Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2922-07.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1.-ին մասով.

«1.1. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա այդ գործերով արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դիմումների համար սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պետական տուրքը նվազեցվում է արտոնագրված հաշտարարին մինչեւ երկու ժամ իրականացված հաշտարարության դիմաց վճարած գումարի չափով, բայց ոչ ավելի քան Կառավարության որոշմամբ սահմանված դրույքաչափի եւ ոչ պակաս քան բազային տուրքի 10-ապատիկի չափով:»:

Հոդված 2. 20-րդ հոդվածը լրացնել նոր՝ 55.1-ին կետով.

«55.1. արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով.»:

Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել նոր ա.2-րդ կետով.

«ա.2) պետական տուրքը վճարած կողմին՝ Կառավարության սահմանած չափով որպես փոխհատուցում մինչեւ երկու ժամ տեւողությամբ իրականացված հաշտարարության համար հաշտարարին վճարված վարձատրության դիմաց, եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կազմվել է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն եւ հաշտարարության ավարտից հետո նույն անձանց միջեւ նույն առարկայի մասին եւ նույն փաստական հիմքերով գործով դատարան ներկայացվել է հայցադիմում եւ հայցը մերժվել կամ մասնակի բավարարվել է:»:

Հոդված 4. Օրենքի 38.1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 38.1. Հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու հիմքով դատարան վճարված պետական տուրքի վերադարձը

1. Այն դեպքում, երբ հաշտարարությունը կողմերի համաձայնությամբ կամ միջնորդությամբ նշանակվել է դատարանի կողմից, եւ կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է պետական տուրք վճարած կողմին հետեւյալ չափաբաժիններով.

ա) 50 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է առաջին ատյանի դատարանը.

բ) 40 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է վերաքննիչ ատյանի դատարանը:

2. Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակվել է դատարանի նախաձեռնությամբ եւ արդյունքում կողմերը կնքում են հաշտության համաձայնություն, ապա վճարած պետական տուրքի ընդհանուր գումարի եւ հաշտարարին վճարված փոխհատուցման չափի տարբերությունը վերադարձվում է պետական տուրք վճարած կողմին հետեւյալ չափաբաժիններով.

1) 50 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է առաջին ատյանի դատարանը.

2) 40 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է վերաքննիչ ատյանի դատարանը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն