Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 43-րդ պարբերությունում՝«հինգհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ հասցեում ՀԴՄ-ներով արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է պետական եկամուտների կոմիտեն:» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 44-րդ պարբերությունում՝ «հազարապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ հասցեում ՀԴՄ-ներով արձանագրված շրջանառության 1 տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է պետական եկամուտների կոմիտեն չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի եւ հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47-րդ պարբերությամբ.
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 17.3րդ մասով նախատեսված ցուցանակի վնասման, թաքցնելու կամ դրա տեսանելիությունը նվազեցնելու կամ խոչընդոտելու դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 188-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո կրկին իրականացված ստուգմամբ չկատարելը՝
«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի իրացման շրջանառության 0.5 տոկոսի չափով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման առարկան
Նախագծերի կարգավորման առարկան վառելիքի շուկայում լցակայանների նկատմամբ տուգանքի արդարացի բաշխման համակարգի կիրառումն է՝ լցակայանի տվյալ հասցեում խախտման դեպքով պայմանավորված եւ լցակայանների կողմից իրականացվող թերլցումներից սպառողների իրավունքների պաշտպանությունը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու անհրաժեշտությունն առաջացել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենսգրքի առկա հոդվածները պատշաճ կերպով չեն կարգավորում հեղուկ գազի, բնական գազի, բենզինի ու դիզվառելիքի սպառողների եւ վերը նշված վառելիքի տեսակները մատակարարողների միջեւ իրավահարաբերությունները: Մասնավորապես՝ ստուգաչափված չափման միջոցներով չապահովելու եւ (կամ) չափագիտական կանոնները, նորմերը խախտելու դեպքում վարչական տույժի նշանակման չափն ու վերջինիս նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում նախատեսված արարքը կրկնելու դեպքում կրկնակի տույժի չափը, ըստ էության, իրենցից ենթադրում են անհամաչափ կարգավորումներ՝ հաշվի առնելով տնտեսվարողների շրջանառության ծավալների տարբերություններն ու սպառողներին դրանցից բխող պատճառված վնասի չափը:
Ի լրումն, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասում առկա կարգավորման մեխանիզմների համաձայն՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը չի կատարվում անհրաժեշտ մակարդակով, քանի որ սպառողները հեղուկ գազի, բենզինի, բնական գազի եւ դիզվառելիքի լցակայաններից օգտվելիս չունեն հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ եւ լցակայանների՝ նախկինում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկանալու հնարավորություն: Այսպիսով, տվյալ ոլորտում պատշաճ հանրային վերահսկողություն իրականացնելու առումով օրենքի առկա կարգավորումներն ամբողջական չեն:
Վերոնշյալ խնդիրները կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել մի շարք օրենսդրական փոփոխություններ:
Անհրաժեշտություն է առաջացել անցնել տուգանքի սահմանման առավել արդարացի բաշխման համակարգի, համաձայն որի՝ առաջարկվում է տուգանքը սահմանել կազմակերպության այն հասցեի/հասցեների վրա, որոնք կատարել են տվյալ խախտումը: Իսկ խախտման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ տվյալ հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի շրջանառության 0.5%-ի չափով: Անհրաժեշտ է նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարել լրացումներ, ըստ որի՝ լցակայանների կողմից թերլցման դեպք հայտնաբերելու դեպքում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը մեկ ամիս ժամկետով փակցնում է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ցուցանակ: Բացի այդ, օրենքի նախագծով տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող QR կոդեր:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարել փոփոխություններ եւ լրացումներ նպատակ ունենալով օրենքները համապատասխանեցնել առկա իրավիճակին եւ մարտահրավերներին:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանի եւ նույն հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի կողմից:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Վերը նշված փոփոխությունները կապահովեն լցակայանների շրջանում տուգանքների սահմանման առավել արդարացի բաշխման համակարգ, որի միջոցով տուգանք կսահմանվի կազմակերպության այն հասցեների նկատմամբ, որոնք կատարել են տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:
Հաջորդ կարգավորմամբ թերլցման փաստն արձանագրելուց եւ համապատասխան տուգանքը վճարելուց բացի տնտեսվարողների բաշխիչ կայաններիի վրա վարորդին տեսանելի հատվածում փակցվելու է «ՄԵՆՔ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԵՆՔ ԹԵՐԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» գրառմամբ ցուցանակ: Նման կարգավորումը միտված է տնտեսվարողի կողմից հնարավոր խախտումներ իրականացնելու կանխարգելմանը:
Մյուս փոփոխության միջոցով սպառողները կկարողանան, լցակայանից օգտվելիս QR կոդերի միջոցով մուտք գործել համակարգ եւ ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը, որի արդյունքում սպառողները կտիրապետեն լցակայանների գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը: Փոփոխությունները հնարավորություն կտան իրականացնել սպառողների իրավունքների անհրաժեշտ մակարդակով պաշտպանություն, ինչպես նաեւ կբարձրացնեն տնտեսվարողների գործունեության թափանցիկության մակարդակը: