Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-333-07.07.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝ էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի եւ օր-առաջ շուկաներում վաճառված եւ գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունը իրական ժամանակում՝ միեւնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված եւ ստացված (ներառյալ՝ ներկրված եւ արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 20.1) կետով.

«20.1) հաշվեկշռման ծառայություն՝ հաշվեկշռող էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով շուկայի կանոններով սահմանված կարգով մատուցվող ծառայություն:»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ի» կետով.

«ի)  հաշվեկշռման ծառայության մատուցման բացառիկ իրավունք եւ պարտավորություն վերապահել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձին, որն Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի դրական եզրակացության հիման վրա հնարավորություն ունի էլեկտրաէներգետիկական շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն:»:

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.4 եւ 1.5  կետերով.

«1.4. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձին բացառիկ իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն հետեւյալ գործառույթներով.

1) հաշվեկշռման շուկայում կատարել հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առեւտուր,

2) շուկայի կանոնների համաձայն էլեկտրական էներգիա գնել եւ վաճառել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի այլ հատվածներում,

3) շուկայի կանոնների համաձայն արտահանել եւ ներկրել էլեկտրական էներգիա,

4) լիցենզիայի պայմաններով եւ շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթների իրականացման իրավունք:

1.5. Էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձը ենթարկվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական հրահանգներին:»:

Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 2022թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն: Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի այդ առանձնահատկությամբ  պայմանավորված՝  անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարելու «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես՝ օրենքով սահմանել ինչ է հաշվեկշռման ծառայությունը, այն մատուցելու իրավունք ունեցող անձանց եւ ծառայության մատուցման սկզբունքները: Հաշվեկշռման ծառայության մատուցումն անհրաժեշտ է շուկայի մասնակիցների կողմից նախապես պլանավորած էլեկտրաէներգիայի գնման եւ վաճառքի չափաքանակներից տարբեր հանգամանքներով պայմանավորված տեղի ունեցող շեղումների առաջացման դեպքում շուկայի մասնակիցների հարաբերությունները կարգավորելու նպատակով:

Բացի այդ, ներկայում լայն տարածում գտած էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցումը հիմնականում իրականացվում է էլեկտրաէներգիան սպառողի կողմից այլ անձի փոխանցման եղանակով: Նշված գործընթացի, այն է փոխանցման հիմքերը ամրագրելու նպատակով անհրաժեշություն է առաջացել լրացում կատարելու «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում:

2. Նախագծի մշակման փուլում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

3. Ակնկալվող արդյունքը

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առեւտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները եւ սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման դեպքերը:

4. Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից (մինչեւ 2040 թվականը) եւ այլ ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱՊՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն