Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-313-22.06.2022-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1521 հոդվածի՝

1) 1-ին մասում «չտրամադրելը» բառից հետո լրացնել «, կամ բազմաբնակարան շենքի համար՝ օրենքով սահմանված պարտադիր վճարները եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով, առանձին բանկային հաշիվ չբացելը» բառերով,

2) 1-ին մասում «աշխատավարձի եռապատիկի չափով:» բառերը փոխարինել «աշխատավարձի տասնապատիկի չափով:» բառերով եւ դրանից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, եթե կատարվել է կրկին, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Սույն նախագծի նպատակը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով, բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության նախատեսումն է:

2. Առկա իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 24-ին ընդունվել են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքները:

Նշված օրենքների համաձայն «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում սահմանված պարտադիր եւ այլ վճարները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով, իսկ բանկային հաշվի վարման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2078-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում):

Որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների ամրագրվել են բանկային հաշվի մուտքերի եւ այդ հաշվին փոխանցված գումարների տնօրինման ուղղություններն, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքը պահպանելու եւ կառավարելու կապակցությամբ առաջացող վնասները եւ այլ անկանխատեսելի ծախսերը, մասնավորապես, վթարները կանխելու եւ վերացնելու, անհետաձգելի նորոգումների, տուգանքների, երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունը վաղաժամկետ մարելու, արժեքների եւ սակագների չպլանավորված բարձրացումը փոխհատուցելու նպատակով բանկային հաշվին փոխանցվող պարտադիր վճարներից պահուստային ֆոնդ ձեւավորելու հնարավորությունը:

Որոշմամբ առաջարկվել է համայնքների ղեկավարներին, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո (ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 19-ին)՝

- մեկամսյա ժամկետում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին իրազեկել սույն որոշմամբ սահմանված կարգի մասին,

- օրենքով սահմանված կարգով շենքի կառավարման մարմնի լիազորություններն իրականացնելու դեպքում շենքի, շինությունների սեփականատերերի կողմից օրենքով սահմանված վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով յուրաքանչյուր շենքի համար բանկային հաշվի բացման եւ այդ հաշվի վարման գործընթացն իրականացնել Որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

Այսինքն, նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 27-րդ հոդվածի դրույթները՝ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները բանկային հաշիվը պետք է բացեին «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 15.1 հոդվածի դրույթներն ուժի մեջ մտնելուց (դրանից բխող ենթաօրեսդրական ակտը՝ Որոշումն ուժի մեջ մտնելուց եւ իրազեկման համար նախատեսված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո) հետո՝ 2021 թվականի հունվարի 20-ից սկսած:

Հաշիվը բացված լինելու դեպքում միայն սեփականատերը հնարավորություն կունենա Օրենքով սահմանված վճարումները կատարել անկանխիկ եղանակով:

Հարկ է նշել, որ 2021 թվականի տարեվերջի արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ վճարների անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու նպատակով բանկային հաշիվներ դեռեւս չեն բացել հանրապետության թվով 19183 բազմաբնակարան շենքերից 4140-ը (բազմաբնակարան շենքերի ընդհանուր թվի մոտ 22%):

Եվս 1316 բազմաբնակարան շենքի մասով հաշիվները բացված են ոչ թե առանձին շենքերի համար, այլ համատիրության կազմում գտնվող բազմաբնակարան շենքերի համար գործում է մեկ հաշիվ (տվյալ դեպքում՝ 1316 բազմաբնակարան շենքի համար գործում է թվով 8 հաշիվ):

Հաշվի առնելով նշվածը եւ նպատակ ունենալով ապահովել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի պահանջը (օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար առանձին, բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի անվամբ այդ նպատակով բացված բանկային հաշվին փոխանցելու եղանակով), անհրաժեշտություն է առաջանում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով նախատեսել վարչական պատասխանատվություն բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելու համար:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության նախատեսման միջոցով բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատելաոճի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետությունն, ինչպես նաեւ չնախատեսված աշխատանքների մասով պահուստային ֆոնդ ձեւավորելու հնարավորությունը:

Խնդիրն էապես կարեւոր է նաեւ բազմաբնակարան շենքը պետական կամ այլ աջակցության տարբեր ծրագրերում, որպես ֆինանսապես հուսալի գործընկեր, ընդգրկվելու տեսանկյունից:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, այն է՝ մեկ այլ նորմատիվ իրավական ակտի մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ:

6. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաեւ իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ մարզերից եւ Երեւանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվությունը:

7. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Նախագիծը եւ դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում եւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում:

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետի 2-րդ ենթակետից, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1920-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 13.4 կետից,  ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված՝  քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի 95-րդ կետի 6-րդ ենթակետից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն