Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2921-07.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «գումարը» բառից հետո լրացնել «, որը ներառում է նաեւ մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման համար հաշտարարին կողմի վճարած վարձատրության գումարը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «պարտականությունը,» բառից հետո լրացնել «հաշտարարին վարձատրության գումարի հատուցման,» բառերով:

2) լրացնել նոր՝ 8-րդ մասով.

«8. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա անկախ գործի ելքից դատական ծախսերը լրիվ դրվում են գործին մասնակցող այն անձի վրա, որը հրաժարվել կամ խուսափել է մասնակցել հաշտարարությանը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 121-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1-ին մասով.

«3.1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ սահմանված լինելու դեպքում հայցադիմումում նշվում են վեճը հաշտությամբ լուծելու ուղղությամբ կատարված գործողությունները:»:

Հոդված 4. Օրենսգրքի 122-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1.- 1.4.-րդ մասերով.

«1.1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ սահմանված լինելու դեպքում հայցադիմումին կցվում է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրության բնօրինակը: Օրենքով նախատեսված դեպքերում առցանց հաշտարարության իրականացման պարագայում հայցադիմումին կարող է կցվել հաշտարարի էլեկտրոնային ստորագրությամբ հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունը: «Հաշտարարության մասին» օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ որեւէ հիմքով անձին թույլատրված է չսպառել պարտադիր հաշտարարության պահանջը կամ պարտադիր հաշտարարության իրականացումը օրենքով նախատեսված դեպքերում անհնարին է, ապա հայցադիմումին կցվում է օրենքով նախատեսված այդ հիմքերը հիմնավորող օրենքով նախատեսված թույլատրելի ապացույց:

1.2. «Հաշտարարության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է վիճելի իրավահարաբերության կողմի (այդ թվում՝ նաեւ իր)՝ օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկված լինելու մասին ապացույց:

1.3. «Հաշտարարության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-3-րդ կետերով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը:

1.4. «Հաշտարարության մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում սույն հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակման անհնարինության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 137-րդ հոդվածը լրացնել նոր՝ 7.1-ին մասով.

«7.1. Մինչեւ դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելը խոչընդոտ չէ հայցի նախնական ապահովման միջոցների կիրառման համար:»:

Հոդված 6. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի.

1) «մինչեւ» բառը փոխարինել «ոչ պակաս քան երկու, եւ ոչ ավելի քան» բառերով.

2) հանել «անվճար» բառը:

Հոդված 7. Օրենսգրքի 175-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2-րդ մասով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու եւ ոչ ավել, քան չորս ժամ հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 184-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մեկ անգամ կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու եւ ոչ ավել, քան չորս ժամ հաշտարարություն:».

2) 4-5-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Կողմերի միջնորդությամբ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելիս հաշտարարի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում հաշտարարի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ՝ պահանջագրում նշելով դատական գործի համարը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), կողմերի միջեւ առկա վեճի բնույթը, պահանջները, այլ անհրաժեշտ տվյալները:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի թեկնածությունն ստանալուց հետո կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ հաշտարար ընտրելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում որոշում է կայացնում հաշտարար նշանակելու մասին, որտեղ նշվում են գործին մասնակցող անձինք, կողմերի միջեւ առկա վեճի բնույթը, պահանջները, հաշտարարության ժամկետները, արտոնագրված հաշտարարի անունը, այլ անհրաժեշտ տվյալներ, հաջորդ դատական նիստի ժամանակը եւ վայրը, ինչպես նաեւ հաշտարարությունը առցանց իրականացնելու հնարավորության մասին:».

3) լրացնել նոր՝ 4.1-ին մասով.

«4.1. Հաշտարարն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ եւ պատճեններ:».

4) 6-րդ մասում «անձանց» բառից հետո լրացնել «եւ հաշտարարին» բառերով:

5) լրացնել նոր՝ 7-9-րդ մասեր.

«7. Եթե կողմերից մեկը միջնորդում է հաշտարարությունն առցանց իրականացնելու վերաբերյալ եւ մյուս կողմը չի առարկում, ապա հաշտարարությունը կարող է նշանակվել առցանց:

8. «Հաշտարարության մասին» օրենքի 9.1-ին հոդվածով նախատեսված փոխկապակցվածության հիմքերի կամ 9.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների առկայությունը նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով անտեսելու մասին կողմերի որոշման չկայացման դեպքում հաշտարարը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել դատարանին:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում դատարանը տեղեկացումը ստանալու պահից եռօրյա ժամկետում հաշտարարի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նոր թեկնածուի ընտրությունն ու հաշտարարի նշանակումն իրականացվում են սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 187-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «չափով» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով:

2) լրացնել նոր 2.1-ին մասով.

«2.1. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատարանի նախաձեռնությամբ նշանակված հաշտարարության արդյունքում կողմերը կնքել են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը ուղղվում է դատարանի կողմից որոշված ժամանակահատվածով հաշտարարություն իրականացրած հաշտարարի փոխհատուցմանը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով: Վճարված պետական տուրքի ընդհանուր գումարի եւ դրա մի մասից հաշտարարին վճարված փոխհատուցման գումարի տարբերությունը օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով վերադարձվում է պետական տուրք վճարած կողմին:»

3) 4-րդ մասից հանել «կամ մասնակի» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին մասում «(առկայության դեպքում),» բառերից հետո լրացնել «արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարի վարձատրության վերաբերյալ ապացույցը (վճարած լինելու դեպքում)» բառերով:

Հոդված 11. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է այն վեճերի վրա, որոնցով դեռեւս հայցադիմում չի ներկայացվել դատարան:


Հիմնավորում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն