Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-334-11.07.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածը 5-րդ մասից հետո լրացնել նոր՝ 5.1-ին եւ 5.2-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբի) հանդես գալու համար եւ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը դիմում է սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին, որը մեկ ամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1-ին մասին եւ միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից՝ սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջնորդությունը ստանալուց հետո՝ մեկ ամսյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը 11-րդ մասից հետո լրացնել նոր՝ 11.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11.1. Որպես օտարերկրյա քաղաքացի որեւէ մարզաձեւի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որեւէ տարիքային խմբի) հանդես գալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած եւ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրած անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ սպորտի բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի միջնորդությունը ստանալուց հետո՝ մեկ ամսյա ժամկետում:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքը գործում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: