Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2976-09.06.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 61-րդ հոդվածի 7-րդ պարբերության «(կեղծելը)» բառից հետո լրացնել «, վնասելը» բառը եւ հանել «դիտավորյալ» բառը:

Հոդված 2. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հանել «Ջրօգտագործման սահմանված չափաքանակի խախտմամբ բնական ջրային օբյեկտներից ջրառ իրականացնելը,» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 63.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 63.2. Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը

1. Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:

2. Ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:

3. Ջրօգտագործումն էկոլոգիական թողքի հաշվին իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով կամ ջրօգտագործման թույլտվության ուժի կորցրած ճանաչում:

5. Ջրօգտագործման թույլտվությամբ ամրագրված ջրառի, ջրթափի եւ/կամ էկոլոգիական թողքի կետերում ջրաչափերի կամ ջրաչափական սարքերի տեղադրման պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: