1) 1-ին մասում «(պայմանագիրը)» բառից հետո լրացնել «սույն օրենքի իմաստով» բառերը.
2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 4-րդ կամ 5-րդ հոդվածի պահանջները չպահպանելը, այդ թվում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքի (պայմանագրի) մասը կազմող գործարքների (պայմանագրերի) դեպքում, հանգեցնում է գործարքի (պայմանագրի) անվավերության: Նման գործարքը (պայմանագիրը) առոչինչ է:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող, ինչպես նաեւ օդային տրանսպորտով կատարվող ուղեւորափոխադրումների տոմսերի վաճառք իրականացնող սուբյեկտները պետք է հաճախորդի ցանկությամբ պարտադիր ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունում, բացառությամբ կրպակների: Նշված սուբյեկտները, ի հավելումն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման, կարող են իրենց ցանկությամբ ապահովել նաեւ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով անկանխիկ վճարման ընդունում:»
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարկմանը հաջորդող օրվանից:
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2022 թվականի հունվարի 18-ին ընդունվել եւ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքով կարգավորվում են անկանխիկ գործառնությունների հետ կապված հարաբերություններ: Օրենքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով սահմանվել են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների կողմից գործարքի գնի վճարման անկանխիկ ձեւով իրականացնելու եւ ֆիզիկական անձանց միջեւ Օրենքի պահանջներին համապատասխանող գործարքների դեպքում գործարքի գնի վճարումն անկանխիկ ձեւով իրականացնելու պահանջներ:
Մասնավորապես, Օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների եւ կազմակերպությունների կողմից կնքվող այն գործարքների համար, որոնց մի կողմը ֆիզիկական անձ է, եւ այն գործարքների դիմաց, որոնք կնքվում են ֆիզիկական անձանց միջեւ եւ գերազանցում են Օրենքով սահմանված շեմը, վճարումն իրականացվելու է անկանխիկ ձեւով: Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի ձեւակերպման տրամաբանությունից բխում է, որ գործարքի՝ Օրենքի պահանջներին չհամապատասխանելը չի հանգեցնում գործարքի անվավերության: Այդ պարագայում, որպես հետեւանք, միայն, Օրենքով սահմանված գումարի չափը գերազանցող կանխիկ ձեւով իրականացվող վճարման եւ վճարման ստացման հետեւանքով գործարքի կողմերի միջեւ վեճ առաջանալու դեպքում նրանք զրկվում են ի հաստատումն գործարքի եւ դրա պայմանների՝ վկայի ցուցմունքները վկայակոչելու իրավունքից: Սակայն, ստացվում է, որ այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում Օրենքի պահանջներին, այն է՝ պահպանված չեն Օրենքի պահանջները, այդ գործարքը դառնում է օրենքին հակասող գործարք: Ինքնին, գործարքի՝ օրենքի պահանջներին չհամապատասխանելը հանգեցնում է դրա անվավերության կամ այլ հետեւանքների: Նշվածը բխում է Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) տրամաբանությունից: Այսպես, Օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետեւանքներ:
Վերը նշվածը հաշվի առնելով՝ սահմանված կարգավորումը, որը, որպես Օրենքի պահանջների չպահպանման հետեւանք, չի նախատեսում անվավերություն, այլ միայն Օրենքով սահմանված գումարի չափը գերազանցող կանխիկ ձեւով իրականացվող վճարման եւ վճարման ստացման հետեւանքով գործարքի կողմերի միջեւ վեճ առաջանալու դեպքում նրանց զրկում է ի հաստատումն գործարքի եւ դրա պայմանների՝ վկայի ցուցմունքները վկայակոչելու իրավունքից, պատշաճ չի ապահովելու Օրենքի կիրառումը:
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ՝ սույն օրենքի պահանջներից խուսափելու եւ դրանք չկատարելու նպատակով մասնատված (երկու կամ ավելի մասերի բաժանված) գործարքը (պայմանագիրը) համարվում է մեկ միասնական գործարք (պայմանագիր), եւ դրա վրա տարածվում են սույն օրենքի դրույթները: Նշված կարգավորման բովանդակությունից բխում է, որ Օրենքի պահանջներից խուսափելու եւ դրանք չկատարելու նպատակով մասնատված (երկու կամ ավելի մասերի բաժանված) գործարքը (պայմանագիրը) համարվում է մեկ միասնական գործարք (պայմանագիր), սակայն հստակեցված չէ, թե մասնատված գործարքը Օրենքի իմաստով է համարվում մեկ միասնական գործարք, թե ընդհանրապես: Ուստի անհրաժեշտ է հստակեցնել, որ Օրենքի պահանջներից խուսափելու եւ դրանք չկատարելու նպատակով մասնատված (երկու կամ ավելի մասերի բաժանված) գործարքը (պայմանագիրը) համարվում է մեկ միասնական գործարք (պայմանագիր) Օրենքի իմաստով եւ դրա վրա տարածվում են Օրենքի դրույթները:
Ուստի, Օրենքի կիրառումն ապահովելու համար, անհրաժեշտ է սահմանել կարգավորումներ, որոնցով Օրենքի պահանջներից խուսափելու եւ դրանք չկատարելու նպատակով մասնատված (երկու կամ ավելի մասերի բաժանված) գործարքը (պայմանագիրը) կհամարվի մեկ միասնական գործարք (պայմանագիր) Օրենքի իմաստով եւ Օրենքի 4-րդ կամ 5-րդ հոդվածի պահանջները չպահպանելը կհանգեցնի գործարքի անվավերության, այն է՝ այդ գործարքն առոչինչ է:
Բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել է նաեւ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման պահանջը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել՝
- Օրենքի պահանջներից խուսափելու եւ դրանք չկատարելու նպատակով մասնատված (երկու կամ ավելի մասերի բաժանված) գործարքը (պայմանագիրը) Օրենքի իմաստով համարվում է մեկ միասնական գործարք (պայմանագիր), եւ դրա վրա տարածվում են Օրենքի դրույթները,
- անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների եւ կազմակերպությունների կողմից կնքվող գործարքների դեպքում Օրենքի 4-րդ հոդվածի պահանջները չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության. այդ գործարքն առոչինչ է,
- ֆիզիկական անձանց միջեւ կնքվող, Օրենքի 5-րդ հոդվածի չափանիշներին համապատասխանող գործարքի դեպքում Օրենքի 5-րդ հոդվածի պահանջների չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության. այդ գործարքն առոչինչ է,
- Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքի (պայմանագրի), այն է՝ մասնատված գործարքի դեպքում դրա մասը կազմող գործարքների (պայմանագրերի) պարագայում եւս Օրենքի 4-րդ կամ 5-րդ հոդվածի պահանջները չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության. այդ գործարքներն առոչինչ են
- հստակեցվել է նաեւ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարումների ընդունման պահանջը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Մշակված Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Օրենքի 4-րդ եւ 5-րդ հոդվածների պահանջների կատարումը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծով առաջարկվող լրացումը եւ փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականի ծրագրի 6.8 կետից: Մասնավորապես, այդ կետով սահմանվում է հարկաբյուջետային քաղաքականությունը, որով նախատեսվում է կրճատել կանխիկի շրջանառությունը եւ խթանել անկանխիկ վճարումների ծավալի աճը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում