Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ նախադասությամբ.՝ «8. Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից ստանում են նպատակային ֆինանսավորում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրել հետեւյալ շարադասությամբ.՝ «3. Պետությունը հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոներում սովորող երեխաներին ապահովում է դասագրքերով եւ ուսումնասության համար անհրաժեշտ այլ նյութերով:»:
Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրացման համար լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու եւ կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
2014 թվականից կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվել է բարձրացված չափաքանակներով, ինչը սահմանված է նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասով: Սակայն առկա իրավիճակը փաստում է, որ հատկացվող ֆինանսավորումը հիմնականում ուղղվել է մասնագետների վարձատրությանը, եւ բավարար ուշադրության չի արժանացել երեխաների անհատական կարիքներին համապատասխան խելամիտ հարմարեցումների ստեղծման գործընթացը:
Բացի այդ, այս կարգավորումից դուրս է մնացել նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացը:
2022 թվականի մարտի 3-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի 35-րդ հոդվածի 3.1 մասը սահմանում է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», իսկ նախադպրոցական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նպատակային ֆինանսավորման հարցը դեռեւս կարգավորված չէ օրենքով:
Հարկ է նշել, որ «Կրթության մասին» օրենքով կարգավորված չէ նաեւ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատութունների սովորողներին՝ հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով ապահովելու հարցը: Բացի այդ օրենքը սահմանում է, որ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաները ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով, սակայն հստակեցված չեն պարտականությունները եւ հասկանալի չէ, թե ով է պարտավոր ապահովելու վերը նշվածը: Գործնականում արձանագրվել է մի իրավիճակ, երբ տեսողության խնդիր ունեցող երեխաների դասագրքերը եւ կրթական նյութերը ձեռք են բերվել բարերաների եւ բարեգործական կազմակերպությունների միջոցներով եւ դրանց համար պետական միջոցներից ֆինանսավորում չի հատկացվել:
Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով (29 նոյեմբերի 2021 թ. N 81-Ն) հաստատված Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնում է հրատարակված դասագրքերով ապահովելու համար անհրաժեշտ հայտերի ձեւավորման եւ դասագրքերի շրջանառության գործընթացը՝ ներառյալ Բրայլյան դասագրքերը եւ տետրերը՝ ՀՀ պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցներով:
Չնայած վերը նշվածին, Բրայլյան դասագրերի տպագրության եւ ուսումնառության համար անհրաժեշտ նյութերով հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններն ապահովելու պետության պարտավորությունն ամրագրված չէ օրենքով:
Նկատի ունենալով վերը նշվածը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ 2021-2026 թվականների ծրագրով ՀՀ կառավարությունը առանցքային է համարում Կրթության բոլոր մակարդակների համար ներառական կրթական միջավայրի ստեղծումը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացում կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացում կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես ՝
- սահմանել պետական պարտավորություն նաեւ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատութունների բոլոր դասարանների սովորողներին՝ պետական միջոցների հաշվին հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու համար,
- սահմանել, որ նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից ստանում են նպատակային ֆինանսավորում,
3. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում կստեղծվեն իրավական հիմքեր հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատութունների բոլոր դասարանների սովորողներին՝ պետական միջոցների հաշվին դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով ապահովելու, ինչպես նաեւ նախադպրոցական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից նպատակային ֆինանսավորում ստանալու համար:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
28.06.2022
ՀՀ ԱԺ նախագահ
պարոն Ալեն Սիմոնյանին
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Զարուհի Բաթոյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով օրինագիծը դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝ Զարուհի Բաթոյան