«Սույն օրենսգրքով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ենթակայությանը վերապահված, սակայն մինչեւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը (սույն մասում այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելը հարուցված քրեական գործերով նախաքննությունն իրականացնում են այն մարմինները, որոնք մինչեւ Օրենքն ուժի մեջ մտնելը նշված գործերով իրականացրել են նախաքննություն, բացառությամբ այն գործերի, որոնք Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից Օրենքով սահմանված կարգով՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնվել են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նշված գործերը կարող է այդ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նախաքննություն իրականացրած մարմնի գործունեությունը դադարեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը վերը նշված գործերով վարույթը շարունակելը հանձնարարում է քննչական կոմիտեին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի վարույթներով քննչական ենթակայության, գործերի բաշխման հետ կապված հարցերը հստակեցնելու եւ տարընթերցումները բացառելու նպատակով, կոռուպցիոն ենթադրյալ հանցագործությունների նախաքննությունը պատշաճ եւ որակյալ իրականացնելու հրամայականով պայմանավորված մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ նաեւ՝ Նախագիծ):
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
Նախագծի ընդունումը պայմանավորված չէ ռազմավարական նշված փաստաթղթերով:
3. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով եւ սույն օրենսգրքով:
Առկա օրենսդրական կարգավորման պարագայում բացառվում է քրեական վարույթի շրջանակներում որեւիցե այլ իրավական ակտի կիրառումը: Մինչդեռ ներկայումս որոշ օրենսդրական կարգավորումներ ամրագրված են նաեւ օրենքների մակարդակում: Դիցուք՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածը կարգավորում է կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի՝ ըստ ենթակայությունների բաշխման հարցը: Ընդ որում նույն հոդվածի 24-րդ մասն ամրագրում է, որ մինչեւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը այլ քննչական մարմիններում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերը (նյութերը) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է այդ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին:
Կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի բաշխման նման կանոնների նախատեսումը, այն է՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց՝ հոկտեմբերի 23-ից հետո գործերի վերաբաշխումը միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ իրականացնելը, նպատակ է հետապնդել ապահովել պատշաճ, համակողմանի եւ անաչառ նախաքննության կատարման համապատասխան պայմաններ:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով նախատեսված համապատասխան կարգավորումների կիրառությունն ապահովելու եւ քրեական գործերի վարույթներով քննչական ենթակայության, գործերի բաշխման հետ կապված հարցերը հստակեցնելու եւ տարընթերցումները բացառելու նպատակով:
4. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է Նախագիծ, որով նախատեսվում է, որ մինչեւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված եւ այլ քննչական մարմինների վարույթում գտնվող՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը ենթակա քրեական գործերով նախաքննությունը շարունակում է կատարվել նույն քննչական մարմնի կողմից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազը նշված գործերը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել է հակակոռուպցիոն կոմիտեին:
Նախատեսվել է նաեւ, որ խնդրո առարկա գործերը կարող են փոխանցվել Հակակոռուպցիոն կոմիտեին բացառապես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ:
Հիմք ընդունելով հետագայում նախաքննության որոշ մարմինների գործունեության դադարեցման փաստը՝ նախատեսվել է այդ դեպքում համապատասխան գործերը ՀՀ գլխավոր դատախազի կողմից Քննչական կոմիտեին փոխանցելու կառուցակարգ:
5.Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել կոռուպցիոն բնույթի վերոհիշյալ գործերի արդյունավետ, բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, պատշաճ եւ բարձր որակի քննությունը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
01.07.2022թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,
Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Արփինե Դավոյանն է:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող նախագիծը, դրա ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ օրենսգրքում առաջարկվող լրացման վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Պատգամավորներ՝ | Արփինե Դավոյան |
Վլադիմիր Վարդանյան |