Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-326-01.07.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 343-րդ հոդվածի 5-րդ մասի 4.1-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.1) հսկիչ գնման արդյունքում՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու  խախտումներ հայտնաբերելու դեպքում.»:

Հոդված 2. Օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների եւ հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության եւ (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման, ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման, «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաեւ արժութային գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ):»:

Հոդված 3. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասում «ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված եւ Կառավարության սահմանած կարգով ներկայացվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 419-րդ հոդվածի՝

1. 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում համալիր հարկային ստուգման ակտի կամ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ համալիր հարկային ստուգման ակտի նախագծի կամ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:».

2. 10-րդ մասում «վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ չունենալու կամ այդ գործիքների միջոցով վճարումներ չընդունելու» բառերը փոխարինել «վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու» բառերով.

3. 11-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մինչեւ հաջորդ հսկիչ գնման ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված խախտումը կատարելը:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում 2023 թվականի  հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծերի նպատակն է՝

1) հարկային մարմնին հնարավորություն ընձեռվի, որպեսզի ընթացիկ հսկողության գործիքակազմով (մասնավորապես՝ հսկիչ գնման ուսումնասիրությամբ) պատշաճ հսկողություն սահմանվի նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքերի նկատմամբ.

2) Հնարավորություն նախատեսել շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպիչների կողմից խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն անկանխիկ եղանակով իրականացնելու պահանջները խախտելու դեպքում կիրառել պատասխանատվության միջոց:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ա. Ներկայումս, ՀՀ 2022 թվականի հունվարի 18-ի «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-20-ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) հսկիչ գնման ուսումնասիրությամբ հարկային մարմնի կողմից կարող են բացահայտվել միայն սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ չունենալու կամ այդ գործիքների միջոցով վճարումներ չընդունելու դեպքերը, իսկ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքերի բացահայտումը վերապահվել է բացառապես համալիր հարկային ստուգման շրջանակներին, այնինչ կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումների չպահպանելու հանգամանքը կարող է բացահայտվել նաեւ հսկիչ գնման ուսումնասիրության շրջանակներում, որն առավել ճկուն եւ կանխարգելիչ բնույթ կրող գործիք է, սակայն Օրենքով հսկիչ գնման ուսումնասիրությանը չի վերապահվել այդ խախտումների բացահայտումը:

Բ. Բացի այդ, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում 2022թ մայիսի 25-ին իրականացված փոփոխություններով շահումով խաղերի կազմակերպիչների համար սահմանվեց պարտավորություն խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը իրականացնել միայն անկանխիկ եղանակով: Նույն օրենքով, օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները սահմանող հոդվածով ստացվել է, որ խաղանիշների փոխանակումը անկանխիկ եղանակով չիրականացվելու դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Մինչդեռ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պատասխանատվությունը հնարավոր է կիրառել միայն վերաբերելի մասով, իսկ խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը կանխիկ եղանակով իրականացնելու դեպքում, ըստ էության, պատասխանատվության միջոց սահմանված չէ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է՝

1) սահմանել, որ՝ գնման ուսումնասիրության նպատակներից կարող է լինել նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու դեպքերը, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքերի հաշվարկման կարգը.

2) խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը անկանխիկ եղանակով չիրականացնելու դեպքում հստակեցնել պատասխանատվության հոդվածը եւ նշված խախտման պատասխանատվության միջոցը ներառել նաեւ տուգանքի հոդվածում՝ դրա համար սահմանելով երկու հարյուր հազար դրամ տուգանք յուրաքանչյուր դեպքի համար:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հսկիչ գնման ուսումնասիրության շրջանակների հստակեցումն ու ընդլայնումն է եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում առկա վրիպակի շտկումը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները բացահայտումը եւ կանխարգելումը կատարել հարկային վարչարարության ընթացիկ հսկողության գործիքակազմով, շտկել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում առկա վրիպակը:

7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը ընդհանուր առմամբ բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թ ծրագրի 6.9-րդ կետից, որով նախատեսված է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասցնելու ստվերային տնտեսությունը: Միաժամանակ հարկային մարմինը գործելու է այնպես, որ հարկ վճարողները չկարողանան եւ չձգտեն թաքցնել հարկերը: Այդ նպատակին հասնելու համար ընդլայնվելու են հարկային եւ մաքսային հսկողությանը նպաստող տեղեկությունների ստացման եւ արդյունավետ օգտագործման հնարավորությունները:

8. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին»  օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն