Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-291-06.06.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունում «տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության եւ հետուսումնական 10 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է նաեւ ուսումնառության ժամանակահատվածը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն» բառերը փոխարինել «20 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամանակահատվածը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառության ավարտից հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «համապատասխան ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության եւ հետուսումնական 10 տարի» բառերը փոխարինել «20 տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 65-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «զինծառայողները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասում նախատեսված սպայական կազմի զինծառայողների,» բառերը.

2) 2-րդ մասից հետո լրացնել 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է բնակարան՝ նրա հետ կնքելով անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը եւ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանի օգտագործումը եւ տիրապետումը զինծառայողի համար ներառում է նաեւ բնակարանը վարձակալությամբ տրամադրելու իրավունքը: Սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի եւ զինծառայողի (նախկին զինծառայողի) միջեւ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր կնքելու միջոցով: Սույն օրենքով սահմանված այլ հիմքերով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու, ինչպես նաեւ սույն օրենքի 44-րդ հոդվածում նախատեսված դեպքերում անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը համարվում է լուծված եւ հատկացված բնակարանի նկատմամբ դադարում է զինծառայողի անհատույց օգտագործման իրավունքը: Կնքված պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սույն մասով սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի՝ սույն հոդվածի 4-րդ մասում նախատեսված ընտանիքի անդամներին: Սույն մասով սահմանված պայմանները ենթակա են ներառման զինծառայողի հետ կնքվող անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում: Սույն մասով սահմանված բնակարանների ձեռք բերումն իրականացվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ պատրաստի բնակարանների գնման միջոցով:».

3) 3-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասով սահմանված բնակարանային ապահովության իրավունքը չի տարածվում սույն հոդվածի 2.1-ին մասում սահմանված բնակարանային ապահովության իրավունքից օգտված սպայական կազմի զինծառայողների կամ նրանց ընտանիքների վրա:»:

ՀՈԴՎԱԾ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների կողմից կադրային սպայական ծառայության ընտրության եւ ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Վերջին տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության եւ նախարարության գործուղմամբ օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության քանակական եւ որակակական վերլուծությունը ցույց է տալիս, որ տարեցտարի նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը, ինչը մեծապես կապված է զինվորական ծառայության առանձնահատուկ եւ որոշակիորեն ծանր պայմաններով բնույթի եւ ներկա դրությամբ դրանց արդեն իսկ ոչ համարժեք վարձատրության եւ սոցիալական երաշխիքների համակարգի առկայության հետ: Բացի այդ, եթե մինչեւ 2018 թվականը գործող նախկին «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված էր բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր զինծառայողների համար ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ բնակարանային ապահովության իրավունք, գործող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով այն փոխարինվեց արտոնյալ եւ երկարաժմկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում պետական ֆինանսավորումը սահմանափակվում է առավելագույն 28,5 մլն դրամի 10 տոկոսի չափով կանխավճարի եւ վարկի տոկոսագումարների առավելագույնը 3 տոկոսի չափով ամսական սուբսիդավորման հատկացմամբ: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում կարեւորվել եւ ամրագրվել է զինվորական ծառայության շահադրդման նյութական եւ բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, արհեստավարժ զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացումը, որի շրջանակներում ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության եւ կադրային սպայական ծառայության գրավչության ապահովման նպատակով հրատապ է դարձել առնվազն կադրային զինվորականի ուղի ընտրող քաղաքացիների համար բնակարանային ապահովության այնպիսի մոդելի սահմանումը, որը հնարավորություն կտա 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, այն ավարտած եւ սպայական ծառայության անցած զինծառայողների համար լուծել ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ բնակարանային ապահովությանը հարցը: Ընդ որում, գործընթացի մտահղացումն այն է, որ յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտ քանակով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատրաստի բնակարանների գնման միջոցով ձեռք են բերվելու 3 սենյականոց բնակարաններ՝ (գումարային առավելագույն ելակետ ընդունելով ՀՀ կառավարության 22.08.2019թ. N 1091-Ն որոշմամբ սահմանված արտոնյալ եւ երկարաժմկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի առավելագույն արժեքը՝ 28.500.000 դրամ չափը) եւ ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով հատկացվեն սպաներին՝ հատկացման կարգը եւ պայմանները սահմանելով ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ հատկացված բնակարանը նաեւ սեփականության իրավունքով տրամադելու միջոցով: Միաժամանակ, մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված եւ ավարտած (ավարտող) զինծառայողների մասով նախատեսվում է ՀՀ կառավարության 22.08.2019թ. N 1091-Ն որոշման մեջ նրանց համար սահմանել ծրագրից օգտվելու առաջնահերթության իրավունք (առանց վիճակահանության, կամ ներքին վիճակահանությամբ): Գործընթացն ամբողջական ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաեւ ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանել 20 տարի:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը սահմանվում է 20 տարի, որից ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո՝ որպես հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն, սահմանվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար անհատույց օգտագործման եւ անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք, սահմանվում են անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաեւ անհատույց օգտագործման իրավունքի դադարման պայմանները, նախատեսվում է, որ բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը եւ պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Սահմանվում է նաեւ, որ համապատասխան կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական եւ բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը 2023 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեներում առաջացնելու է ծախսերի ավելացման՝ մոտ 12,5 մլրդ դրամ չափով՝ յուրաքանչյուր տարվա համար հաստատվող ՀՀ եւ օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության մոտ 440 տեղերի հաշվարկով ներկայումս սպայական կազմի զինծառայողների արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման համար սահմանված առավելագույն՝ 28.500.000 դրամի չափով տարեկան 440 բնակարան գնելու դեպքում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն