին հարկադիր վտարելու վերաբերյալ որոշումը պետք է պարունակի նաեւ պարզաբանում՝ վտարվող գույքն ի պահ ընդունելու պարտապանի պարտականության եւ դրա չկատարման հետեւանքների վերաբերյալ»:
Հոդված 3. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) գույքային բնույթի կատարողական վարույթներով պարտապանի գույքի պահպանությունը սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացվելու դեպքում՝ սույն մասի ա-գ ենթակետերով սահմանված ծախսերից զատ նաեւ պահպանության համար փաստացի կատարված ծախսերի չափով»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Նախագծով նախատեսվում է կարգավորել կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունելու գործընթացը, սահմանել գույքն ի պահ ընդունելու իրավունք ունեցող անձանց շրջանակին, գույքն ի պահ ընդունելու գործընթացի ձեւակերպմանը, գույքի պահպանության հետ կապված ծախսերի փոխհատուցմանը եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից ի պահ ընդունված եւ սեփականատիրոջ կողմից չպահանջված կամ չընդունված գույքի հետագա տնօրինմանն առնչվող կարգավորումներ:
2. Առկա իրավիճակը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու պարտադիր տարր է գույքի վրա արգելանք դնելը, իսկ նույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող՝ հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը եւ ի պահ հանձնելը: Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ արգելադրված գույքն ի պահ հանձնելը, հանդիսանալով պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու գործընթացի բաղադրատարր, էական նշանակություն ունի մինչեւ գույքի բռնագանձման ավարտը դրա պահպանվածությունն ապահովելու, բռնագանձման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու, եւ, ի վերջո, հարկադիր կատարման ենթակա ակտի պահանջի կատարումը երաշխավորելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ Օրենքը մանրամասն կարգավորում է պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու, այդ թվում՝ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու գործընթացը, գույքն ի պահ հանձնելու հետ կապված հարաբերություններն Օրենքով միայն մասամբ են կարգավորված: Մասնավորապես, Օրենքի 52-րդ հոդվածի համաձայն.
«Հարկադիր կատարողն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց՝ համապատասխան ստացականի հիման վրա»:
Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն.
«Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողն ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը՝ վերջինիս վրա դնելով կատարված ծախսերի հատուցումը»:
Այսպիսով, Օրենքը սահմանում է միայն կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ հանձնելու առնչությամբ միայն ընդհանուր դրույթներ՝ ամրագրելով արգելանքի տակ դրված գույքը ի պահ հանձնելու հնարավորությունը, որպես գույքն ի պահ ընդունող սուբյեկտներ սահմանելով պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց, ինչպես նաեւ գույքն ի պահ հանձնելու համար պպարտադիր համարելով համապատասխան ստացականի առկայությունը: Ընդ որում, նշված նորմը վերաբերում է միայն արգելանքի տակ դրված գույքի պահատվությանը, եւ չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքի պահպանության անհրաժեշտություն է առաջանում ոչ գույքային բնույթի, պարտապանի գույքի արգելադրում եւ իրացում չենթադրող (օրինակ՝ վտարման, քանդման, որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն վերաբերող) կատարողական վարույթով:
Չնայած վերոգրյալին՝ կատարողական վարույթի շրջանակում մի շարք կատարողական գործողություններ իրականացնելիս, այդ թվում՝ գույքագրում իրականացնելիս, վտարման, քանդման, որոշակի գործողություններ կատարելուն կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն վերաբերող կատարողական գործողություններ իրականացնելիս, առաջանում է գույքն ի պահ ընդունելու անհրաժեշտություն: Գույքն ի պահ ընդունելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ վարույթի շրջանակում անշարժ գույքի գնահատման գործընթացում, երբ պարտապան ֆիզիկական անձը բացակայում է կամ արհեստականորեն խոչընդոտում է կամ հրաժարվում է մասնակցել կատարողական գործողություններին, ինչպիսի պայմաններում պարտապանի բնակության (գտնվելու) վայր անշարժ գույքի դուռը բացելով մուտք գործելու եւ առանց պարտապանի կատարողական գործողություններ կատարելու դեպքում անհրաժեշտաբար առաջանում է անշարժ գույքի բանալին եւ դրա ներսում գտնվող շարժական գույքն ի պահ հանձնելու հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք օրենսդրական մակարդակում լուծված չեն ու էականորեն դժվարացնում, երբեմն՝ անհնարին են դարձնում կատարողական գործողությունների իրականացումը:
Պարտապանի, պահանջատիրոջ կամ այլ անձանց կողմից պահպանության չընդունված գույքը հաճախ պահպանության է ընդունում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, ինչն իր հերթին գործնականում մի շարք խնդիրներ է առաջացնում: Մասնավորապես, այն դեպքերում, երբ գույքն ի պահ ընդունելու նպատակը ոչ թե այն հարկադիր իրացնելն է, այլ գույքի պահպանությունը եւ/կամ կատարողական այլ գործողությունների անխոչընդոտ իրականացումն ապահովելը, շատ հաճախ ի պահ ընդունված գույքը տեւական ժամանակ սեփականատիրոջ կողմից չի պահանջվում եւ մնում է Ծառայությունում: Արդյունքում Ծառայությունը ստիպված է անորոշ ժամկետով պահպանել ի պահ ընդունված գույքը՝ լիազորված չլինելով դրա առնչությամբ որեւէ գործողություն կատարել: Այս գործընթացը պահանջում է գույքը պահպանելու համար նյութական ու մարդկային ռեսուրսներ, տարածք, մեծ ծավալով ծախսեր՝ պետական բյուջեի միջոցների հաշվին, որոնք կատարողական վարույթի շրջանակում բռնագանձման ենթակա կատարման ծախսերի կազմում կատարողական վարույթի կողմերից բռնագանձելն իր հերթին խնդրահարույց է՝ օրենսդրական թերի կարգավորման պատճառով:
Այսպիսով, գործող իրավակարգավորումների պայմաններում պարտապանի կամ պարտապանի մոտ գտնվող, պահանջատիրոջը պատկանող գույքի պահատվություն ենթադրող կատարողական գործողություններ իրականացնելը Ծառայության համար խիստ ռիսկային ու խնդրահարույց է, ինչն իր հերթին բացասաբար է ազդում կատարողական վարույթների արդյունավետության, կատարողական վարույթի կողմերի իրավունքի պաշտպանության երաշխավորման գործընթացի վրա:
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը կատարողական վարույթի շրջանակում գույքի պահատվության իրավահարաբերությունները կարգավորելն է՝ գույքն ի պահ ընդունելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի սահմանման, ի պահ ընդունելու գործընթացի ձեւակերպման, գույքի պահպանության առնչությամբ ծագող ծախսերի փոխհատուցման, ի պահ ընդունված եւ չպահանջված գույքի իրացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ամրագրումը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել կատարողական վարույթի շրջանակում ի պահ ընդունման ենթակա գույքն ի պահ ընդունելու, ի պահ ընդունված գույքի պատշաճ պահպանության, անհրաժեշտության դեպքում՝ Ծառայության կողմից ի պահ ընդունված եւ սեփականատիրոջ կողմից չպահանջված գույքի տնօրինումը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարողական վարույթի շրջանակում գույքն ի պահ ընդունողին արգելադրված գույքի նկատմամբ ապօրինի գործողությունների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացնելու եւ գույքի պատշաճ պահպանությունն ապահովելուն ուղղված այլ գործիքակազմի միջոցով կանխել, նախականխել կամ բացառել արգելադրված եւ ի պահ ընդունված գույքի նկատմամբ ոչ իրավաչափ արարքները, բարձրացնել հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման արդյունավետությունը, ապահովել կատարողական վարույթի կողմերի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:
5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ»
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման, մասնավորապես՝ կատարողական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետա՟կան բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում