Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի թիվ ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 27.1-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«27.1) տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.»:
Հոդված 2. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 5.1-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5.1) տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերի պահանջների կատարման համար անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ է կատարում համապատասխան ակտերում կամ ուժը կորցրած ճանաչում տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը.»:
Հոդված 3. Օրենքի 96-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետով եւ 59-րդ հոդվածի 2-րդ մասի 5.1-րդ կետով սահմանված լիազորության նկատմամբ մասնագիտական հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Նախագծի ընդունումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.
1978 թվականի ՀԽՍՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների խորհուրդները՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդները կազմել են պետական իշխանության ներկայացուցչական մարմինների միասնական սիստեմ:
05.07.1995թ. ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային, շրջանային խորհուրդները եւ նրանց գործադիր մարմինները մինչեւ Սահմանադրությանը համապատասխան տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենսդրության ընդունումը շարունակել են իրականացնել օրենքով սահմանված լիազորությունները:
Վերոգրյալից հետեւում է, որ գործադիր կոմիտեները հանդիսացել են պետական իշխանության գործադիր մարմիններ:
15.12.1995թ. «Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունների կարգավորման անցումային դրույթների մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից լուծարվում են պատգամավորների շրջանային, Երեւանի քաղաքային, Երեւան եւ Գյումրի քաղաքների շրջանային խորհուրդները, իսկ նրանց գործադիր մարմինները (բացառությամբ Գյումրի քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր մարմինների) շարունակում են գործել մինչեւ համապատասխան մարզպետների նշանակումը եւ մարզպետարանների կազմավորումը, որից հետո այդ մարմինները կառավարության կողմից սահմանված կարգով լուծարվում են:
ՀՀ վարչապետի 23.02.1996թ. թիվ 78 որոշմամբ նախատեսվել են պատգամավորների շրջանային, Երեւանի քաղաքային եւ Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացն ապահովող միջոցառումները:
Ո՛չ վերը նշված օրենքով, ո՛չ վարչապետի նշված որոշմամբ կամ այլ ակտով պատգամավորների շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների իրավահաջորդ չի ճանաչվել:
Փաստորեն, ժողովրդական պատգամավորների խորհուրդների լուծարումից հետո վերջիններիս կողմից ընդունված եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերից բխող իրավունքների եւ պարտավորությունների կրողը պետությունն է՝ Հայաստանի Հանրապետությունը:
17.11.2021թ. թիվ ՀՕ-353-Ն օրենքով ընդունվել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով մարզպետի կարգավիճակ ունեցող Երեւանի քաղաքապետի, Երեւան քաղաքի շրջանային խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների, Երեւանի քաղաքային խորհուրդների կողմից ընդունված եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու, լրացնելու, ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակվել է Երեւանի քաղաքապետին:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից բարձրացված խնդիրը համայնքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների իրավահաջորդության հարցի կարգավորման մասին, ինչպես նաեւ առաջնորդվելով Տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 25.05.2021թ. թիվ ԿԱ/91-2021 արձանագրության 1.2-րդ կետի պահանջով՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելով՝ տեղական՝ շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու, ինչպես նաեւ դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորությունները պատվիրակել համայնքների ղեկավարներին:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 5.2-րդ բաժնում նշված է, որ Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է անձանց խախտված իրավունքների դիտարկումը, մարդու իրավունքների երաշխավորման ինստիտուցիոնալ եւ համակարգված քաղաքականության շարունակական իրականացումը: Նախագծի կապը ծրագրի հետ կայանում է նրանում, որ Նախագծի ընդունումը առնչվում է քաղաքացիների իրավունքների իրականացմանը, մասնավորապես, նման կարգավորման բացակայության պայմաններում տարիներ շարունակ ստեղծվել են խոչընդոտներ համապատասխան որոշումներով քաղաքացիներին տրամադրված իրավունքների իրացման համար, քանի որ նշված ակտերը վերաբերում են քաղաքացիների գույքային իրավունքներին եւ դրանցով սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգություն ընդունելու, գույքը օտարելու եւ գույքը օգտագործելու, տիրապետելու կամ տնօրինելու հետ առնչվող այլ հարաբերություններ առաջանալիս ի հայտ են եկել խոչընդոտներ՝ Նախագծով նշված մարմինների իրավահաջորդության հարցի կարգավորված չլինելու պատճառով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում